Sunday, May 31, 2009

Լրագրողը փորձել է խախտում կատարել














Ինչպես Aysor-ի հետ զրույցում հայտնեց Շենգավիթ համայնքի 11/28 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արա Գալստյանը` տեղամասում մինչ ժամը 15:00-ը գրանցվել է միայն մեկ միջադեպ: Նրա խոսքերի համաձայն` ընտրատեղամաս է մտել «Տարեգիր» թերթի լրագրող Գայանե Առուստամյանը և առանց թույլտվության փորձել է նկարել ընտրողներից մեկի քվեարկություն կատարելը:

Ա. Գալստյանը նշեց, որ լրագրողին զգուշացրել են իր կատարած իրավախախտման մասին, և ընտրություններն այս տեղամասում շարունակվել են խաղաղ ընթանալ:

Տեղեկացնենք, որ Շենգավիթ համայնքի 11/28 ընտրատեղամասում ժամը 15:10-ի դրությամբ ընտրություն արդեն կատարել էր 1000 ընտրող:

Նշենք նաև, որ Շենգավիթ համայնքի 11/28 և 11/27 ընտրատեղամասերը գտնվում են միևնույն դպրոցում:

Թիվ 11/27 տեղամասում ժամը 15:10-ի դրությամբ ընտրություն կատարել էր 800 քաղաքացի: Այս տեղամասում որևէ միջադեպ և ընտրախախտում տեղի չի ունեցել:

31.05.2009, 15:36

Aysor.am

Տատիկը չէր հավատում հանձնաժողովի նախագահին

«Ես ոչ մեկիդ չեմ հավատում: Դուք ինձ խաբում եք», - Կենտրոն համայնքի 9/17 տեղամասի անկախ դիտորդի և ընտրահանձնաժողովի նախագահի հետ վիճում էր մոտ 70-ամյա մի տատիկ:

Նշենք, որ տատիկն իր ակնոցները մոռացել էր տանը և չէր կարողանում կարդալ ընտրաթեթիկի վրայի գրվածը: Նրան փորձել էր օգնել անկախ դիտորդը, որն էլ իր հերթին ակնոցները չէր բերել, իսկ հանձնաժողովի նախագահին տատիկը «չէր հավատում»:

Խուճապի մատնված տատիկը միայն հավատաց Aysor-ի թղթակցին: Նա հայտնեց իր նախընտրած թեկնածուի անունը, համոզվեց և նույնիսկ թույլ տվեց, որ իրեն օգնեն համապատասխան նշում կատարելու համար:

Ինչպես Aysor-ի հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Աիդա Ղազարյանը` մինչ այս ժամը (Aysor` 11:30) «դեռ ոչ մի միջադեպ չի գրանցվել, բոլոր ընտրողները հանգիստ գալիս, իրենց ընտրությունը կատարում են»:

Ա. Ղազարյանը տեղեկացրեց, որ տեղամասի 1 649 ընտրողներից 280-ը արդեն կատարել են իրենց ընտրությունը:

Ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի վստահված անձիք էլ միաձայն փաստեցին, որ այս ընտրատեղամասում ոչ մի միջադեպ և ընտրախախտում դեռ չի գրանցվել:

31.05.2009, 12:14

Aysor.am

«Հին մասրենին» բանաստեղծուհու սիրո տառապնքի մասին է

«Գիրքը խորհրդանշում է անցյալիս կատարած բացթողումներն ու սխալները, որոնք տարիներ հետո տառապնքի աղբյուր են հանդիսացել: Այն ոչ միայն իմ և շրջապատումս գտնվող մարդկանց կյանքի վերարտադրությունն է, այլ հենց կյանքն է»,- Aysor-ի հետ զրույցում հայտնեց Ռ. Կաշխչյանը, ում «Հին մասրենի» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Նարեկացի Արվեստի միությունում:

Գրքում հիմնականում սիրո թեմայով բանաստեղծություններ են: Բանաստեղծուհու խոսքերով, եթե կա սեր, կա նաև ընտանիք, որը հիմքն է հայրենասիրության, ազգասիրության և ամեն ինչի:

«Իմ տարիքին ոչ հարմար, շատ երիտասարդական զգացումներով գրված բանաստեղծություններ են»,- կատակում է բանաստեղծուհին:
Գրքում նկարագրված են «չվայելած սիրո տառապանքը հերոսի, ով սիրել է, փորձել է հասնել իր սիրո օբյեկտին, և եթե մի փոքր պատառիկ էլ վայելել է սերը, ապա դա այնքան կարճ է տևել, որ ինքը մինչև ուշքի է եկել, արդեն ամեն ինչ կորցրել է և ոչինչ չի հասկացել»:

«Ես կուզենայի, որ գրքի ընթերցողն այս սխալների վրա կառուցեր իր ճիշտ ապագան»,- ընդգծեց բանաստեղծուհին և հավելեց. «Եթե ես իմ ջահել տարիներին կարողանայի ուրիշի սխալները տեսնել, հասկանալ, ես դրանով կարող էի ավելի ճիշտ կառուցել իմ ապագան»:

«Հին մասրենին» Կաշխչյանի երկրորդ ժողովածուն է: Առաջին ժողովածուն լույս է տեսել 2002 թ-ին «Կարոտ» վերնագրով:

Ռ. Կաշխչյանը ստեղծագործելիս զբաղվում է այգեգործությամբ: Նշենք, որ բանաստեղծուհին Պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ է և ներկայումս աշխատում է` որպես գյուղատնտես:

«Այս գիրքը ես գրել եմ ոչ թե ինձ համար, այլ ձեզ համար»,- կարևորելով ընթերցողի դերը հեղինակի կյանքում` նշեց Ռ. Կաշխչյանը:

30.05.2009, 22:12

Aysor.am

Բացվեց Արամ Մանուկյանի կիսանդրին

Այսօր ՀՀ Ոստիկանության շենքի դիմաց տեղի ունեցավ Հայաստանի ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի կիսանդրու բացումը` նվիրված հայորդու 130-ամյակին: Կիսանդրու բացումը վերապահված էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին:

Բացման արարողությանը ներկա էին նաև Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ գերատեսչությունների ղեկավարներ, Հայ առաքելական եկեղեցու Արարտյան հայրապետական թեմի առաջնորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, հոգևորականներ, ինչպես նաև` ոստիկանության աշխատակիցներ:

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օրհնական աղոթք կարդաց: Նա նշեց, որ «կիսանդրին մշտանորոգ ներշնչման աղբյուր պետք է դառնա ոստիկանության համակարգի ազնիվ ծառայողների համար»:

«Կան անուններ, որոնց մասին խոսել, նշանակում է ընդգրկել պատմական մի ամբողջ ժամանակաշրջան` նրա մեջ ներառելով մի ողջ ժողովրդի պատմություն»,- ընդգծեց ոստիկանապետ Ա. Սարգսյանը և հավելեց. «Արամ Մանուկյանը եղավ անկախության գաղափարի մեծագույն դեմքը, ազգային գաղափարների իրականցման և պատմական դեպքերի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող հայորդին, որն իր ժողովրդի երազանքի ոգեկոչողն է ու նահատակը, մարդ, ում մեծագույն երախտիքին, սակայն, մենք արժանին դեռևս չենք հատուցել»:

Տեղեկացնենք, որ Արամ Մանուկյանի կիսանդրու հեղինակն է քանդակագործ Լևոն Թոքմանջյանը: Կիսանդրու ստեղծման նախաձեռնությունը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանինն է:

Ներկաները` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին կիսանդրու, ինչպես նաև` ոստիկանության շենքի դիմաց գտնվող «Իրավակարգի զինվորին» հուշահամալիրի առաջ:

30.05.2009, 16:27

Aysor.am

Հայաստանի հայտնի մարդիկ երեխաների կողքին են














«Երգիչների, դերասանների մասնակցությունը կենտրոնի աշխատանքներին ոչ թե մասնագիտական է, այլ հավատի արտահայտում, որ մենք մեկ ընտանիք ենք, և յուրաքանչյուր երեխա պետք է մեր հոգածության կենտրոնում լինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը, ով Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի «Բարեկամների խորհրդի» անդամ է:

Հիշեցնենք, որ Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի «Բարեկամների խորհուրդը հունիսի 2-ին` երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, Հաղթանակի զբոսայգում կազմակերպելու է «Լավագույնը երեխաների համար» բարեգործական ակցիա, որին մասնակցելու են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները:

«Մեր երեխաները մեր ապագան են և մենք պետք է կարողանանք ստեղծել լավագույնը մեր երեխաների համար»,- ընդգծեց Ա. Գրիգորյանը, ով նշեց, որ իր երեխաները միայն այն երեքը չեն, որ ունի, այլ բոլոր հայ երեխաները:

Ա. Գրիգորյանի խոսքերով, հենց այդ սկզբունքով էլ Հայաստանի բազմաթիվ հայտնի մարդիկ` գործարարներ, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, մասնակցում են Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի կողմից իրականացնվող այս կարևոր և նվիրական գործին:

«Մեր խնդիրը ոչ միայն դրամ հայթայթելն է, այլ այդ երեխաների շրջապատում լինելը»,- ընդգծեց ասուլիսին ներկա երգչուհի Նադեժդա Սարգսյանը:

Ն. Սարգսյանի խոսքերով, շատ հայտնի և զբաղված մարդիկ, իրենց ժամանակը տրամադրում են ոչ միայն մեծ միջոցառումներին մասնակցելուն, այլ շաբաթական գոնե մեկ օր լինելու կենտրոնի երեխաների հետ: Նա պատմեց, որ կենտրոնի երեխաներից մեկն, օրինակ, «առանց Նազենիի չի կարողանում մնալ»:

«Իրենց հետ անմիջական շփումներն են, որ այդ երեխաներին հույս ու հավատ են ներշնչում»,- փաստեց դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:

Ն. Հովհաննիսյանը նշեց, որ կենտրոնի երեխաներն իրենց հասարակության լիարժեք անդամ զգալու համար, կարիք ունեն այդպիսի` առօրեական շփումների:

«Սական, ցավոք սրտի, մեր հասարակությունում չկա այնպիսի մշակույթ, որ, օրինակ, հայտնի մարդիկ կամ միայնակ կանայք երեխաներ որդեգրեն, ինչին խանգարում է կաղապարային մտածողությունը»,- կարծում է Ն. Հովհաննիսյանը, ում խոսքերով, ինքն անձամբ երեխա կորդեգրեր, եթե չլիներ այդ «կարծրացած» մտածողությունը:

Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը վկայեց, որ կենտրոնի «Բարեկամների խորհրդի» անդամներն են Հայաստանի բոլոր հայտնի արվեստի գործիչներն ու գործարարները:

29.05.2009, 18:52

Aysor.am

Օժանդակություն` կյանքի դժվար պայմաններում հայտնված երեխաներին

«Աշխատում ենք կյանքի առավել ծանր պայմաններում հայտնված երեխաների համար, նրանց, ում կյանքին վտանգ է սպառնում, ով չի կարող ապրել իր ընտանիքում, ով հայտնվել է փողոցում, ով լքվել է ծնողների կողմից, ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնությունների, ով կրթական համակարգից դուրս է մնացել, ով խնդիրներ ունի օրենքի հետ»,- հայտնեց Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Մ. Անտոնյանը տեղեկացրեց, որ Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնը գործում է 2000 թ-ից և մինչ օրս սպասարկել է մոտ 5000 երեխաների, այդ թվում` միայն 800-ին անցյալ տարվա ընթացքում, ովքեր կենտրոն են եկել Հայաստանի տարբեր մասերից, մերձավոր Սփյուռքից, Աբխազիայից, Ռուսաստանից:

«Սա ոչ թե մի փոքրիկ նվիրատվության տրամադրում է, այլ աշխատանք է երեխայի և նրա ընտանիքի հետ, որից հետո նրանց ճակատագիրը փոխվում է դեպի լավը»,- ընդգծեց Մ. Անտոնյանն ու նշեց, որ կենտրոնը երեխաների պաշտպանությամբ զբաղված է տարվա 365 օրերին, օրեկան 24 ժամ` առանց հանգստյան օրերի և ժամերի:

Շատ դեպքերում կյանքի դժվարին պայմաններում հայտնված անչափահաս երեխաներն ապաստանում են կենտրոնում այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել նրանց խնդիրների լուծումը: Կենտրոնի տնօրենի խոսքերով, կենտրոնի աշխատակիցներն ամեն ինչ անում են, աշխատում են երեխաների ընտանիքների հետ, որպեսզի երեխային վերադարձնեն ընտանիք:

Այս նպատակով կենտրոնն առաջարկում է բազմաբնույթ աջակցություններ ու ծառայություններ` յուրաքանչյուր դեպքի համար: Մ. Անտոնյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի իրենց կենտրոն եկած երեխաների 65 տոկոսը վերադրաձվել են սեփական, կայուն ընտանեկան միջավայր, միայն 35 տոկոսին է, որ ստիպված են եղել տեղավորել տարբեր հաստատություններում, այդ թվում` մանկատներ, վարքային դժվարություններ ունեցող երեխաների համար գիշերօթիկ դպրոցներ և այլն:

Մ. Անտոնյանը նշեց նաև, որ շատ են այն ընտանիքները, որոնք պատրաստակամություն են հայտնում` ուրիշի երեխաներին պահելու: Ներկայումս կենտրոնում գրանցված են 300 այդպիսի ընտանքիներ, որոնցից 30-ն արդեն խնամքի տակ երեխա ունի:

Անդրադառնալով մուրացկանությամբ և թափառաշրջությամբ զբաղվող երեխաներին` Մ. Անտոնյանը նշեց, որ այդպիսի երեխաների թիվը մոտ 10 անգամ նվազել է, սակայն դեռևս շատ են օժանդակության կարքի ունեցող այնպիսի երեխաները, ովքեր խնդիրներ ունեն դպրոցում, հասակակիցների հետ, փողոցում: Նա վստահ է, որ կենտրոնի առավել ակտիվ և բազմակողմանի աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի բացահայտել ավելի մեծ թվով օգնության կարիք ունեցող երեխաների:

Տեղեկացնենք, որ կենտորնի օժանդակությանը դիմելու և անապահով ու կյանքի դժվար պայմաններում հայտնված երեխաների մասին տեղեկացնելու համար գործում է թեժ գիծ, որի հեռախոսահամարներն են 24-15-80` Երևանում և 0-800-61-111` ողջ Հանրապետության տարածքում:

29.05.2009, 20:20

Aysor.am

«Լավագույնը երեխաների համար» ակցիա` նվիրված կարիքավոր երեխաներին














«Հասարակության մեջ հայտնի մարդիկ, արվեստագետները, հայկական արտադրողները, հասարակական կազմակերպությունները հունիսի 2-ին` Հաղթանակի զբոսայգում` Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի հետ համատեղ, իրականացնելու են «Լավագույնը երեխաներին» բարեգործական ակցիան»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպում է Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի «Բարեկամների խորհուրդը», որը ստեղծվել է 2006 թ-ի աշնանը` Հայաստանի երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանի նախագահությամբ:

Մ. Անտոնյանը նշեց, որ հունիսի 2-ի միջոցառումը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջին մասում` ժամը 16-ից Հաղթանակի զբոսայգում հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները վաճառելու են հայկական արտադրողների ապրանքները` պաղպաղակ, քաղցրավենիք, հրուշակեղեն, հյութեր և այլն, ինչն ուղեկցվելու է կրկեսային և սպորտային համարների ցուցադրությամբ:

«Արտադրողներն իրենց արտադրանքը տրամադրել են անվճար, իսկ սիրված երգիչ-երգչուհիները, դերասանները, հաղորդավարները, շատ հայտնի հասարակական գործիչներ, հագնելով գոգնոցներ, պարզապես որպես վաճառողներ են հանդես գալու: Այդ ամբողջի նպատակն է` որքան հնարավոր է շատ միջոցներ հավաքել` այդ կարևոր գործին ծառայեցնելու համար»,- մանրամասնեց ասուլիսին ներկա, կենտրոնի «Բարեկամների խորհրդի» անդամ, դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:

Միջոցառման երկրորդ մասում շոու բիզնեսի ներկայացուցիչների և տարբեր պարային խմբերի մասնակցությամբ կկազմակերպվի տոնական համերգ, որը կավարտվի հրավառությամբ:

Տեղեկացնենք, որ Միջոցառումը կազմակերպվում է արդեն երկրորդ տարին` նվիրված երեխաների պաշտպանության օրվան: Միջոցառման նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել դժվար վիճակում հայտնված երեխաների խնդիրներին:

Ակցիայից ստացված հասույթը տրամադրվելու է Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնին` հիշյալ երեխաներին և նրանց ընտանիքներին բազմաբնույթ աջակցություն ցուցաբերելու, մասնագիտացված ծառայություն մատուցելու համար:

29.05.2009, 17:04

Aysor.am

Մեկնարկեց «Մանկության աշխարհ EXPO 2009» ցուցահանդեսը














«Ես ծանոթանում եմ այն ամենին, ինչ ներկայացված է շուկայում երեխաների համար` սկսած հագուստից, կոսմետիկայից, սննդից, զանազան մշակութային հիմնարկություներից: Միանգամից տեղեկատվություն եմ ստանում և ընտրություն եմ կատարում»,- Aysor-ի հետ զրույցում հայտնեց երիտասարդ մի մայր, ով իր երեխայի հետ շրջում էր «Մանկության աշխարհ EXPO 2009» խորագրով երրորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում ներկայացված բազմաթիվ ընկերությունների տաղավարներով:

Տեղեկացնենք, որ «Մանկության աշխարհ EXPO 2009» ցուցահանդեսը մեկնարկել է այսօր` Մոսկվայի տանը: Այն համարվում է մասնագիտական ցուցահանդես` երեխաների և դպրոցականների համար, որի նպատակն է տվյալ ոլորտի զարգացումը, բարձրակարգ արտադրողների և մասնագետների ներգրավումը, երեխաների համար նախատեսված ապրանքների տեսականիով հայաստանյան շուկայի հարստացումը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցրերի մշտական հանձնաժողովի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ:

Ցուցահանդեսին ներկայացված են մանկական կենցաղային իրեր, սնունդ, բժշկական միջոցներ արտադրող ընկերությունները, ինչպես նաև այն ընկերությունները, որոնք զբաղվում են երեխաների ուսուցմամբ և կրթությամբ, հանգստով և զբոսաշրջությամբ և ֆիանանսական ծառայություններ են մատուցում երեխաների համար:

Ցուցահանդեսին մասնակցում են նաև 4 մանկատուն` Հայաստանի տարբեր մարզերից: Մանկատների երեխաները կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները:

Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում նշեց 5-ամյա Մարին` նրան ամենաշատը ներկայացված իրերից դուր են գալիս փուչիկներն ու մանկական պայուսակները:

Տեղեկացնենք նաև, որ ցուցահանդեսը տևելու է մինչև հունիսի 1-ը: Այն ուղեկցվելու է մշակութային ծրագրով, որի ընթացքում հանդես կգան մանկապատանեկան երգի և պարի համույթներ, ինչպես նաև կանցկացվեն զանազան մրցույթներ:

29.05.2009, 13:16

Aysor.am

Ծրագիր` ոչ առևտրային կազմակերպությունների համար














«Սա մի շատ հետաքրքիր ծրագիր է, որը համախմբում է մեր բոլոր աշխատանքները` երկրի ինստիտուցիոնալ ռեֆորմների հետ կապված, և ուղղված է ոչ առևտրային կազմակերպություններին, գիտական համակարգերին, հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին, բոլոր այն կառույցներին, որոնք կանգնած են հասարակության և պետության միջև», - հայտարարեց ՀՀ էկոնոմիակայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը` Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության համատեղ գործողությունների ծրագրի շրջանակներում անցկացվող` ծրագրային աշխատանքների պատրաստմանը նվիրված համաժողովի բացման իր խոսքում:

Վ. Դանիելյանը ներկաներին հիշեցրեց, որ սա առաջին հանդիպումը չէ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի ներքո: Մինչ այս եղել են ևս երեք հանդիպումներ Հայաստանի շրջանային ղեկավարների և ոչ առևտրային ընկերությունների համար:

«Այս անգամ, մենք աշխատանքային մակարդակով ասելիքներ ունենք և ներկայացնելու ենք այն փաթեթները, որից հետո մենք կհայտարարենք մեկնարկն ու առաջին առաջարկությունների ներկայացումը», - հայտնեց նախարարի տեղակալը:

Վ. Դանիելյանը կարևորեց այն, որ ծրագիրը հնարավորություն է տալիս շրջանային համագործակցության` Հայաստանի շրջանների և Սևծովյան համագործակցության երկրների միջև:

Նա նշեց, որ Հայստանը մի քանի երկրների հետ արտահայտում է կոշտ դրքորոշում` պնդելով, որ այս ծրագիրը «պետք է մնա ոչ առևտրային կազմակերպությունների ծրագիր, ռեգիոնալ մակարդակով համագործակցության ծրագիր, որի արդյունքները շատ ավելի արդյունավետ են, քան ուղղակի խնդիրները»:

Ամփոփելով իր ելույթը` Վ. Դանիելյանը կոչ արեց մասնակիցներին մաքսիմալ օգտագործել իրենց տրամադրված ժամանակը, մանրամասն ծանոթանալ փաստաթղթի բոլոր խնդիրներին, բոլոր մանրամասներին:

Նա ընդգծեց, որ էկոնոմիակայի նախարարությունը և Կառավարությունը հետաքրքրված են, որ ծրագիրը լինի արդյունվաետ, և մասնակից հասարակական կազմակերպություները բաժին ունենան ծրագիր տրամադրվող բյուջեում:

29.05.2009, 13:08

Aysor.am

Համագործակցության ծրագիր` Սևծովյան ավազանի երկրների միջև














Այսօր մեկնարկեց Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության համատեղ գործողությունների ծրագրի շրջանակներում անցկացվող ծրագրային աշխատանքների պատրաստմանը նվիրված համաժողովը, որն իրականացվում է Եվրամիության Տարածաշրջանային կարողությունների ձևավորման նախաձեռնության (RCBI) կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:

Համաժողովին, որն անցկացվում է այսօր Եևանում և վաղը Վանաձորում, մասնակցում են հասարակական կազմակերպությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ:

Մասնակիցներին փորձագետները ներկայացնում են Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության համատեղ գործողությունների ծրագիրը, բացատրում են առաջարկություններ ներկայացնելու կանոնները, հայտերի ձևերը, դրա լրացման կարգը, մասնակից երկրներում գործընկերներ գտնելու հնարավոր եղանակները:

Նշենք, որ համաժողովին ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Ծրագրերը կարող են լինել համատեղ և պետք է համապատասխանեն հետևյալ ձևերից մեկին.

• Փոխկապակցված ծրագրեր, երբ գործընկերները ներդրում են կատարում ծրագրի` մասնակից երկրներում իրականացվող տարբեր բաղադրիչներում,
• Համաչափ ծրագրեր, երբ մասնակից բոլոր երկրներում կատարվում են նույն գործողությունները,
• Ծրագրեր, որոնք մեծ մասամբ կամ բացառապես իրականացվում են մեկ գործընկեր երկրում, սակայն դրանից շահում են բոլոր գործընկերները:

29.05.2009, 12:11

Aysor.am

Հաշմանդամ մարդիկ պահանջում են «հասարակություն` բոլորի համար»

«Հասարակությունը բոլորի համար է» կարգախոսով շուրջ 60 հաշմանդամ մարդիկ Հայաստանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի մոտից առավոտյան անվասայլակներով շարժվեցին դեպի Էջմիածին: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նրանց դիմավորելու է Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգրին Բ, ով օրհնական աղոթք կկարդա:

Տեղեկացնենք, որ նման ակցիա «Փյունիկ» հաշմանդամների միությունը կազմակերպում է յուրաքանչյուր տարի: Այն նպատակ ունի հասարակության ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամների խնդիրները:

Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն` Հայաստանում կա մոտ 160 հազար հաշմանդամ մարդ: Հարկ է նշել, որ կառավարությունն ինչ-ինչ միջոցառումներ ձեռնարկել է նրանց հիմնական խնդիրները լուծելու և հասարակությանն ինտեգրելու ուղղությամբ:

Այս աշխատանքներից կարելի է համարել այն, որ վերջին տարիներին կազմակերպված քաղաքաշինությունը, հիմնականում, իրականացվում է հաշվի առնելով հատուկ կարիքներ ունեցող մարդկանց պահանջները: Ըստ այդմ` գետնանցումները, փողոցների մայթեզրերը կառուցվում են հաշմանդամների համար հատուկ գծերով: Որոշ ձեռնարկատերեր աշխատատեղեր են բացում հաշմանդամ մարդկանց համար:

Հարկ է նշել նաև, որ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց խնդիրները բարձրացվում են նաև ԱԺ պատգամավորների կողմից: ԱԺ չորրորդ գումարման հինգերորոդ նստաշրջանի մայիսի 18-21-ը քառօրյայի նիստերից մեկի ընթացքում ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն իր հայտարարությունը նվիրեց հաշմանդամների իրավունքների մասին հիշեցմանը: Նա նույնիսկ խոստացավ, որ հաշմանդամների խնդիրները լինելու են ԱԺ մշտական հանձնաժողովների քննարկման թեմաներից:

Այնուամենայնիվ, շատ հարցեր մնում են առանց լուծումների: Հաշմանդամ մարդիկ չեն կարողանում նույնիսկ օգտվել բնակելի շենքերի վերելակներից, հասարակական տրանսպորտից, մշակութային ու հասարակական այլ վայրեր այցելելու իրավունքից:

28.05.2009, 17:27

Aysor.am

«Հետաքրքրությունն աճել է ընդամենը 5 տոկոսով»

«Ընտրարշավի ժամանակ ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունն աճել է ընդամենը 5 տոկոսով և ազդել է 4.5 տոկոսի որոշման վրա», - հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Ա. Ադիբեկյանի խոսքերով` սա վկայում է, որ մասնագետների ելույթները, լրագրողների տպագրությունները «չեն ձևավորում այնպիսի հասարակական կարծիք, որ ընտրությունների վարքագծի մեջ արմատական փոփոխություններ լինեն»: Նրա կարծիքով, այն մարդիկ, ովքեր դեռ չեն կայացրել որոշում, հիմնականում «լսում են իրենց հարևան-բարևեկամին, և նրանցից շատ քչերը` մասնագետներին, ավելի քիչ մասը` թերթերին»:

«Ես շատ ցավում եմ, որ մեր առաջատար քաղաքական կուսակցությունների կազմի մեջ չկան սոցիալ-հոգեբաններ, որոնք կկարողնանան ճիշտ կողմնորոշել, ճիշտ խորհուրդներ տալ` ճիշտ ելույթներ ունենալու համար», - հայտնեց Ա. Ադիբեկյանը:

Սոցիոլոգն ընդգծեց, որ նույն միտքը տարբեր բառակապակցություններով, բաղաձայների որոշակի թվով արտասանելու դեպքում կարող է ենթագիտակցաբար փոփոխություններ բերել, ինչն այսօր չի կիրառվում:

Ա. Ադիբեկյանն անդրադարձավ նաև ընտրությունների արդյունքների վրա կաշառքի ազդեցության չափին: Նա նշեց, որ կաշառքն առավելագույնս կարող է ավելացնել 10 տոկոս ձայն:

«Այն էլ 10 հոգուն կաշառելու և ցանկալի արդյունք ունենալու համար անհրաժեշտ է ամենաքիչը 30 հոգու կաշառել, քանի որ կաշառվողներից մեկն այդ փողերով տանը նստած խորոված է ուտում, մյուսը գնում է իր գործերով, և միայն մեկն է գնում ընտրության»,- բացատրեց Ա. Ադիբեկյանը:

28.05.2009, 14:43

Aysor.am

«Ընտրողների մոտ կեսը պատկերացում չունի, թե ի՞նչ է ընտրելու»

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց ընտրողների դիրքորոշումների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

«Ընտրողների 25 տոկոսը չի հետաքրքրվում ընտրություններով և չի գնա ընտրությունների, մնացած հետաքրքրվողներից ևս 4 տոկոսը միտումնավոր չի գնա` մերժում է այս ընտրությունները», - հայտարարեց Ահարոն Ադիբեկյանը:

Ա. Ադիբեկյանի ներկայացրած տվյալների համաձայն` ընտրազանգվածի 61 տոկոսից 29-ը հաստատ գնալու է ընտրությունների և չի թաքցնում, թե ում է ձայնը տալու, 17 տոկոսը հաստատ կգնա, բայց չի ասում, թե ում է ընտրելու, 22 տոկոսը դեռ չի որոշել` կգնա արդյո՞ք ընտրություններին և ու՞մ կտա իր ձայնը, իսկ 3 տոկոսը` հաստատ կգնա ընտրության, բայց դեռ չգիտի` ում կատ իր ձայնը:

«Ընտրողների մոտ կեսը պատկերացում չունի, թե ի՞նչ է ընտրելու. իրենք գիտեն, որ գնալու են քաղաքապետ ընտրելու, բայց իրականում պետք է ընտրեն ավագանի, շատերը չգիտեն, որ թաղապետին քաղաքապետն է նշանակելու: Այս հանգամանքը շատերի մոտ ընտրության օրը զարմանք կհարուցի», - համոզված է Ա. Ադիբեկյանը:

Նա նայև հայտնեց, որ ընտրողների 20 տոկոսն է հետևում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կարգախոսներին և գաղափարներին. նրանց միայն 3 տոկոսն է պատրաստակամություն հայտնել մանրամասն ծանոթանալ կուսակցությունների ծրագրերի և գաղափարախոսության հետ:

«Հետևաբար ընտրելու են ոչ թե գաղափարախոսություն ու ծրագիր, այլ անձ, լավագույն դեպքում` կուսակցություն», - մանրամասնեց սոցիոլոգը:

Ա. Ադիբեկյանը ներկայացրեց նաև այլ ցուցանիշներ: Պարզվում է, որ ընտրողների միայն 36 տոկոսն է վստահում իրենց թեկնածուին, ինչը նշանակում է, որ «մնացածն ընտրության է գնալու այլ հիմքերով ու պատճառներով»:

«Ընտրողների 40 տոկոսի ընտրության գալն արդեն ապահովված է», - կարծում է Ա. Ադիբեկյանը: Այս թիվը առավելագյունս կավելանա 10 տոկոսով, եթե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը շահագրգռող հանգամանքներ ներկայացնեն, կամ «եթե ընտրության օրը լինի արևային»:

«Պատկերը կտրուկ չի կարող փոխվել, որովհետև ակտիվ զանգվածն արդեն որոշում կայացրել է, իսկ մնացածի, ովքեր դեռ չեն որոշել` գալու են, թե ոչ, ում են իրենց ձայնը տալու, գալը արմատական փոփոխություններ չի կարող բերել»,- ամփոփելով իր խոսքն` ընդգծեց Ա. Ադիբեկյանը:

28.05.2009, 14:16

Aysor.am

«Մենք լուրջ պետականություն դառնալու բոլոր հիմնասյուներն ունենք»














«Մեզանում առկա է անհոգիությունը, նյութապաշտությունը, նյութամոլությունը, որը ժամանակավոր է և ցանկացած անցումային երկրում այս ընթացքը պետք է լինի»,- կարծում է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն, ով այսօր լրագրողների հետ խոսեց նորանկախ պետությունների թերությունների մասին:

Մ. Տեր-Գուլանյանը միևնույն ժամանակ համոզված է, որ «մենք այդ ընթացքը պիտի ապրենք, խնդիրն այն է, թե ինչպե՞ս անենք, որ դրա միջից վնասով դուրս չգանք»:

Նորանկախ պետության կյանքում գրող-հրապարակախոսը նկատում է նաև «հոգևորի պակասը» ու կրկին` որպես հուսադրող հանգամանք նշում, թե «համոզված եմ` այս փորձության միջով կանցնենք և գենետիկ նկարագիրն իրեն կվերգտնի»:

Մ. Տեր-Գուլանյանի համար անհասկանալի է Եևանի կենտրոնի շինարարությունը, որը «խախտում է բոլոր բարոյական և իրավական նորմերը», նրա համար անհասկանալի է, որ պետական իշխանությունները չեն անհանգստանում, «որոշ շինություններ Երևանի կենտրոնում բարձր են Օպերայի շենքից»: Միևնույն ժամանակ, նա փաստում է, որ մարդիկ «պահանջներ են ներկայացնում պետությանը, քանի որ հույս ունեն, որ դրանք կկատարվեն»:

Դրական կողմեր էլ ունի Հայաստանի երրորդ Հանրապետությունը: Ըստ Մ. Տեր-Գուլանյանի, երիտասարդները Անկախության օրը` սեպտեմբերի 21-ը, իսկապես, տոնում են: Նրա խոսքերով, այս է, որ հիմք է տալիս հաստատ ասելու. «Մենք լուրջ պետականություն դառնալու բոլոր հիմնասյուներն ունենք»:

27.05.2009, 19:37

Aysor.am

107 ուսանողներ դրամական պարգևներ ստացան














Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 107 ուսանողներ այսօր Հայ օգնության միության (ՀՕՄ) կողմից դրամական պարգևներ ստացան` յուրաքանչյուրը հարյուրական ԱՄՆ դոլար:

Ինչպես տեղեկացրեց ՀՕՄ շրջանային վարչության փոխատենապետուհի Մարինե Համբարձումյանը` ՀՕՄ-ը կազմակերպում է այս դրամական նվիրատվությունը 1992 թ-ից այն ուսանողների համար, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, սովորում են պետական, բայց վճարովի համակարգում և չեն կարողանում վճարել ուսման վարձը:

Այսօր դրամական պարգև ստացած ուսանողներից ոմանք ՀՕՄ-ի «Լավագույն ուսանող» ծրագրի շրջանակում առաջին տարին չէ, որ օժանդակություն են ստանում: Նշենք նաև, որ «Լավագույն ուսանող» ծրագիրն իրականացվում է ՀՕՄ շրջանային վարչությունը կենտրոնական վարչության հետ համատեղ:

Մ. Համբարձումյանի խոսքերի համաձայն` իրենք գտնում են բարերարներ, ովքեր սատարում են հայաստանյան անվճարունակ ուսանողներին: Խնդիրը միայն այն է, որ բարերարները հիմնականում սփյուռքահայերն են, իսկ եթե օժանդակեն նաև հայաստանաբնակները, ապա իրենք կկարողանան օգնել ավելի մեծ թվով ուսանողների:

Տեղեկացնենք, որ ուսանողների ընտրությունը կատարվում է ոչ թե ըստ մասնագիտությունների, այլ ըստ բարձր առաջադիմության, ինչն անհրաժեշտ պայման է: Հաշվի է առնվում նաև ուսանողի սոցաիալական ծանր վիճակը և միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ լինելու հանգամանքը:

Մ. Համբարձումյանը նշեց նաև, որ օժանդակություն ստացող ուսանողների թիվը և հատկացվելիք գումարի չափը պայմանավորված է բարերարների կողմից հատկացված գումարի չափով:

«Եթե հավաքված գումարը շատ է, ապա մենք ավելի շատ գումար ենք հատկացնում», - բացատրեց Մ. Համբարձումյանը:

27.05.2009, 14:55

Aysor.am

Մարդու իրավունքների պաշտպանը առկա խնդիրներին մեղմ չի մոտեցել














«Մենք բարձրացրել ենք այն հարցրեը, որոնք կան», - հայտարարեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը և հավաստիացրեց, որ իր` «Մարդու իրավունքների պաշտպանությունը` ՀՀ զինված ուժերում կարգապահական քաղաքականություն իրականացնելիս» արտահերթ զեկույցում բարձրացված խնդիրները «մեղմ» չեն ներկայացվել:

Ըստ Ա. Հարությունյանի, զեկույցում վեր հանված «ցավալի խնդիրները» պարզապես ներկայացված են «քաղաքակիրթ լեզվով, չկա հայհոյանք»:

«Խնդիրը նրանում չէ, որ հարցը սուր է, պետք է այն սուր ձևով բարձրացնել: Խնդիրը նրանում է, որ դրա մասին պետք է քաղաքակիրթ լեզվով խոսվի, այլ ոչ թե հայհոյանքով», - բացատրեց Մարդու իրավունքների պաշտպանը:

Զինված ուժերի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանն այս տարվա ընթացքում ստացել է 30 դիմում-բողոք: Սակայն զեկույցի պատրաստումը, Ա. Հարությունյանի խոսքերով, կատարվել է ոչ միայն ստացված բողոքների, այլև իրենց կատարած մոնիտորինգների հիման վրա:

Ա. Հարությունյանը նշեց նաև, որ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունն ինքը ստացել է, իսկ գաղտնիները պարզապես չի հրապարակել: Նա փաստեց, որ դա հետևանք է ՀՀ պաշտպանության նախարարության հետ արդյունավետ համագործակցության:

Ա. Հարությունյանը նշեց նաև, որ զեկույցի պատրաստմանը ԵԱՀԿ հայսատանյան գրասենյակից բացի, մասնակցություն են ունեցել նաև ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները:

27.05.2009, 13:08

Aysor.am

Բարձրացվել են Զինված ուժերում առկա հիմնական խնդիրները

«Զինված ուժերը հասարակության հայելին են: Եվ մենք պետք է հասկանանք, որ հասարակական տարբեր կառույցներին պետք է ոչ միայն քննադատենք, այլ նաև օգնենք խնդիրները բարձրացնել, որպեսզի դրանք լուծվեն», - հայտարարեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ով այսօր հանդես եկավ «Մարդու իրավունքների պաշտպանությունը` ՀՀ զինված ուժերում կարգապահական քաղաքականություն իրականացնելիս» արտահերթ զեկույցով:

Ա. Հարությունյանը հիշեցրեց, որ իրենց որդեգրած սկզբունքների համաձայն` արդիական խնդիրներին անդրադարձը կներկայացվի արտահերթ զեկույցների միջոցով: Նա նաև նշեց, որ սույն զեկույցը ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցների համատեղ ջանքերի շնորհիվ է կազմվել, բայց համարվում է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական արտահերթ զերկույց:

Զեկույցը ներկայացվելու է նաև ՀՀ Կառավարությանն ու Պաշտպանության նախարարությանը: Ա. Հարությունյանը հույս հայտնեց, որ զեկույցում բարձրացված հարցերը կդառնան արդյունավետ քննարկումների առարկա:

Մանրամասն չխոսելով զեկույցում բարձրացված խնդիրներից, Ա. Հարությունյանը նշեց միայն, որ «իրենց հիմնական մոտեցումներից մեկն է, որ զինված ուժերի հրամանատարը` անձնակազմի հետ կապված բոլոր խնդիրների համար անձնական պատասխանատվություն կրի»: Նա նշեց նաև, որ շատ կարգապահական հարցեր պատժիչ նշանակություն ունեն, որոնք տվյալ դեպքերի համար ճիշտ են համարվում, սակայն դրանց վրա ևս պետք է տարածվեն Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի երաշխիքների դրույթները:

Ա. Հարությունյանի խոսքերի համաձայն` այս զեկույցն այն եզակիներից է, որը չի արժանանում քննադատության, այլ ավելին` Պաշտպանության նախարարության կողմից ողջունվել և աջակցվել է:

«Այս զեկույցի հիմնական նպատակն է, որ շարքային քաղաքացին իրեն պաշտպանված զգա, հասարակության կողմից Զինված ուժերի նկատմամբ վստահությունն ավելի բարձրանա, և Զինված ուժերում ծառայող մեր քաղաքացիների իրավունքներն առավելագույնս պաշտպանված լինեն», - ամփոփելով խոսքն ընդգծեց Ա. Հարությունյանը:

27.05.2009, 13:05

Aysor.am

Մայիսի 28-ն Ապարանում կնշվի մեծ շուքով

Մայիսի 28-ին` Բաշ-Ապարան հերոսամարտի հաղթանակի տարելիցի կապակցությամբ, Ապարանում մի շարք միջոցառումներ են ծրագրվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Նիգ-Ապարան» հայրենակցական միության փոխնախագահ Տիգրան Պետրոսյանցը:

Տ. Պետրոսյանցի խոսքերով, Ապարանում կազմակերպվելիք միջոցառումներին կարող են մասնակցել նաև երևանաբնակները, որոնց համար նախատեսված ավտոբուսները վաղ առավոտյան կշարժվեն Ապարան:

«Ճանապարհին փոքր կանգառ կունենանք Տառարձանների մոտ, ապա Ապարանի հրապարակում մեզ կսպասի դիմավորման արարողությունը»,- տեղեկացրեց Տ. Պետրոսյանցը:

Նա նաև նշեց, որ Ապարանի հրապարակում ծաղկեպսակներ կդրվեն Ապարանի ճակատամարտի կազմակերպիչ Սեդրակ Ջալալյանի և հրամանատար Դրաստամարտ Կանայանի հուշարձանների մոտ: Ապա ներկաները կքայլեն հրապարակից դեպի Վերածնունդ հուշարձան, որտեղ ծաղկեպսակներ կդրվեն Արցախյան հերոսամարտում զոհված ապարանցիների հիշատակի կոթողի, Ապարանի 1918 թ-ի հուշասյան, Դրաստամատ Կանայանի շիրմաքարի առջև:

«Ապա տեղի կունենա միջոցառումների համերգային մասը, որին կհաջորդի ապարանյան հյուրասիրությունը»,- օրվա ժամանակացույցը ներկայացնելով` հայտնեց Տ. Պետրոսյանցը:

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության փոխնախագահը խոսեց մայիսյան հաղթանակների, դրանց արդյունքների ու կարևորության մասին: Ավարտելով պատմական ակնարկը, Տ. Պետրոսյանցը նշեց, որ «անկախ այսօրվա քաղաքական ենթատեքստից` հայ ժողովուրդը պատրաստ է հայրենիքի համար կանգնել նույն պատրաստակամությամբ, ինչպես 1918 թ-ին, ինչպես Արցախյան հերոսամարտի տարիներին»:

26.05.2009, 16:24

Aysor.am

«Ապագայի ժանրում» ստեղծագործողները մրցանակների արժանացան














7 օր տևող «Մեկ կադր, մեկ րոպե» 7-րդ կինոփառատոնի հանդիսավոր փակումը և մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ երեկ երեկոյան: Փառատոնի ամփոփումը, ժյուրիի անդամներին բերեց այն համոզման, որ «մեկ կադր, մեկ րոպեն» ապագայի ժանր է, որի «մեկ րոպեն կարող է մի ողջ տիեզերք պարունակել»:

Հենց ապագայի ժանրում ստեղծագործողներից լավագույներին էլ հանձնվեցին նախատեսված մրցանակները: Միաժամանակ երեք անվանակարգերում` «Լրագրողական ժյուրիի համակրանք», «Հեղինակների ձայն» և «Լավագույն կադր» մրցանակների արժանացավ 25 ամյա Արևիկ Ավանեսյանի «Հեռուստատեսություն» վերնագրով ֆիլմը:

Ֆիլմում հեղինակի կողմից պատկերավոր կերպով ներկայացվել է շատերի կողմից հաճախ կիրառվող «հեռուստացույցից աղբ է թափվում» արտահայտությունը: Այս ֆիլմը մեկ րոպեի ընթացքում դիտողին է մատուցում մի շարք հարցադրումներ` հեռուստատեսության ներկա վիճակի և խնդիրների վերաբերյալ:

«Սինեմարտ» կինոյի և արվեստի հանդեսի կողմից մրցանակների արժանացան Լիլիթի և Գրիգորի «Հայաստանի Միացյալ Նահանգներ», Մերի Աղախանյանի «Այն կողմ», Նատալյա Գրիգորևայի «Կյանքի մոռացված պահը», Նինո Դե Գլերիայի «Վիրտուոզի Դադար» ֆիլմերը, ինչպես նաև` Համլետ Վարդանյանի «Բուգի Վուգի» կարճամետրաժ ֆիլմը:

«Մեկ կադր մեկ րոպե» անվանակարգում հատուկ հիշատակումների արժանացան Դավիթ Աթոյանի «Թռիչք»,Նարեկ Սաֆարյանի «Անկանխատեսելի», Նարե Աթոյանի «Մեր Դավիթը», Ռոլանդ Վեգերերի «Արևջուրավազդույլ» ֆիլմերը:

Մրցանակ հանձնեց նաև ՀՀ Մշակույթի նախարարությունը: Նախարարության կողմից մրցանակի արժանացավ Քրիստինա Սարգսյանի «Գարուն» կարճամետրաժ ֆիլմը:

Հեյզ Բլանչարդի, Լիզա Սարգսյանի և Սևադա Պետրոսյանի ««Պիվոյին» սպասելիս» ֆիլմն արժանացավ կինոփառատոնի նախագահ Գագիկ Ղազարէի մրցանակին: Մրցանակը շնորհելիս` Գ. Ղազարէն նշեց, որ այսքան տարիների ֆիլմերից և ոչ մեկում այսպիսի թիմային աշխատանք չի եղել:

Խոսելով փառատոնին ներկայացված ֆիլմերից ու դրանց որակական մակարդակից, «Սինեմարտ» հանդեսի գլխավոր խմբագիր, կինոքննադատ Զավեն Բոյաջյանն ընդգծեց, որ հոգնել է «տրաֆարետային» մտածողությունից, որն առկա է շատ մասնակիցների մոտ:

«Իհարկե, միշտ էլ հեշտ է ինչ-որ պատրաստի, ծեծված ստանդարտ վերցնել, դրա վրա մի հատ էլ ստորագրել և ահա` պատրաստ է: Շատ քչերը կան, որ իրենք են ստեղծագործում, իրենք են փորձում ինչ-որ նոր բան գտնել»,- բացատրեց Զ. Բոյաջյանը:

Այնուամենայնիվ, փառատոնի նախագահները համոզված են, որ «այս փառատոնը դեմոկրատական մոտեցումներ ունի, քանի որ ցուցադրում է ամեն ինչ»:

Հարկ է հիշեցնել, որ փառատոնի հիմնական նպատակն է հայտանբերել երիտասարդ տաղանդների, ովքեր հետո կկարողանան արվեստ ստեղծել:

25.05.2009, 23:41

Aysor.am

ԿԲ-ն այժմ փոխարժեքի կուրսը «ամրագրելու ցանկություն չունի»

«ՀՀ-ում փոխարժքը մի քանի ամիսների ընթացքում եղել է կայուն, այն չի ունեցել մակրոտնտեսական նպատակ, ներմուծումը խթանելու նպատակ, դրա գերնպատակն է եղել ֆինանսական կայունության պահպանումը»,- «Հայաստան. դիմակայելով համաշխարհային աղետին» տնտեսական ֆորումի մասնակիցներին բացատրեց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

Վ. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ արտարժույթի շուկայում ԿԲ-ի կողմից միջամտությունները դադարեցվել են այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ փոխարժեքի փոփոխությունը չի կարող ազդել ֆինանսական համակարգի կայունության վրա:

Ներկա ֆինանսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված գործողությունների շարքում, ըստ Վ. Գաբրիելյանի, ԿԲ-ն փոխարժեքի կուրսը «ամրագրելու ցանկություն չունի»: Միևնույն ժամանակ ԿԲ փոխնախագահը վստահեցնում է, որ «եթե դա չարվեր ժամանակին, այն կարող էր վտանգներ ստեղծել բանկային համակարգի կայունության համար»:

«Քանի որ ֆինանսական կայունության խնդիր` որպես այդպիսին չկա, բնականաբար, փոխարժեքի ուղղորդումները ևս այս պահին նպատակային չեն»,- ամփոփեց Վ. Գաբրիելյանը:

25.05.2009, 20:10

Aysor.am

Նախկին վարչապետը ցանկանում է, որ Հայաստանը «հաղթող դուրս գա»














«Ճգնաժամի հիմնական արմատն արհեստական պահանջարկն է»,- հայտարարեց Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» տնտեսագիտական ֆորումի ընթացքում:

Նախկին վարչապետի բացատրություններից հասկանալի է դառնում, որ արհեստական պահանջարկն առաջացնում է արտադրության ավելացում, ինչը նպաստում է մարդկանց` ապրանքներ գնելու ձգտման աճին, որի համար տրամադրվում են վարկեր: Այդ վարկերն էլ արդյունքում դառնում են անսահման: Հենց անսպառ վարկն էլ հանգեցնում է տնտեսական ճգնաժամի:

Միևնույն ժամանակ Վ. Մանուկյանը համոզված է, որ «բացասական արդյունքների հետ, ճգնաժամը բերում է նաև առողջացման»:

«Ոչ մրցունակները վերանում են, ճանապարհ է բացվում առավել մրցունակների համար»,- մանրամասնեց Վ. Մանուկյանն ու ավելացրեց, որ ճգնաժամի արդյունքում «հազար տուժողից մեկը հաղթող է դուրս գալիս, և շատ լավ կլիներ, որ այդ մեկը լիներ Հայաստանը»:

Հայաստանի համար ճգնաժամից հաղթող դուրս գալու զգալի հնարավորություններ չտեսնելու պատճառով էլ նախկին վարչապետը սկսեց բացատրել, որ «Հայաստանն ունի երկու ճգնաժամ` մեկը թելադրված է դրսից, երկորդը` վաղուց է` արդեն 15-20 տարի, և պայմանավորված է անցումնային փուլով, նաև մեր ներքին խնդիրներով»:

Չունենալով ճգնաժամի կարճման և դրական արդյունքներ գրանցելու լուծումներ` Վ. Մանուկյանը կոչ արեց բոլոր նրանց, ովքեր ունեն, առաջարկեն այդ լուծումները` դրանք միասին քննարկելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

25.05.2009, 19:23

Aysor.am

«Կառավարությունը նպատակի և միջոցի շփոթում է իրականացնում»

«Կարծում եմ, որ այս հարկային փաթեթը, համաձայն որի, հարկային տեսչության ներկայացուցիչները պետք է հայտնվեն գործարաններում և հսկեն ամբողջ գործընթացը, միտված է ամբողջ տնտեսությունը վերահսկելու և սեփականության վերաբաշխում իրականացնելու և, ըստ էության, նաև խորացնելու հակամրցակցային իրավիճակը Հայաստանում»,- հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» տնտեսագիտական ֆորումը, որին մասնակցեցին և զեկույցներով հանդես եկան հայաստանյան և արտերկրյա տնտեսագետները:

Ինչ վերաբերում է Կառավարության վարած քաղաքականությանը` տնտեսական ճգնաժամի ազդեցությունները մեղմելու նպատակով, Ա. Թևանյանն այն կարծիքին է, որ «Կառավարությունը նպատակի և միջոցի շփոթում է իրականացնում»:

«Նպատակը դրված է բյուջեի փող հավաքելը, մինչդեռ տնտեսության զարգացումը երկրորդ պլան է մղվել, այն ինչ պետք է հակառակը լիներ` բյուջեն պետք է լիներ զարգացած տնտեսության հետևանք»,- բացատրեց Ա. Թևանյանը:

Ըստ Ա. Թևանյանի, այն պայմաններում, երբ տնտեսական անկումն արդեն հունվար-ապրիլ ամսիների տվյալներով կազմում է 9.7 տոկոս, չի իրականացվում բյուջետային քաղաքականության և տնտեսական քաղաքականության փոփոխություն:

«Դա խոսում է այն մասին, որ Կառավարությունը համառորեն չի ուզում հրաժարվել իր այն քաղաքականությունից, որի հիմքում դրված է ուղղակի բյուջե փող հավաքելը»,- ամփոփեց Ա. Թևանյանը:

25.05.2009, 19:11

Aysor.am

Ա. Թևանյան. «Հայաստանում ճգնաժամն ունի նաև ներքին աղբյուրներ»














«Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակի խնդիրները հաղթահարելու համար առաջին քայլը կառավարություն-հասարակություն թափանցիկ ու հրապարակային աշխատանքն է և կանխատեսելի որոշումներ ընդունելու քաղաքականության որդեգրումը, երկրորդը` հակաբյուջետային քաղաքականության փոփոխությունը` հարկային բեռի թեթևացման ուղղությամբ, և երրորդը` դրամավարկային քաղաքկանության փոփոխությունը` բիզնեսին ֆինանսական հնարավորություններ մատակարարելու առումով»,- համոզված է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, ով իր տեսակետը ներկայացրեց «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» ֆորումի ընթացքում:

Խոսելով հայաստանյան և համաշխարհային ճգնաժամերի նմանությունների և տարբերություների մասին` Ա. Թևանյանը նշեց, որ Հայաստանի տնտեսության վրա «ընդհանուր ազդեցություն գոյություն ունի` պայմանավորված միջազգային տնտեսական ճգնաժամով, բայց կա ներհայաստանյան իրավիճակ, որը կապ չունի միջազգայինի հետ և ցանկացած պարագայում կարող է խնդիր առաջացնել մեզ մոտ, եթե տնտեսական ներքին քաղաքականությունը չփոխվի»:

«Միջազգային տնտեսական ճգնաժամը կարող է հաղթահարվել ամբողջ աշխարհում, բայց մեզանում մնալ, քանի որ դրան նպաստող հայաստանյան ակունքները զուտ ներքին ծագման են, և, եթե դրանք չենք փոխում, ոչինչ չենք կարող ակնկալել»,- մանրամասնեց Ա. Թևանյանը:

Թե ե՞րբ կավարտվի տնտեսական ճգնաժամը հարցին, Ա. Թևանյանը պատասխանեց, որ դա կլինի «տնտեսական ցիկլերի տեսության համաձայն»: Ըստ այդմ` առնվազն երկու տարի է անհրաժեշտ, որպեսզի ցիկլը` արտադրություն-բաշխում և ֆինանսական հոսքերի վերադարձելիություն, մոտենա ավարտին:

«Հայաստանի պարագայում ճգնաժամի տևողությունը պայմանավորված է լինելու նաև մեր ներքին քաղաքականությամբ»,- ընդգծեց Ա. Թևանյանը:

25.05.2009, 18:39

Aysor.am

Վ. Գաբրիելյան. «Տնտեսական աճ 2009-ին չի լինի»














«Տնտեսության կայունացումը կարող է սկսվել 2009 թ.-ի վերջից 2010 թ-ն ընկած ժամանակահատվածում, իսկ աճ 2009 թ-ին չի լինելու, լավագույն դեպքում այն կսկսվի 2010 թ-ից: Ավելի կոնկրետ կանխատեսում, ցավոք սրտի, ես ունակ չեմ անելու» - պատասխանելով լրագրողների հարցերին` հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ «Հայաստանում վարկերը թանկ են, իսկ ՀՆԱ-ի ֆինանսավորումը բանկերի միջոցով կազմում է 17 տոկոս»` Վ. Գաբրիելյանը հայտնեց, որ ԿԲ-ն այդ ուղղությամբ բազմաթիվ քայլեր է նախաձեռնել` կառուցվածքների ստեղծումից ընդհուպ մինչև օրենսդրական նախաձեռնություն: Նա նշեց, որ 17 տոկոսի մակարդակը ձեռք է բերվել 3 տարվա ընթացքում` ավելացնելով նախկինում գործող 7 տոկոսը, ինչը, ըստ ԿԲ փոխնախագահի, ԿԲ միջոցառումների հաշվին է ավելացել:

«Տնտեսական ճգնաժամի պայմաններում չեմ կարծում, որ մենք կարող ենք էականորեն դա ավելացնել, մենք պետք է իրատեսորեն գնանք առաջ», - մանրամասնեց Վ. Գաբրիելյանը և հավելեց. «Տվյալ դեպքում արդիական է տնտեսական ճգնաժամը»:

Խոսելով հիփոթեքային շուկայի զարգացման միտումների մասին` Վ. Գաբրիելյանը փաստեց, որ «ակտիվացման միտումներ առայժմ չկան»:

«Պետք է նշեմ, որ ամեն դեպքում հիփոթեքային վարկեր տրվում են: Սակայն, որպես կանոն, կան որոշակի խնդիրներ գների անկման հետ կապված, ինչն էապես նվազեցրել է դրանց ծավալը», - բացատրեց Վ. Գաբրիելյանը:

Ինչ վերաբերում է ներգրավվող միջոցների և վարկերի միջև գոյություն ունեցող մարժայի բավական մեծ չափին և այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, ապա Վ. Գաբրիելյանը հավաստիացրեց, որ լուծման «հիմնական միջոցներից մեկը է բանկային համակարգում մրցակցության խթանումն և համապատասխան տեղեկատվության հնարավոր տարածումը»:

25.05.2009, 15:33

Aysor.am


«Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին»














Այսօր առավոտյան մեկնարկեց «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» տնտեսագիտական ֆորումը, որի ընթացքում նախատեսված զեկույցների ներկայացումն ու քննարկումները շարունակվելու են մինչև օրվա վերջ:

Տեղեկացնենք, որ «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» տնտեսագիտական ֆորումը կազմակերպել է «Policy Forum Armenia» միջազգային կազմակերպությունը` Հայաստանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցություններն ու դրա հետևանքները քննարկելու, ինչպես նաև ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված գործողություններ նախանշելու նպատակով:

Ֆորումը նպաստելու է ֆինանսատնտեսական ճգնաժամի միջազգային և Հայաստանի առանձնահատուկ միտումների վերաբերյալ ակտիվ քննարկմանը: Այն ամփոփվելու է կլոր սեղանով, որի ընթացքում ՀՀ գործող և նախկին վարչապետները կներկայացնեն տնտեսական քաղաքականության ապագա ուղղությունները:

Ֆորումին հատուկ հրավիրված հյուրի կարգավիճակով կմասնակցեն Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի նախկին առաջին տեղակալ Սերգեյ Ալեքսաշենկոն, ՌԴ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը, Հունգարիայի ֆինանսների նախկին նախարար Լայոշ Բոկրոշը և այլոք:

25.05.2009, 10:43

Aysor.am

Thursday, May 28, 2009

Ա. Աշոտյանի երազանքը շքեղ մեքենան չէր, այլ արևելագետ դառնալը














«10-րդ դասարանում երազում էի դառնալ արևելագետ, սակայն արդեն մեկ տարի առաջ ծնողական խորհուրդը` որպես ավանդական որոշում կայացնող մարմին, մտածել էր, որ ընտանիքում տարիներ շարունակ գեթ մեկ բժիշկ չի եղել, և քանի որ ես կարող էի ընդունվել այնտեղ, որտեղ իրենք կորոշեին, որոշեցին, որ լավ կլինի, որ Աշոտյանների գերդաստանում բժիշկ լինի», - դպրոցն ավարտելուց հետ մեծ կյանքի շեմին ունեցած երազանքների մասին լրագրողների հետ կիսվեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

17 տարի անց ստացվում է այնպես, որ Ա. Աշոտյանի ծնողների ցանկությունը չի իրականացել, բայց Ա. Աշոտյանին փոխարինելու է եկել կրտսեր քույրը, ով բժշկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի է:

«Անկեղծ ասած, ես այն կարծիքին եմ, որ ընտրությունը պետք է կատարի երեխան` լսելով ծնողների, տատիկ-պապիկների, հարևանների խրատները: Յուրաքանչյուր մարդ պետք է զգա, թե որն է իր առաքելությունը և ինչպիսին է ինքը, և ինչպիսի ցանկություն ունի ապագայի հետ կապված», - բացատրեց Ա. Աշոտյանը:

Նախարարն անդրադարձավ այն դեպքերին, երբ շատ հաճախ մասնագետներն ավարտում են բուհերը, հետո ստիպված վերապատրաստվում են կամ ընտրում են այլ մասնագիտական ուղի: Նա նշեց, որ այդ հանգամանքը` նպատակային կրթությունը և ստացված մարդկային ռեսուրսի մաքսիմալ ներգրավումը տնտեսության և հասարակության մեջ, կլինի պետական քաղաքականության ուշադրության կենտրոնում:

Ա. Աշոտյանի խոսքերի համաձայն` իր համար վիրավորական չի լինի, եթե շրջանավարտը, դպրոցն ավարտելիս, մտածի ոչ թե գիտելիքներ ձեռք բերելու, այլ շքեզ մեքենա ունենալու մասին: Նա համոզված է, որ քիչ չեն այն դեպքերը, երբ, նույնիսկ Հայաստնաի շրջաններից Երևան եկած շրջանավարտները ստանում են բարձրագույն կրթություն, դառնում որակյալ մասնագետներ և վաստակում են իրենց բարեկեցիկ ապագան` այդ թվում նաև թանկարժեք մեքենա:

«Թանկարժեք մեքենան միջոց է, և այս երեխաների արժեհամակարգի մեջ նույնպես պետք է այդպիսի ընկալում ունենա, իսկ գիտելիքով կյանքի և բարեկեցության համար վաստակած ցանկացած հարմարություն ողջունելի է», - իր կարծիքն արտահայտեց Ա. Աշոտյանը:

23.05.2009, 16:18

Aysor.am

Դպրոցն ընտրվել է վատ պայմաններ ունենալու համար














«Էջմիածնի թիվ 7 դպրոցը տիպիկ դպրոց է այն իմաստով, որ ունի ավանդական ուսուցչական կազմ, լավ աշակերտներ, իսկ պայմանների հետ կապված այն այլևս տիպիկ չէ ՀՀ հանրակրթական դպրոցներին», - հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով լրագրողներին բացատրեց Վերջին զանգի արարողությունը Էջմիածնի Երվանդ Օտյանի թիվ 7 դպրոցում նշելու իր ընտրության մասին:

Նա հայտնեց, որ խնդրել է նախարարության համապատասխան վարչությանը ընտրել մարզային որևէ շարքային դպրոց, որը «ոչ իր դպրոցն է, ոչ հայտնի է մեկ այլ բնութագրիչով»:

«Ինչպես գիտեք, պետությունը տարիներ շարունակ հանրակրթության ոլորտի, հատկապես դպրոցաշինության ծախսերն ավելացրել է, և հուսով եմ, որ մոտակա տարիների ընթացքում մենք իրականում չենք ունենա այսպիսի անբարեկարգ դպրոց», - հայտնեց Ա. Աշոտյանը և հույս հայտնեց, որ «այս դպրոցը 2010 թ-ի պետական բյուջեում նախատեսված տող կունենա` վերանորոգման համար»:

Տեղեկացնենք, որ Էջմիածնի թիվ 7 դպրոցի համար այս տարի պետական բյուջեից գումար է հատկացված եղել, բայց դրա տրամադրումը տեղափոխվել է չորրորդ եռամսյակ: Նախարարի խոսքերի համաձայն` «եթե ստացվի այս տարի ունենալ այդ գումարը և դպրոցը բերել այն տեսքի, որին են Հանրապետության դպրոցների մեծ մասը, շատ լավ, եթե ոչ, ապա դա կարվի հաջորդ տարի»:

Նախարարն, ամփոփելով իր խոսքը, նշեց նաև, որ Էջմիածնի թիվ 7 դպրոցը «խորհրդանշական է իր համար, քանի որ նախարար նշանակվելուց հետո այն առաջին ուսումնական հաստատությունն է, ուր ինքը մուտք է գործում:

«Առհասարակ սա իմ առաջին այցն է, և բնականաբար, ես ավելի շատ եմ հիշելու իմ այցը, քան, միգուցե, այս երեխաները», - ասաց Ա. Աշոտյանը:

Մարզի դպրոցների վիճակին անդրադարձավ նաև Արմավիրի մարզպետը: «Վերջին երկու տարիների ընթացքում Արմավիրի մարզում վերանորոգվել են շուրջ 32 դպրոցներ: Այս տարվա ծրագրով էլ մենք 11 դպրոց էինք նախատեսել վերանորոգման համար», - լրագրողներին տեղեկացրեց Աշոտ Վահրամյանը:

Մարզպետի խոսքերով` շինարարական աշխատանքներն այս տարի, սակայն, իրականացվում են միայն այն դպրոցներում, որտեղ արդեն սկսված են եղել, իսկ 5 դպրոցներում` շինարարության սկիզբը տեղափոխվել է չորրորդ եռամսյակ` կապված ֆինանսական ճգնաժամի հետ:

«Շուրջ 18 մլրդ դրամի շինարարական աշխատանքեր պետք է կատարվի մարզում` կապված դպրոցաշինության և մշակութային օբյեկտների կառուցման հետ», - նշեց մարզպետը:

Ինչ վերաբերում է հանրակրթական դպրոցների ջեռուցմանը, ապա, ըստ Ա. Վահրամյանի հաղորդած տվյալների, անցյալ տարվա ընթացքում քաղաքային բոլոր դպրոցներում, բացի Էջմիածնի թիվ 7 դպրոցից, արդեն լոկալ ջեռուցման խնդիրը լուծվել է, և այս տարի ծրագիրված է իրականացնել գյուղական դպրոցների ջեռուցումը:

Մոտ ժամանակներս 50 համակարգիչներ պետք է ստանանք 5 դպրոցներում համակարգչային դասարաններ բացելու համար», - ապագա ծրագրերից խոսելով` նշեց Ա. Վահրամյանը:

Մարզպետն ասաց նաև, որ նախարարի այցելած թիվ 7 դպրոցը մեկն է այն դպրոցներից, որը նվեր է ստանալու 1 համակարգչային դասարան` ինտերնետով:

23.05.2009, 15:38

Aysor.am

Նախարարը Վերջին զանգը նշեց Էջմիածնի թիվ 7 դպրոցի աշակերտների հետ














«Դպրոցի կենսագրության մեջ Ձեր ոտը թեթև լինի և գործը` անաչառ: Բարի գալուստ», - այս խոսքերով, աղ ու հացով և երկինք աղավնիներ բաց թողնելով ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին դիմավորեցին Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 դպրոցի աշակերտները:

Նշենք, որ նախարարը դպրոց էր այցելել Վերջին զանգի արարողությունը դպրոցի սաների հետ նշելու նպատակով:
Դպրոցի տնօրեն Ազատ Սարգսյանը, շնորհավորելով շրջանավարտներին Վերջին զանգի կապակցությամբ, մաղթեց ամենայն բարիք, իսկ իրենց ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակել ցանկացողներին` հաջողություններ:

«Ես վստահ եմ, որ անպայման դուք կդառնաք մեր հանրապետության լիիրավ ու հայրենասեր քաղաքացիներ և բարձր կպահեք ոչ միայն մեր դպրոցի, այլ նաև մեր համայնքի, մեր մարզի պատիվը», - շրջանավարտներին դիմելով` ասաց Ա. Սարգսյանը:

Միջոցառմանը ներկա Արմավիրի մարզպետ Աշոտ Վահրամանյանը ևս շնորհավորեց շրջանավարտներին և նրանց ծնողներին` մաղթելով «երջանիկ ապագա, իղձերի կատարում և ամենայն բարիք»:

Աշակերտներին շնորհավորանքի խոսքեր ասաց նաև նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ 17 տարի անց «ընկղմվելով Վերջին զանգի մթնոլորտի մեջ` ակամա հիշեց, թե ինչպես են անցել իր կյանքի 17 տարիներն` աշակերտական աթոռը լքելուց և մեծ կյանք մուտք գործելուց հետո»:

«Հարգելի շրջանավարտներ, դուք, վստահաբար, աշխատելու եք, ընտանիք եք կազմելու այն ժամանակահատվածում, որտեղ գիտելիքն իր ուժով ճանապարհ է բացելու ոչ միայն ձեր անձնական բարեկեցության, այլև պետության ամրության համար: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ դուք մեծ կյանք մտնում եք հենց այն ժամանակահատվածում, երբ մեր արժեքային համակարգում գիտելիքը վերադառնում է` որպես գերագույն արժեք, այն դառնում է բոլորիս լավ ապագայի երաշխիքը», - իր շնորհավորական խոսքում նշեց Ա. Աշոտյանը:

Նախարարը շրջանավարտներին ցանկացավ «փայլուն ապագա` խարսխված անձնական երջանկության, մասնագիտական հմտությունների և լավատեսության ու բարու վրա»: Նա նշեց, որ իրեն տխրեցնում է այն, որ դպրոցն ունի երկու ավարտական դասարան և մեկ առաջին դասարան:

«Ես անկեղծ ցանկանում եմ, որպեսզի շատ մոտ ապագայում մեր դպրոցներում առաջին դասարանցիների թիվը շատ ավելի մեծ լինի, քան ավարտողներինը. սա է մեր պետության ամրության երաշխիքը»,- հայտնեց Ա. Աշոտյանը:

Նախարարը ցանկացավ շրջանավարտներին «անձնական երջանկություն, ընտանիք` որպես հասարակության և պետության սկզբնական ու ամենաամուր օղակ, բազում զավակներ` որպես մեր փայլուն ապագայի երաշխիք»:

«Վերջի վերջո գալիս են ժամանակներ, երբ պետության հզորությունը չափվում է, ոչ թե մեր փողոցներում երթևեկող թանկարժեք մեքենաների թվով, այլ մանկական սայլակների թվով», - ընդգծեց Ա. Աշոտյանը:

Ամփոփելով իր խոսքը` Ա. Աշոտյանը հորդորեց շրջանավարտների ծնողներին «ականջ դնել տնօրենի հորդորներին»` շրջանավարտներին չվաստահել մեքենայի ղեկը և այս օրն անցկանել «որպես տոնական օր` զերծ մնալով բոլոր ռիսկերից»:

23.05.2009, 14:30

Aysor.am

Հարկային փաթեթն անընդունելի՞, թե՞ ընդունվող օրինագիծ է

Այսօր ԱԺ ճեպազրույցի հիմնական թեման ԱԺ չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի քառօրյայի երեկվա նիստում Կառավարության կողմից քննարկման ներկայացված ««Հարկերի մասին» ՀՀ օրենքում և մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթն էր:

Նշենք, որ օրինագծերի փաթեթով հիմնականում մեխանիզմներ են առաջադրվում խոշոր բիզնեսի ստվերները բացահայտելու և այն հարկային դաշտ տեղափոխելու համար:

«Հարկային փաթեթի` հարկերի մասին և աքցիզային հարկերի մասին օրենքներում փոփոխություններն անընդունելի են մեզ համար, քանի որ այդպիսով խոշոր գործատուների գլխին մահակ է դրվելու»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Ա. Մարտիրոսյանը նշեց նաև, որ Կառավարությունը` ի դեմս հարկային մարմինների, «ունի գործիքներ, որպեսզի խոշոր գործատուներին բերի հարկային դաշտ, և դրա համար անհրաժեշտ է միայն քաղաքական կամք և ոչ թե օրինագիծ»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միայն նշեց, որ ինքն ունի իր սեփական վերապահումներն օրինագծերի փաթեթի վերաբերյալ, որի մասին ինքը կբարձրաձայնի հաջորդ քառօրյայի ընթացքում:

«Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Արծրունի Աղաջանյանն ընդգծեց, որ «պետք է խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ», սակայն հավելեց, որ դրա համար Կառավարության կողմից ներկայացվող մեխանիզմներն «ընդունելի չեն և գտնվում են քննարկման փուլում»:

«Հնարավոր է, որ Կառավարությունը մինչ հաջորդ քառօրյա ԱԺ քննարկմանը ներկայացնի նոր մոտեցումներ»,- մանրամասնեց Ա. Աղաջանյանը:

«Արված հայտարարությունները և իրականացվող գործողություններն իրար չեն համապատասխանում»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգմավոր Արծվիկ Մինասյանը:

Ա. Մինասյանը նշեց, որ «հարկային քաղաքականություն իրականացնելու անվան տակ իրականացվում է դրամների կորզում»: Բացի այդ, նրա խոսքերով, անհրաժեշտ է նվազեցնել ճնշումները փոքր և միջին բիզնեսով զբաղվողների նկատմամբ:

«Հարկային փաթեթն ընդունվելու է` պատգամավորների առաջարկությունների հիման վրա` ավելի լավ տեսքով»,- հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ամփոփելով խոսքը` Գ. Սահակյանն ընդգծեց, որ «Կառավարությունը ստեղծում է բյուջեն, կառավարում է այն, բայց տնօրինում է ԱԺ-ն»:

22.05.2009, 21:00

Aysor.am

Քաղաքական գործիչները նախընտրական քարոզարշավի մասին

«Ընտրությունների արդյունքում ոչ մի քաղաքական ուժ 40 տոկոսից ավելի ձայներ դժվար թե հավաքի, և, կարծում եմ, որ կձևավորվի կոալիցիոն իշխանություն»,- հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Ստեփան Ասլանյանը:

Ս. Ասլանյանի կարծիքով, ՕԵԿ-ը կկարողանա հավաքել բավականաչափ ձայներ, ինչը նրանց հնարավորություն կտա մասնակցել ավագանու ձևավորմանը:

Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով էլ, իշխանությունները «ընտրությունները տանում են պասիվացման քաղաքականություն»: Նա նշեց, որ այդպիսի քաղաքականությունը չի կարող ընդունելի լինել, և հույս հայտնեց, որ վերջին շաբաթվա ընթացքում գործընթացն ավելի կակտիվանա:

«Վստահ եմ, որ ազգային ընդդիմադիր բևեռի առումով մրցակիցներ չունենք, միևնույն ժամանակ ցանկացած քաղաքական ուժ, որը մասնակցում է ընտրություններին, մեզ համար մրցակից է»,- նշեց Ա. Մինասյանը, ով տեղեկացրեց, որ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերին ՀՅԴ-ն առաջարկել է հանդես գալ ծրագրային բանավեճով:

Ա. Մինասյանը վստահ է, որ ծրագրային բանավեճը լայն հնարավորություններ է ստեղծում ընտրությունների մասնակից կուսակցությունների համար` ներկայացնելու իրենց դիրքորոշումներն ու գաղափարները:

22.05.2009, 19:42

Aysor.am

Արցախյան հիմնահարցն ԱԺ խնդիրներից է














«Արցախյան հիմնահարցի` տարբեր միջազգային ատյաններում ներկայացվածության աստիճանի առումով, ունենք մի նկարագիր, որը պետք է արձանագրենք որպես` տխուր մի իրողություն. հիմնահարցի ներկայացումը խեղված է»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Լ. Ալավերդյանի խոսքերով, ԱԺ-ի առաջ կանգնած է Արցախյան հիմնահարցը հավուր պատշաճի ներկայացնելու խնդիր: Նա նշեց, որ ԱԺ նախագահին դիմել է հորդորել ՀՀ նախագահին` սատարելու Արցախյան հարցի ներկայացման գործընթացին:

Լ. Ալավերդյանը տեղեկացրեց նաև, որ կոչ է արել ԱԺ նախագահին, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին կազմակերպել քննարկումներ Արցախյան հիմնահարցի շուրջ ստեղծված զարգացումների մասին: Նա նաև հայտնեց, որ մինչ օրս չի ստացել որևէ արձագանք:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորի կարծիքով, անհրաժեշտ է, որ միջազգային կառույցներում Հայաստանն ունենա նաև ընդդիմադիր ներկայացուցիչներ, այն էլ ոչ թե դիտորդի, այլ հիմնական անդամի կարգավիճակով:

Լ. Ալավերդյանն իր մտավախությունները բացատրեց նրանով, որ միջազգային հանրությունն ավելի շատ ուշադրություն է դարձնում պետությունների արտաքին գործերին, քան ներքին զարգացումներին:

22.05.2009, 19:08

Aysor.am

Դաշնակցությունը ողջունում է նախագահի` համաներման որոշումը














«Լավագույն ելքերից մեկը համաներումն է, և եթե այժմ ՀՀ նախագահն այդ կամքը դրսևորում է, մենք ողջունում ենք»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ա. Մինասյանը հիշեցրեց, որ իր կուսակիցները, ինչպես նաև անձամբ ինքը, բազմիցս հորդորել են համաներում կիրառել: Նա նույնիսկ նշեց, որ «հարկավոր էր դա ավելի վաղ անել»:

Նշենք, որ երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է Անկախության ազգային տոնի առթիվ` մայիսի 28-ին «Մարտի 1»-ի գործով կալանավորվածների նկատմամբ համաներում հայտարարել:

Ա. Մինասյանը նշեց, որ «համաներումը հնարավորություն կտա թեթևություն մտցնել առկա լարված քաղաքական իրավիճակում»: Միևնույն ժամանակ նա հույս հայտնեց, որ համաներումը «չի լինի լոկալ բնույթի»:

ԱԺ պատգամավորի խոսքերով, համաներումը խոչընդոտ չպետք է հանդիսանա, որպեսզի բացահայտվեն մարտի 1-ի սպանությունների դեպքերն ու մեղավորները պատժվեն:

22.05.2009, 18:54

Aysor.am

Անկուսակցական կոմպոզիտորին առաջադրել է կուսակցությունը














Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացրած ընտրացուցակում 10-րդ հորիզոնականը զբաղեցնում է անվանի կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը: Իր` քաղաքական դաշտ ներքաշվելու վերաբերյալ կոմպոզիտորը մեկնաբանություններ ներկայացրեց լրագրողներին:

«Ես համաձայնել եմ, որպեսզի օգտակար լինեմ իմ անելիքներով, իմ խոսքով: Ես ընդգրկվել եմ ցուցակում ոչ թե քաղաքականությամբ զբաղվելու համար, այլ հանդես գալու` որպես խորհրդատու արվեստին, մշակույթին վերաբերող հարցերի քննարկումների ժամանակ»,- մանրամասնեց Մարտին Վարդազարյանը:

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին` Մ. Վարդազարյանը նշեց, որ էական տարբերություններ չի տեսնում ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերում: Նրա խոսքերով, «բոլորը նույնն են, միակ տարբերությունը շարահյուսության մեջ է»:

Մ. Վարդազարյանը տեղեկացրեց նաև, որ ինքն անկուսակցական է, իսկ Հանրապետական կուսակցության ընտրացուցակում առաջադրվել է` աշխատելու ՀՀԿ թիմի հետ, որտեղ շատ են արվեստագետները: Կոմպոզիտորը նշեց նաև, որ ընտրացուցակում ներառված արվեստագետների հիմնական խնդիրը քաղաքի դեմքը քաղաքակիրթ դարձնելն է, մշակույթի մակարդակը բարձրացնելը:

22.05.2009, 17:34

Aysor.am

«Միաձուլվելու համար կուսակցությունները լավագույն ճանապարհը չեն»














«Կուսակցություններն օրեցօր ավելի խորն են մխրճվում մեր հասարկության մեջ, իսկ դա հանցանք է մեր ժողովրդի նկատմամբ, մեր պետության նկատմամբ, մեր ապագա սերունդների նկատմամբ: Սա ուղղակի ամոթ է, ամոթաբեր է մեր ազգի համար, պատիվ չի բերում ոչ ոքի»,- հայտարարեց «Ագուլիս» թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Երվանդ Մանարյանը:

Չնայած այն բանին, որ Ե. Մանարյանը Երևանի տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններում մասնակցող ՀԱԿ քաղաքական դաշինքի ներկայացրած ընտրացուցակի 27-րդ հորիզոնականն է զբաղեցնում, այնուամենայնիվ, վրդովված է այն փաստից, որ այսօր կուսակցությունները ոչ թե նահանջում են, այլ ավելի «կատաղած» են խրվում հասարակության մեջ:

«Հայաստանը այնպիսի երկիր է, որ տարբեր տարիներին Հայաստան են վերադարձել բախտի բերումով այլ երկրներում հայտնված հայեր: Այսօր մենք միմյանց ձուլվելու խնդիր ունենք: Կարծում եմ, որ կուսակցությունները դրա լավագույն ճանապարհը չեն»,- նշում է դերասանը:

Բացի այդ, Ե. Մանարյանը համոզված է, որ կուսակցությունը տեղափոխել բարոյական դաշտ` անբարոյականություն է:

22.05.2009, 17:14

Aysor.am

«Արդյունքը կարող է լինել Կառավարության հրաժարականը»









«ԱԺ-ում Հարկային փաթեթի քննարկման արդյունքը կարող է լինել Կառավարության հրաժարականը, ինչի համար բավական գործոններ կան», - հայտարարեց ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Ա. Մարտիրոսյանի` նման ենթադրության հանգելու համար հիմնավորումներ են հանդիսանում երեկ ԱԺ քննարկմանը ներկայացված «Հարկերի մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում լրացուներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի «բուռն» քննարկումները, որորնց ժամանակ ԱԺ պատգամավորների «մեծամասնությունը դեմ է արտահայտվել Կառավարության ներկայացված օրինագծին»:

Չնայած Ա. Մարտիրոսյանն ընդգծեց, որ Կառավարության հրաժարականի մասին նա զուտ «ենթադրություններ է անում և ոչ թե պնդում է», այնուամենայնիվ, նրա համար «լուրջ» նախադրյալ են համարվում նաև Երևանի տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյուքները, որից հետո «ձևավորվելու է նոր քաղաքական ուժ»:

«Ընտրությունների արդյունքներում քաղաքական փոփոխություններ է ակնկալվում, և քանի որ ներկա իշխանական համակարգը չի հետապնդում պետական շահը, ապա ընտրությունների արդյունքները հիանալի առիթ կլինեն Կառավարության համար` հրաժարական տալու», - բացատրեց Ա. Մարտիրոսյանը:

Նա նաև նշեց, որ քաղաքական փոփոխությունները մի նոր դաշտ են բացում, որտեղ «գործընթացները կընթանան դրական և կառուցողական հունով, և կիրականացվեն իրական բարեփոխումներ»:

Կառավարության հրաժարականի մասին «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի հայտարարություններն ԱԺ մյուս քաղաքական ուժերի կողմից տարբեր մեկնաբանությունների արժանացավ: «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Ստեփան Ասլանյանն այն «ոչ տրամաբանական» համարեց, քանի որ, ըստ նրա, Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները «ոչ մի առնչություն չեն կարող ունենալ իշխանության հետ»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ «Կառավարության հրաժարականի ելքը դժվար է կանխատեսել: Նա բացառեց հրաժարականը, եթե Կառավարությունը տնտեսության ղեկավարման գործում «վերադառնա իր որդեգրած քաղաքականությանը», միևնույն ժամանակ շեշտեց, որ «հակառակ դեպքում հրաժարականը հնարավոր է, քանի որ այսպես երկար ժամանակ շարունակվել չի կարող»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն էլ զարմացած հայտնեց, որ «ինքը չգիտեր, թե «Ժառանգությունը» նաև կանխագուշակություններով է զբաղվում»: Անհիմն համարելով Կառավարության հրաժարականի մասին վարկածը` նա նշեց, որ «մի օրինագծի քննարկումը չի կարող հանգեցնել Կառավարության հրաժարականին, բացի այդ` «զարմանք պետք է առաջացներ ոչ թե Հարկային փաթեթի բուռն քննարկումը, այլ այն, որ շատ օրինագծեր ԱԺ-ում բուռն քննարկման չեն ենթարկվում»:

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ փաստեց, որ «Կառավարության հրաժարականի մասին կանխատեսումները չեն կարող իրական լինել, և նման խնդիր լինել չի կարող»:

«Կառավարությունը ոչ միայն լուծում է իր առջև դրված ծրագրային խնդիրները, այլև կյանքի է կոչում հակաճգնաժամային ծրագրերը», - ընդգծեց Գ. Սահակյանն ու հավելեց. «Մեզ համար ճգնաժամը հաղթահարելի է լինելու, և աշնանը մենք առաջընթաց ենք արձանագրելու»:

22.05.2009, 14:32

Aysor.am

«Ոչ ոք չի համարձակվի ընտրակեղծիքների դիմել»









«Նախընտրական գործընթացները դրական են ընթանում, և արդյունքներն էլ դրական են լինելու», - Երևանի տեղական ինքնակառավարման ընտրությունների վերաբերյալ իր կարծիքը հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Գ. Սահակյանը նշեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում «որոշ քաղաքական ուժեր պրովակացիաներ են առաջ քաշում», չնայած դրանք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ նախընտրական գործընթացների վրա: Նրա խոսքերի համաձայն` հասարակությունն ավելի ակտիվ է և ավելի ուշադիր է հետևում նախընտրական քարոզարշավին:

«Ընտրակեղծիքների մասին խոսք անգամ լինել չի կարող», - ընդգծեց Գ. Սահակյանը` անդրադառնալով ընդդիմադիր ուժերի կողմից շահարկվող ընտրակեղծիքների մասին հայտարարություններին:

Ըստ Հանրապետական խմբակցության ղեկավարի` «ընտրակեղծիքների մասին խոսում են նրանք, ովքեր ընտրակեղծիքների իրականացման առումով լուրջ պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերել 1990-1996 թ-ին ընթացքում»:

Այնուհանդերձ նա նշեց, որ ընտրատեղամասերի աշխատակիցները, ինչպես նաև քաղաքական ուժերի վստահված անձինք, բավականաչափ պատրաստ են ընտրություններին, և ընտրական հանձնաժողովներին «փորձության ճանապարհով չեն տանի»:

Գ. Սահկյանը նշեց նաև, որ Հանրապետական կուսակցությունը «հակված է հունիսի 1-ը դիմավորել` որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր»:

Ընտրակեղծիքների մասին խոսքն ամփոփելով, Գալուստ Սահակյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ «ոչ ոք իրեն թույլ չի տա և չի համարձակվի ընտրակեղծիքների դիմել, քանի որ օրենքն իր ամբողջ խստությամբ հետևում է գործընթացին և խիստ պատիժներ կկիրառի»:

22.05.2009, 14:07

Aysor.am

Նոր էներգաբլոկի և ֆիրմային անվանումների գրանցման մասին նախագծեր









«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների» նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրեց ԱԺ այսօրվա նիստի ընթացքում քննարկման դրված «ՀՀ նոր էներգաբլոկի(ների) կառուցման մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիշեցնենք, որ օրինագիծով հիմնականում սահմանվում է. «Նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման համար հարթակը պետք է բավարարի նոր ատոմային էլեկտրակայանների հարթակին ներկայացվող պահանջներին և հարթակի ընտրությունը կատարվում է ՀՀ օրենսդրության և գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական ու «Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության» անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան»:

«Մինչ երկրորդ ընթերցմամբ ներկայացվելը, օրինագծի վերաբերյալ ստացվել են առաջարկություններ, որոնք հիմնականում ընդունվել են»,- հայտարարեց Ա. Մովսիսյանն ու կոչ արեց պատգամավորներին ընդունել օրենքի նախագիծը:

Նույնօրինակ կոչով հանդես եկավ նաև ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը, ով ներկայացնում էր հանձնաժողովի եզրակացությունը:

«Հանձնաժողովը տվել է իր դրական եզրակացությունը, խնդրում եմ կողմ քվեարկեք նախագծին»,- ամփոփելով իր ելույթը` հայտնեց Վ. Փոստանջյանը:

ԱԺ այսօրվա նիստի օրակարգում քննարկման ներկայացվեց նաև «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքում և մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, որը ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

«Այս փոփոխությունները պայմանավորված են ոլորտում ֆիրմային անվանումների գրանցման ռեժիմը նույնականացվում է այլ տնտեսվարող սյուբեկտների ֆիրմային անունների գրացման ընթացակարգերին, ինչը հնարավորություն է տալու գրանցման պահին ստուգել ֆիրմային անվանումը մտավոր սեփականության տեսակետից պաշտպանված լինելու հարցը»,- հայտարարեց Ներսես Երիցյանը:

Ն. Երիցյանը նշեց նաև, որ սույն ընթացակարգով հնարավոր է հասնել նաև էլեկտրոնային ճանապարհով ֆիրմային անունների արագ գրանցման ինստիտուտի կայացմանը: Նա նաև նշեց, որ օրինագծերի փաթեթի վերաբերյալ առաջին ընթերցմամբ քննարկելուց հետո դիտողություններ և գրավոր առաջարկություններ չեն եղել:

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, ևս փաստեց, որ հանձնաժողովն օրինագծի վերաբերյալ գրավոր առաջարկություններ չի ստացել պատգամավորների կամ Կառավարության կողմից:

Նշենք, որ սույն օրինագծերը քվեարկության կներկայացվեն ԱԺ չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հաջորդ քառօրյայի ընթացքում:

21.05.2009, 18:11

Aysor.am

«Ի՞նչ է նշանակում գազի կորուստ. Չի´ կարելի բոլորին գող համարել»

«Հորդորում եմ բոլոր ստուգող մարմինների ղեկավարներին ու կառույցների աշխատակիցներին քաղաքակիրթ և կոռեկտ վերաբերմունք ունենալ գործատուի նկատմամբ: Պետք է հաշվի առնել, որ գործատուներն են այս երկրի բյուջեն ապահովում»,- հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ում վրդովեցրել էր ««Հաստատագրված վճարումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրինագծի վերաբերյալ Կառավարության հայտնած բացասական եզրակացությունը:

Հիշեցնենք, որ Կառավարության եզրակացությունը ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Հ. Աբրահամյանը, նշելով, թե «քաղաքական գործիչ դառնալն, իհարկե, բախտի հետ կապ ունի, բայց պատահական մարդը չի կարող դառնալ գործարար», հայտնեց իր կարծիքն այն մասին, որ «բոլոր ստուգող մարմինների ղեկավարները պետք է հասկանան, որ այդ մեխանիզմներն իրենց տրված են ոչ թե անձնական խնդիրները լուծելու, այլ` օրենքը պահպանելու համար»:
Անդրադառնալով քննարկվող օրինագծին` ԱԺ նախագահը մի շարք հարցադրումներ ներկայացրեց. «Ի՞նչ է նշանակում գազի կորուստ: Մենք խոսում ենք մի կառույցի մասին, որն ընդհանրապես իր կորուստների մասին չի մտածում, չի անհանգստանում, ինչու՞ մենք պետք է սկսենք մտածել: Ինչ է` դու՞ք ավելի շատ եք մտածում, ինքն իր սեփական ապրանքի մասին չի՞ մտածում, հա՞»:
Դիմելով Արմեն Ալավերդյանին` Հ. Աբրահամյանն անհասկանալի համարեց նրա մոտեցումները: Նա նշեց, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը կիսում է այն կարծիքը, որ պետք է «հարգվեն գործատուների շահերը»:
«Չի կարելի բոլորին գող ու ավազակ համարել: Իհարկե, դուք ուղղակիորեն չեք ասում, բայց ոչ մեկին չեք վստահում»,- ընդգծեց ԱԺ նախագահն ու հավելեց. «Ես կողմ եմ այն բանին, որ պետք է վստահել, հետո պատժել նրանց, ովքեր կխախտեն օրենքը»:
Ամփոփելով իր ելույթը` Հ. Աբրահամյանը նկատեց, որ «պետք է բարձրացնել վստահությունը հարկատու մարմինների և հարկատուների միջև»: Նա նշեց նաև, որ Կառավարությունը «կարող է ունենալ իր տեսակետը, բայց այն կարող է չընդունվել ԱԺ-ի կողմից»:

21.05.2009, 18:00

Aysor.am

Կառավարութունը դեմ է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրինագծին









«Կառավարությունը ներկայացված խմբագրությամբ նախագիծը նպատակահարմար չի համարում»,- հայտարարեց ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ԱԺ-ի այսօրվա նիստում` քննարկման ներկայացված ««Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հայտնելով Կառավարության դիրքորոշումը:

Տեղեկացնենք, որ ԱԺ մի շարք պատգամավորների կողմից ներկայացված օրենքի փոփոխությունը պայմանավորված է գազալցման (գազալիցքավորման) կայանների շահագործման պարզեցման և ծառայությունների մատուցման հարմարավետության անհրաժեշտությամբ, ինչպես նաև թույլ կտա հաստատագրված վճարի ամսական չափի հաշվարկումը պայմանավորել տնտեսավարողի տնտեսական գործունեությամբ:

Գործող օրենքով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի չափի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում գազալցման կայանում տեղակայված գազալցման խողովակների քանակը: Դա պարտադրում է տնտեսավարողներին գազալցման խողովակների քանակը հասցնել նվազագույնի, ինչը զգալի անհարմարավետություն է ստեղծում սպառողների համար: Օրենքով նաև նախատեսված է ամսվա ընթացքում ստացված և իրացված գազի ծավալի կարուստ` 12.5 տոկոսի չափով:

Ա. Ալավերդյանի խոսքերի համաձայն` Կառավարությունը մտահոգված է, որ գազալցման խողովակների թվի դուրս բերումն օրենքից կարող է հանգեցնել պետական բյուջեի կորուստների: Միևնույն ժամանակ նա նշեց Կառավարության կողմից ներկայացվող այն պայմանները, որոնց կատարումն Կառավարությունն անհրաժեշտ է համարում:

Ծախսված գազի ճիշտ հաշվարկման հարցի լուծումը հաշվիչների տեղադրման միջոցով, հարկային մարմինների համար ծախսված գազի ծավալների հաշվարկման հսկողությունը, ինչպես նաև` պետական բյուջեի հնարավոր կորուստների բացառումը` Ա. Ալավերդյանի կողմից ներկայացված Կառավարության առաջադրած հիմնական պայմաններն են:

Պետական եկամուտների կոմիտեի փոխագահը, ամփոփելով իր ելույթն, ընդգծեց, որ Կառավարությունը պատրաստ է դրական եզրակացություն տալու, եթե օրինագծի հեղինակներն այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, լրամշակեն Կառավարության առաջարկներով:

21.05.2009, 17:57

Aysor.am

Շնորհավորական խոսքեր ԱԺ-ում

Այսօր ԱԺ չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի մայիսի 18-21-ի քառօրյայի նիստը սկսվեց պատգամավորների կողմից ԱԺ-ում «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական խոսքերով:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նիստը սկսելուց առաջ բոլոր պատգամավորների կողմից շնորհավորական և բարեմաղթանքի խոսքեր ասաց:

Բացի այդ` այսօրվա նիստին ներկա էր նաև ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանին փոխարինող Կարինե Աճեմյանը:

ԱԺ նախագահը պատգամավորներին ներկայացրեց Հանարպետական կուսակցության նոր պատգամավորին:

«Ցանկանում եմ բոլորիդ անունից շնորհավորել տիկին Աճեմյանին` մաղթելով բեղմնավոր և արդյունավետ աշխատանք ԱԺ-ում», - հայտնեց Հովիկ Աբրահամյանը:

21.05.2009, 14:44

Aysor.am

Ս. Համբարձման կամ Ջյանգյուլումի տոնը Էջմիածնում

«Ջյանգյուլում կասեմ, կշարեմ ջյանգյուլում, ջա~ն, ջա~ն» երգելով վաղ առավոտից Էջմիածնի տարբեր փողոցներում շրջում են խումբ-խումբ երեխաներ և տնից տուն անցնելով` ծաղիկներ են բաժանում ու դրամահավաքություն են կատարում: Այսպես Էջմիածնում և նրա հարակից շրջաններում ու գյուղերում նշում են Ս. Համբարձման տոնը:

Տեղեկացնենք, որ Ս. Համբարձման տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ը` հինգշաբթի: Ավետարանի համաձայն` Հարությունից հետո Քրիստոսը 40 օր մնում է երկրի վրա և երևում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուսն Իր վարդապետությունն ուսացանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:

Էջմիածնի յուրաքանչյուր փողոցի դպրոցական կամ վաղ դպրողական տարիքի երեխաները դեռ երեկվանից հավաքվում են, տարբեր ծաղիկներից փոքրիկ փնջեր են կազմում, ընտրում են խմբի առաջնորդին, ով ուղեկցելու և ղեկավարելու է բոլորին հաջորդ օրվա ընթացքում, ապա խմբի «հարսին ու փեսային», ովքեր, մեծ մասամբ, լինում են ավելի կրտսեր տարիքի: Հենց այսպիսի խմբերն էլ վաղ առավոտից շրջում են յուրաքանչյուրն իրենց փողոցում ու հարակից փողոցներում և երգ ու գովք ասելով, ծաղիկներ բաժանելով` դրամ են հավաքում բնակիչներից:

Նշենք, որ Ս. Հաբարձման տոնը նմանօրինակ նշելը գալիս է ավելի վաղ ժամանակներից: Դեռ Հ. Թումանյանն իր «Անուշում» գեղեցիկ նկարագրում է տոնը նշելու բոլոր սովորույթները: Այժմ այն փոքր-ինչ ձևափոխվել է և նախկինում` հիմնականում օրիորդների մասնակցությամբ նշվող այս տոնը, այժմ նշում են դպոցական երեխաները:

Միևնույն ժամանակ պահպանվել են տոնը նշելու հիմնական ավանդույթները, որոնցից է նաև «վիճակ գցելը» կամ «վիճակ հանելը»: Դրամահավաքությունից հետո, երեխաները հավաքվում են իրենց «առաջնորդի» տանը, հավաքված գումարով կերակուր են գնում` երեկոյան տոնը «քեֆ-ուրախությամբ» նշելու համար:

Հենց երեկոյան խնջույքի ժամանակ էլ փոքր կուժի մեջ յուրաքանչյուրը դնում է իրեն պատկանող որևէ իր, կուժի մեջ լցնում են ծաղկի թերթիկներ, որի շնորհիվ էլ վիճակահանության ընթացքում որոշվում է իրի տիրոջ «ճակատագիրը»:

Սովորաբար խմբի «մեծերը» նախորոք հավաքում են գուշակությունների նման բարեմաղթական տողեր: Վիճակահանության ժամանակ խմբի հարսը, այս տողերի ընթերցմանը զուգահեռ, կուժից հերթով դուրս է հանում խմբի երեխաների իրերն ու կարդացված տողը վերագրվում է իրի սեփականատիրոջը:

21.05.2009, 10:31

Aysor.am

Tuesday, May 26, 2009

Հայ-թուրքական հարաբերություններում հստակություն կմտցնի ֆուտբո՞լը









«Բոլորիս շատ լավ հայտնի է, որ վերջին շաբաթների ընթացքում Ստամբուլում, Բաքվում, Լեհաստանում Թուրքիայի վարչապետ Ռաջեփ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ շատ կոշտ կերպով շեշտեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները լինելու են նախապայմաններով: Մի քանի անգամ ինքը, նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաններ, նշեցին, թե որոնք են այդ նախապայմանները»,- ԱԺ-ի նիստում` մինչ Կառավարության ներկայացուցիչներից որևէ մեկին հարց ուղելը` հիշեցրեց ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Վ. Հովհաննիսյանի խոսքերով, այդ նախապայմաններն են Կարսի պայմանագիրի ստորագրումը, Ցեղասպանության ճանաչման հետապնդումից հրաժարվելը և Ղարաբաղի հիմնահարցը` հայկական շահերը ադրբեջանական շահերին ենթարկելու լուծումով:

«Հայստանը շարունակում է վստահեցնել աշխարհին և մեզ, որ նախպայմաններ չկան և հարցը լուծվելու է առանց նախապայմանների: Մենք այնուամենայնիվ ավելի հակված ենք կարծելու, որ թուրքկանան տեսակետն, ի վերջո, հաղթելու է և այդ նախապայմանները կմնան ուժի մեջ: Մենք պարտավորված ենք լինելու փոխել այս քաղաքականությունը, կամ, պարզապես, ենթարկվել»,- նշեց Վ. Հովհաննիսյանն ու հավելեց. «Քանի որ ես չեմ կարծում, որ մեր ղեկավարությունը և մեր կառավարությունը պատրաստ է զիջել հայկական ազգային շահերը, հարցս հետևյալն է. Ժամանակը չէ՞ արդյոք արագացման ենթարկել դեպի Իրան տանող երկաթուղու կառուցումը` ամեն գնով դա անելու պայմաններում»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ նշեց, որ «իրենք նույնպես ուշադիր հետևում են բոլոր հայտարարություններին, որոնք արվում են հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ` նաև թուրքիայի բարձրաստիճան անձանց կոմղից»:

«Եվս մեկ անգամ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ ՀՀ դիրքորոշումն այդ բանակցություններում չի կարող փոխվել, ՀՀ նախագհը հստակ հնչեցրել է մեր դիրքորոշումը` ոչ միայն միջազգային հանրությանը, ոչ միայն գլոբալ խաղացողներին, այլև, առաջին հերթին, մեր ժողովրդին, սփյուռքահայությանը տեղյակ պահելով»,- հայտնեց Տ. Սարգսյանն ու ընդգծեց. «Ես ևս մեկ անգամ հավաստիացնում եմ, որ հարաբերությունները Թուրքիայի հետ կարող են կարգավորվել միայն առանց նախապայմանների»:

Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանն ունի հզոր գործիք, այն է` ցանկացած պայմանավորվածություն և պայմանագիր, որը պետք է հիմք դնի դիվանագիտական հարաբերություններին կամ սահմանի բացմանը, պետք է վավերացվի ԱԺ-ի կողմից, ինչը ենթադրում է, որ այդ գործընթացը լինելու է հրապարակային և պաշտպանելու է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:

«Բնականաբար մեր դիրքորոշումը պետք է լինի պրոակտիվ. մենք երբեք չենք կարող մոռանալ Ցեղասպանության մասին, և այդ առումով, այն ազգային շարժումները, որ գոյություն ունեն, որոնք հետամուտ են լինում Հայ դատի գործին, պետք է ամբողջ թափով շարունակվեն»,- մանրամասնեց Տ. Սարգսյանը:

Ինչ վերաբերում է երկաթգծի կառուցմանը, ապա վարչապետը հիշեցրեց, որ երեկ Կառավարությունում եղել է խորհրդակցություն այդ մասին: Նա նշեց, որ այդ հարցի շուրջ սկզբունքային և քաղաքական որոշումներն արդեն կայացվել են, որոնց մասին Հանրապետության նախագահը հայտարարեց իր` Իրան կատարած այցի ժամանակ:

Տ. Սարգսյանի խոսքերի համաձայն` փոխադարձ որոշումը կա այդ աշխատանքները սկսելու համար և պետք է առավելագույն ջանքեր գործադրվեն, որ կառուցման համար նախատեսված ժամկետները լինեն մինիմալ:

Հարցի առնչությամբ Վահան Հովհաննիսյանը հանդես եկավ մի շարք նկատառումներով: Նա նշեց, որ իր կարծիքով «այլևս նպատակահարմար չէ խոսել սահմանի բացման մասին, այլ մեկ սահմանակետի` միջանցքի մասին, քանի որ հենց ասում ենք սահման, նրանց ախորժակները գնում են դեպի 1921 թ.»:

«Նախագահն ասաց, որ ողջամիտ ժամանակներում պետք է իրականցվի այս ամենը. սա չի կարող տարիներով ձգվել, որովհետև մենք տանուլ ենք տալիս բարոյական և քաղաքական առումով: Ինչքա՞ն է տևելու այս ողջամիտ ժամանակահատվածը, մինչև՞ ֆուտբոլ, թե՞ պետք է Էրդողնը մեկ անգամ էլ Հայաստանում ասի, որ առանց Ղարաբաղը զիջելու մենք ոչնչի չենք հասնի, որ մենք հասկանանք, որ մինչև ֆուտբոլը սպասել պետք չի: Միգուցե արդեն ժամանա՞կն է կասեցնել այս կերպ տարվող բանակցությունները»,- հարցրեց Վ. Հովհաննիսյանը:

Ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահն այդ առումով էլ «բավականին հստակ հայտարարությամբ հանդես եկավ` ասելով, որ այդ ֆուտբոլային խաղը կլինի այն ժամկետը, որի ընթացքում արդեն հստակություններ կմտնեն այս բանակցային գործընթացում»:

«Իհարկե, մենք չենք կարող այդ ժամկետն անվերջ ձգձգել, և այդ ֆուտբոլային խաղը հենց այն պահն է, որ ժամանակի առումով հստակություն է մտցնելու»,- ընդգծեց Տ. Սարգսյանը:

20.05.2009, 20:56

Aysor.am