Thursday, July 9, 2009

Գ. Սահակյանը` հայ-վրացական հարաբերությունների մասին















«Մենք պետք է գիտակցենք, որ Վրաստանը ոչ միայն պետք է դիտարկել որպես մեր դարավոր բարեկամ, այլև մի երկիր, որով մենք կարողանում ենք մեր տնտեսական խնդիրները լուծել և իրականացնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ-ում Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Մեկնաբանելով ռուսական մամուլի և ռուս քաղաքական մի շարք գործիչների արձագանքները` Վրաստանի նախագահի Հայաստան կատարած այցելության վերաբերյալ, Գ. Սահակյանը հայտնեց, որ «միջպետական հարաբերություններում ոչ մի բացասական երևույթներ չկան, քաղաքական ուժերը կարող են քննադատել այցը, ինչը կապված է ռուս-վրացական հարաբերությունների հետ և ոչ թե հայ-վրացական»:

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները Վրաստանի նախագահ Սահակաշվիլու այցից հետո որևէ փոփոխություններ չեն կրել, և այն հարաբերությունների վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ»,- ընդգծեց Գ. Սահակյանը:

Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, ապա, ըստ խմբակցության ղեկավարի, «մենք պետք է կարողանանք մեր գործընկերությունը ավելի խորացնել, որովհետև Վրաստանն այն տարածքն է, որտեղից մեր արտահանումն ու ներկրումն է իրականացվում»:

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի` Վրաստանի սահմանն անցնելն արգելելու վրացական կողմի բացատրությանը` Գ. Սահակյանը կարծիք արտահայտեց, որ պատճառը «հավանաբար Վրաստանի լարվածությունն է, որը կա նաև Ջավախքի հետ կապված որոշ խնդիրների առումով»: Նա ասաց, որ «Շ. Թորոսյանը խոսող անձնավորություն է, և իր գաղափարախոսությունն ամբողջովին ուղղված է Ջավախքի կողմը» և, միգուցե, դա է պատճառ հանդիսացել նրա` Վրաստանի համար «անցանկալիությանը»:

Գ. Սահակյանը վստահեցրեց, որ «լարվածությունը թուլացել է, և ինքը կարծում է, որ Շ. Թորոսյանին այլևս չի արգելվի անցնել Վրաստանի սահմանը»:

01.07.2009, 15:55

Aysor.am

No comments:

Post a Comment