«Փաստահավաք խումբն իր կատարած ողջ աշխատանքը` մոտ 2000 էջ ծավալով, փոխանցել է մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին: Հանձնաժողովի ներսում մենք աշխատանքի բաժանում ենք իրականացրել` ծանոթանալու մեզ տրամադրված նյութերին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ն. Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենց «տրամադրված յուրաքանչյուր փաստաթուղթ անպայման մանրակրկիտ ուսումնասիրվելու է»: Ավելին, նա նաև նշեց, որ «ինքը կողմ է, որ այդ փաստաթղթերն անխտիր հրապարակվեն, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չմնա, թե իրենք ցանկություն ունեն որևէ փաստաթուղթ կոծկելու»:
«Այն փաստաթղթերը, որոնք մենք կգտնենք, որ լուրջ փաստեր են, որ իսկապես արժանի են ուսումնասիրման, արժանի են ներառվելու ժամանակավոր հանձնաժողովի վերջնական եզրակացությունում, ես ինքս կպնդեմ, որ ներառվեն»,- մանրամասնեց Ն. Զոհրաբյանը:
Անդրադառնալով ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի գնահատականին` պատգամավորը հայտնեց, որ ԵԽԽՎ-ն իր այս բանաձևով «շատ ավելի լուրջ և շատ ավելի մեծ պատասխանատվություն է դրել մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի վրա: Մանրամասնելով` նա հայտնեց, որ այն խնդիրները, որոնք ինչ-ինչ պատճառներով չկարողացավ լուծել Փաստահավաք խումբը, վեհաժողովը փոխանցել է մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին:
«Մեզ համար ևս շատ կարևոր է, որ 10 մահվան դեպքերը բացահայտվեն, մեզ համար ևս կարևոր է, որ մեղավորները կրեն իրենց պատասխանատվությունը»,- ընդգծեց Ն. Զոհրաբյանը:
Ն. Զոհրաբյանը տեղեկացրեց նաև, որ իրենք «անսալու են Պրեսկոտի առաջարկին և անպայամանորեն օգտվելու ենք նաև հատուկ միջոցների փորձաքննություն անցկացնելու մեր իրավունքից»:
29.06.2009, 20:09
No comments:
Post a Comment