Friday, July 17, 2009

«Ոսկե ծիրանը» Ֆրանսիայում մեծ համբավ ունի

«Ես շատ երջանիկ եմ այստեղ գտնվելու համար: Ես միայն գիտեի, որ Հայաստանն ու Ֆրանսիան մշակույթով կապված երկրներ են, բայց բոլորովին չգիտեի Հայաստանի մասին», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց ֆրանսիացի ռեժիսոր Ժյուլետ Գարսիան:

Տեղեկացնենք, որ Ժ. Գարսիան Հայաստանում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ռեժիսորը փառատոնի «Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթին» ներկայացված է իր «Խելոք մնա» ֆիլմով:

Ժ. Գարսիան խոստովանեց, որ Հայաստանն իր համար հայտնություն էր և ինքն անպայման գալու է այստեղ` ճամփորդելու և բացահայտելու մեր երկիրը:

Խոսելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնից` ֆրանսիացի ռեժիսորը հայտնեց, որ փառատոնը Ֆրանսիայում մեծ համբավ ունի:

«Ֆրանսիայում այս փառատոնը մեծ հեղինակություն ունեցող, շատ պահանջկոտ և իր նպատակը հստակ իմացողի համբավ ունի», - ընդգծեց Ժ. Գարսիան:

Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրանի» շրջանակներում ցուցադրվող ֆիլմերին, ապա ռեժիսորը դեռ չի հասցրել որևէ ֆիլմ դիտել, քանի որ երեկ է ժամանել Հայաստան: Այնուամենայնիվ, Ժ. Գարսիան հայտնեց, որ փառատոնին մասնակցող որոշ ֆիլմերի մասին լսել է, որոշներն էլ տեսել է ուրիշ փառատոններում:

17.07.2009, 14:35

Aysor.am

No comments:

Post a Comment