«Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված` իշխող կուսակցության կարծիքն անփոփոխ է, մենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների կողմնակից ենք, ինչը նշանակում է, որ Ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող լինել նախապայման»,- հայտարարեց Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Է. Շարմազանովը հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունները բազմաթիվ անգամ ասել են, որ «պատմական հանձնաժողովի մասին խոսք անգամ լինել չի կարող»: Նա նշեց, որ երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հստակեցրել է, որ խոսքը միջկառավարական հանձնաժողովի մասին է և մեզ համար Ցեղասպանության հարցը սակարկման թեմա չի կարող լինել»:
«Ավելի, մենք հավատում ենք, որ ուշ, թե շուտ ինչպես ողջ առաջադեմ մարդկությունը, այնպես էլ Թուրքիան կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, որովհետև դեռ որևէ երկիր չի հերքել Ցեղասպանության փաստը»,- ընդգծեց Է. Շարմազանովը:
Անդրադառնալով հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությանը և Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլու հայտարարությանը այն մասին, որ «գնդակն ընդհանուր է և այս պահին այն գտնվում է Թուրքական կիսադաշտում»` Շարմազանովը «կես կատակ, կես լուրջ» հայտնեց իր կարծիքը` որպես ֆուտբոլից «քիչ, թե շատ հասկացող մարդ»:
«Երբ որ գնդակին երկու հոգի են հարվածում, գնդակն աութ է լինում, դրա համար լավ կլինի, որ Թուրքիան գնդակը ճիշտ փոխանցի»,- հայտարարեց Է. Շարմազանովը:
Ինչ վերաբերում է ընդդիմության որոշ ներկայացուցիչների` հայ-թուրքական հարաբերությունների մասին արված հայտարարություններին, ապա Հանրապետական խմբակցության քարտուղարը կարծում է, որ դա իրենց կարծիքն է: Միևնույն ժամանակ ընդգծում, որ «Ցեղասպանության ճանաչման խնդիրը երբեք դուրս չի գա ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից, որի մասին խոսել է և’ Նախագահը, և’ արտգործնախարարը»:
24.06.2009, 17:53
No comments:
Post a Comment