
«Այսօրվա հանդիպումն ունի երեք լավ առիթ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Կինոյան Փարթներս» պրոդյուսերական կենտրոնի գլխավոր պրոդյուսեր Արման Աբովյանը:
Որպես առաջին առիթ` Ա. Աբովյանը նշեց հայ ռեժիսոր Արմեն Ռոնովի (Մկրտչյանի) «Աննա և Կարենին» ֆիլմի` Սանկտ-Պետերբուրգի «Ուղերձ մարդուն» միջազգային անիմացիոն կինոփառատոնում գրանցած հաղթանակները:
Հիշեցնենք, որ Ա. Ռոնովը կինոփառատոնում արժանացել է հատուկ մրցանակների` «Հեղինակային կինոյում նոր խոսք ասելու համար» և «Նոր կինո» անվանակարգում:
Հանդիպման մյուս առիթները Ա. Ռոնովի և «Կինոյան Փարթներս» պրոդյուսերական կենտրոնի համատեղ աշխատանքներին էր վերաբերում: Ինչպես հայտնեց Ա. Աբովյանը, Ա. Ռոնովի հետ համատեղ նկարահանվել է «Բանաստեղծությունների ընտրանի» գեղարվեստական ֆիլմը, իսկ «Ձմեռային խնձոր» ֆիլմի նկարահանման աշխատանքները դեռ շարունակվում են:
Ա. Աբովյանը տեղեկացրեց նաև, որ չնայած ֆիլմերը ստեղծվում են ռուսական կողմի հետ, բայց պրոդյուսերական կենտրոնի պահանջով դրանցում «նկարահանվելու են հայազգի դերասաններ, ֆիլմերի նկարահանումները լինելու են Հայաստանում և դրանք լինելու են հայկական ֆիլմեր»: Նա հայտնեց նաև, որ ֆիլմերում նկարահանվում են ռուսական կինոյի աստղեր, որոնց մասին մենք կտեղեկանանք ֆիլմերի նկարահանման աշխատանքներն ավարտելուց հետո:
«Միայն ասեմ, որ «Բանաստեղծությունների ընտրանի» ֆիլմում նկարահանվել է ռուսական կինոյի աստղ Սերգեյ Յուրսկին»,- հայտնեց Ա. Աբովյանը:
«Բանաստեղծությունների ընտրանի» ֆիլմի ռեժիսորը տեղեկացրեց, որ ֆիլմը նկարահանվել է Ա. Աբովյանի 10 բանաստեղծությունների հիման վրա, ով ռուս բանաստեղծական լիգայի անդամ է:
«Բանաստեղծությունները կարդում են հայ և ռուս շատ հայտնի արվեստագետներ»,- հայտնեց Ա. Ռոնովը:
Ինչ վերաբերում է Ա. Ռոնովի «Ձմեռային խնձոր» ֆիլմին, ապա ռեժիսորի տեղեկացմամբ, այն անիմացիոն է և նկարահանվում է ամենաժամանակակից եղանակներով ու տեխնիկայով:
Չնայած Ա. Ռոնովը խոստովանեց, որ իր ֆիլմերը ընդունելություն են գտել ռուս հանդիսատեսի կողմից, քանի որ հայաստանյան կինոասպարեզի գործիչները հրաժարվում են դրանք Հայաստանում ներկայացնել, սակայն պրոդյուսեր Ա. Աբովյանը նշեց, որ Ա. Ռոնովի ֆիլմերի պրեմիերաները, մինչ ռուսական պետական հեռուստաալիքներից մեկով ցուցադրվելը և վարձույթներին հանձնելը, անպայման կցուցադրվեն Հայաստանում:
10.07.2009, 21:11
No comments:
Post a Comment