
«Ֆիլմս Ինդոնեզիայի չինական փոքրամասնությունների վիճակի և զգացումների, ինքնության խնդրի երկվության մասին է, այն մասին, թե ինչպե՞ս են Ինդոնեզիայում բնակվող չինացիները քողարկում իրենց զգացմունքները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ազգությամբ չինացի, բայց Ինդոնեզիայում բնակվող ռեժիսոր Էդվինը` «Կույր խոզը, որն ուզում է թռչել» ֆիլմի վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Խաղարկային ֆիլմերի մրցույթին:
Ռեժիսորի խոսքերով, այս ֆիլմը ներանձնական է: Էդվինի համար այն փորձ է բացահայտելու իր ինքնությունը, կապ հաստատելու իր արմատների և չինական մշակույթի հետ:
«Ինձ համար, նկարահանող խմբի համար և բարեկամներիս ու ընկերներիս համար այս ֆիլմը պարզապես միջոց էր ինքներս մեզ ճանաչելու»,- ընդգծեց Էդվինը:
Ռեժիսորը նշեց նաև, որ ֆիլմը նկարահանելիս` ինքը չի մտածել հանդիսատեսի մասին: Նա պարզապես բարձրացրել է այն խնդիրները, որոնց հետ առնչվում են Ինդոնեզիայում ապրող չինացիները:
Էդվինը պատմեց նաև, որ ֆիլմի նկարահանման ժամանակ ինքը փորձել է միջոցներ ձեռք բերել տեղի արդեն հարստացած չինացիներից, ովքեր մերժել են որևէ օժանդակություն ցուցաբերել ֆիլմի նկարահանման աշխատանքների հետ կապված: Նրա խոսքերով, «արդեն իրենց կյանքն ապահովված այդ չինացիները չէին ցանկանում հովանավորել հատկապես նման ֆիլմ, գուցե նաև` հոգևոր տառապանքի չենթարկվելու համար»:
Այնուամենայնիվ, ֆիլմի նկարահանումների համար ծախսված 200 հազար եվրո գումարը ռեժիսորը ձեռք է բերել, հիմնականում, Ինդոնեզիայում գործող ընկերությունների ու կազմակերպությունների շնորհիվ:
15.07.2009, 21:17
No comments:
Post a Comment