Tuesday, July 14, 2009

Ո՞վ է մեր ժամանակի հերոսը` գո՞ղը, թե՞ …
















Ո՞վ է մեր ժամանակի հերոսը: Ո՞վ պետք է օրինակելի լինի մեր սերնդի համար: Այս հարցերը հուզել են ոչ միայն Յ. Լերմոնտովին, այլև մեր ժամանակի հերոսներ կերտողներին` արվեստի ներկայացուցիչներին:

Շատ արվեստագետներ են նեղսրտում նրանից, որ մեր սերունդը չունի իրական հերոսներ և դաստիարակվում ու ընդօրինակում է այն հերոսներին, որոնք մատուցվում են սերիալների միջոցով: Լրագողների հետ հանդիպումների ժամանակ հայ արվեստի մեծերը միշտ էլ քննարկում են հերոսի բացակայության խնդիրն ու բազմազան լուծման եղանակներ են առաջարկում:

Մեր ժամանակի «հերոսները» դրձան նաև Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի քննարկման թեման:

Վ. Մսրյանը բնական է համարում այն, որ հայկական հեռուստաընկերությունները պետք է սերիալներ նկարահանեն, մանավանդ, որ «հայերն ավելի լավ են նկարահանում, ավելի ճկուն միտք ունեն, և, որ ավելի լավ է լինեն հայկական սերիալներ, քան բրազիլական կամ այլ երկրի»:

«Բայց ես դեմ եմ նրան, որ բոլոր սերիալները կրիմինալ են: Կարելի է կրիմինալ նկարահանել, բայց մի կրիմինալ»,- ընդգծեց Վ. Մսրյանը:

Ժողովրդական արտիստը նաև անընդունելի է համարում այն տեսակետը, ըստ որի, «ժողովրդին մատուցվում է այն, ինչ վերջինս ցանկանում է»: Վ. Մսրյանը, շատ ու շատ արվեստագետների նման, համոզված է, որ «ժողովուրդն ընդունում է այն, ինչ իրեն մատուցվում է» և, որ «արվեստի ուժը կայանում է նրանում, որ կարող է ժողովրդին պոկել տեղից ու վեր բարձրացնել»:

Վ. Մսրյանը կարևորում է հատկապես երիտասարդ սերնդի դաստիարակությունը: Նա համոզված է, որ «եթե այսօր մեր երիտասարդներին չտանք այն արժանի արվեստը, որը պետք է, մենք շատ հետ կմնանք»:

«Մեր երեխաներին դպրոցում հարց են տվել` ի՞նչ ես ուզում դառնալ, ասել են` գող: Նրանք ուզում են գող դառնալ, որովհետև մեր սերիալներում միայն այդպիսիներին են ցույց տալիս»,- մանրամասնում է Վ. Մսրյանը և ընդգծում. «Երեխաները պետք է դաստիարակվեն մեր լավագույն արժեքներով»:

Դերասանը համոզված է նաև, որ «այսպես չի կարող շարունակվել և ժամանակն է ունենալ երիտասարդ սերնդի համար հերոս, որին նա պետք է ընդօրինակի»:

Կինոն համարելով մեծ զենք` Վ. Մսրյանը հայտնեց նաև այն տեսակետը, որ «կինոն էլ, ինչպես մարդը, ունակություն ունի ծերանալու և մեռնելու, դրա համար հարկավոր է նոր խոսք, նոր ասելիք»: Նա վստահ է, որ «նորը մեզանում միշտ դժվար է ընդունվում, սակայն հենց նորը պետք է շատ մեծ դեր խաղա»:

Հենց նորի և արվեստի զարգացման ու բարձրացման միջոցով է, որ Վ. Մսրյանը տեսնում է հերոսների հայտնաբերման ու սերունդների դաստիարակման ուղին:

11.07.2009, 19:03

Aysor.am

No comments:

Post a Comment