
Հայազգի ռեժիսոր Արմեն Ռոնովի «Աննա և Կարենին» ֆիլմը` նկարահանված Լ. Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի հիման վրա, Սանկտ-Պետերբուրգի «Ուղերձ մարդուն» միջազգային դոկումենտալ, կարճամետրաժ և անիմացիոն կինոփառատոնում արժանացել է հատուկ`«Նոր կինո» մրցանակին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ֆիլմի ռեժիսոր Արմեն Ռոնովը:
Տեղեկացնենք, որ փառատոնի և կինոգործիչների միության կողմից ռեժիսորը ևս մրցանակի է արժանացել` «Դասական կինոյում ներդրում ունենալու համար»:
Նշենք նաև, որ ֆիլմում գլխավոր կերպարին` Կարենինին, մարմնավորում է հայ անվանի դերասան Վլադիմիր Մսրյանը:
Ա. Ռոնովը տեղեկացրեց, որ «Ուղերձ մարդուն» կինոփառատոնը գործում է արդեն 20 տարի: Այս տարի փառատոնին մասնակցում էին 88 երկրներից 3800 ֆիլմեր, որոնցից մրցութային փուլում ընդգրկվել են 49-ը:
«Պատիվ ունեցա ծանոթանալ կինոաշխարհի աշխարհահռչակ ռեժիսորների ու կինոքննադատների հետ: Տպավորություններս հրավառության վերածվող տպավորություններ են»,- պատմեց Ա. Ռոնովը:
Ռեժիսորը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, մշակույթի նախարարությանը, ինչպես նաև` Հայ ազգային կինոկենտրոնին և նշեց, որ իր համար պատիվ էր «աշխարհին ներկայացնել Հայաստանը»:
Փառատոնի հեղինակությունն ու մակարդակն ընդգծելու համար նշենք, որ 2008 թ-ին փառատոնը մրցանակ է շնորհել ճապոնացի ռեժիսոր Կունի Կատոի «Խորանարդներից տնակը» անիմացիոն ֆիլմին, որն այս տարի Օսկարի դափնեկիր է դարձել:
26.06.2009, 20:12
No comments:
Post a Comment