
«Մեկը քարը փոսն է գցում, հազար խելոք չեն կարողանում հանել» ասացվածքը հիշեց ԱԺ-ում Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի արաքն ու դրա շուրջ ծավալվող մեկնաբանությունները:
Գ. Սահակյանի կարծիքով, «քաղաքական ուժերն ու հասարակությունը պետք է զգույշ լինեն այնպիսի մարդկանց ԱԺ բերելուց առաջ»: Նրա խոսքերով` Զ. Փոստանջյանը «քաղաքական գործիչ չէ, փորձառու չէ և այն մարդկանցից է, ովքեր չգիտեն` որտե՞ղ կարելի է հերոսանալ և ո՞ր պետության համար»:
«Եթե ինքը գտնում է, որ մեծագործություն է կատարել, թող այդ մեծագործությունով, բարձր տրամադրությամբ ապրի, բայց նման երևույթները խոցելի են դարձնում քաղաքական դաշտը», - ընդգծեց Գ. Սահակյանը:
Անդրադառնալով արարքին տրվող մեկնաբանություններին ու որակումներին` խմբակցության ղեկավարն ասաց, որ «ինչ էլ ասվի, համենայն դեպս արարքի գնահատականը չի արտահայտի», բացի այդ` «մարդ կա մտքում է հայհոյում, մարդ էլ կա բարձրաձայն»: Իսկ լրագրողները «պետք է այդքան հրաբուխներ չառաջացնեն այդ երևույթի համար, քանի որ ըստ էության, այն որևէ արժեք չունի քաղաքական դաշտի համար»:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանին տված գնահատականին, ըստ Գ. Սահակյանի, այն «բավականին օբյեկտիվ է, և հայաստանյան հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է գոհ լինեն բանաձևից»:
«Իհարկե դրանով չավարտվեցին մեր երկրի խնդիրները, մենք փորձելու ենք առաջընթաց ապահովել, իսկ դա անընդհատական պրոցես է: Հույս ունեմ, որ այդ որոշումը կնպաստի մեր պետության ներսում հետագա դրական զարգացումներին»,- հայտնեց Գ. Սահակյանը:
Բնական համարելով բանաձևի վերաբերյալ քաղաքական տարբեր ուժերի տարբեր գնահատականները` Գ. Սահակյանն ընդգծեց, որ «ԵԽԽՎ-ի գնահատականը արդյունք էր մեր քաղաքական ուժերի աշխատանքի»:
01.07.2009, 14:44
No comments:
Post a Comment