Thursday, July 16, 2009

«Հայկական համայնապատկերը» համախմբում է
















««Ոսկե ծիրան» կինոփառատոնի առաջնային նպատակներից ու խնդիրներից է եղել «Հայկական համայնապատկեր» ծրագրի իրականացումը, որը հնարավորություն է ստեղծում աշխարհի տարբեր մասերում ստեղծագործող հայ կինոգործիչներին հավաքել ու կապել հայկական կինոյի հետ»: Այս մասին հայտարարեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ տարեց տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակիցների և հյուրերի թիվն ավելանում է: Յուրաքանչյուր տարի մենք հնարավորություն ենք ստանում ծանոթանալու ու շփվելու ոչ միայն համաշխարհային անկրկնելի կինոն կերտողների, այլև այդ թվում` հայազգի կինոգործիչների հետ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հ. Խաչատրյանը հայտնեց նաև, որ, այսպիսով, հայկական կինոն զարգացել է նաև աշխարհի տարբեր մասերում, և մեզ համար կարևոր է այդ ներուժը մեկտեղել և փոխանցել երիտասարդ սերնդին:

«Մեր վարպետության դասերին, ինչպես նաև «Ոսկե ծիրանի» կինոդպրոց պետք է հրավիրել մեր ազգի այն ներկայացուցիչներին, ովքեր կկարողանան, լավ իմաստով, օտար աչքով տեսնել մեր թերությունները և առավելությունները», - կարծիք հայտնեց Հ. Խաչատրյանը:

Հարություն Խաչատրյանի համար կարևոր է համագործակցությունը նաև այն բանի համար, որ այդ «ներուժը» նպաստի հայկական կինոյի զարգացմանը: Նա նաև նշեց, որ այդ առիթով տարբեր հանդիպումներ է կազմակերպում` սերտ կապեր ստեղծելու և «համոզելու, որ աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող հայ կինոգործիչները նորից ու նորից գան Հայաստան»:

«Մենք արդեն փորձ ունենք. 7-8 ռեժիսորներ, ովքեր տարիներ առաջ առաջին անգամ էին եկել Հայաստան, հետո նորից եկան` այստեղ ֆիլմեր նկարահանելու»,- ասաց Հ. Խաչատրյանն ու հավելեց, որ այդ փորձը «վարակիչ» է և այն պետք է շարունակական լինի:

16.07.2009, 13:54

Aysor.am


No comments:

Post a Comment