Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին Նորվեգիայի հյուսիսում բնակվող Հաննան իր տնակում ժամանակավոր ապաստան է տալիս ռազմագերի Առաքելին: Այս տղամարդու հայտնվելով` փոխվում է Հաննայի կյանքը, և նա սկսում է իր ապրումները նկարագրել օրագրում … Մաթեմատիկայի 42-ամյա ուսուցչուհի Լաուրան` միայնակ ու խիստ անկախ մի կին, հանդարտ ու մեկուսի կյանքով ապրում է Երևանում: Թվում է` ոչինչ չի կարող փոխել նրա առօրյան: Բայց երբ Լաուրան պարզում է իր ծնողների պատմությունը` հուսահատության, կորստի և կրքի դրոշմով մի սիրավեպ, նրա կյանքում էլ է սկսվում արգելված սիրո զուգահեռ պատմություն:
Այսպիսի խճճված զուգահեռներով է կառուցված ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմը, որը ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Խաղարկային ֆիլմերի մրցույթում:
Ռեժիսորի խոսքերով, ֆիլմը ստեղծվել է իրական պատմության հիմքի վրա: Տեղեկացնենք, որ այն ներկայացված է եղել Մոսկովյան կինոփառատոնին:
Հ. Գալստյանի համար այս ֆիլմն առաջին մեծածավալ ֆիլմն է: Ռեժիսորը պատմեց, որ ֆիլմի ստեղծումն ուղեկցվել է բազմաթիվ դժվարություններով: Չնայած դրանց` Հ. Գալստյանը համոզված է, որ, եթե կա պատմություն` սյուժե, ապա ֆիլմ նկարահանելու համար կգտնվեն և´ ֆինանսական միջոցներ, և´ համապատասխան դերասաններ, և´ ռեսուրսներ:
Տեղեկացնենք, որ «Խճճված զուգահեռներ» ֆիլմն արժանացել է ռուս հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Այն արդեն երկու կինոընկերության կողմից վարձակալվել է և շուտով ցուցադրվելու է Ռուսաստանի կինոթատրոններում:
Նշենք նաև, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունենալու վաղը` Մոսկվա կինոթատրոնում 22:00-ին: Ցուցադրությանը մասնակցելու է նաև ֆիլմի գլխավոր դերակատարը` նորվեգուհին, ով այդ առիթով ժամանելու է Հայաստան:
14.07.2009, 20:17
No comments:
Post a Comment