
«Այս փառատոնը մեզ համար շատ կարևոր է այն առումով, որ ոչ միայն կարողանում ենք եվրոպացի ռեժիսորների, այլև այս տարածաշրջանի ռեժիսորների հետ կապ հաստատել»,- հայտարարեց Թուրքիան ներկայացնող ռեժիսոր Օզջան Ալփերը, ով իր «Աշուն» ֆիլմով մասնակցում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Միջազգային խաղարկային ֆիլմերի» մրցույթին:
Օ. Ալփերի խոսքերով, հակառակ քաղաքական բոլոր տարբերությունների և բաժանումների, «հետաքրքրիր է այս տարածաշրջանի ժողովուրդների հետ ծանոթանալ, նրանց նմանությունների մասին տեղեկանալ», ինչի հնարավորությունը ստեղծում է փառատոնը: Նա նաև նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում ավելի է սերտացել կապը երիտասարդ ռեժիսորների միջև:
Ռեժիսորն անդրադարձավ նաև «Ոսկե ծիրանի» շրջանակներում կազմակերպվող հայ-թուրքական կինոպլատֆորմին: Նա հայտնեց, որ պլատֆորմի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մի շարք լուրջ ծրագրեր:
Օ. Ալփերին համոզված է նաև, որ կինոպլատֆորմը «կմոտեցնի իրար մոտ գտնվող, բայց իրարից հեռու մնացող ազգերը»: Նրա խոսքերով, կինոպլատֆորմի շրջանակներում երիտասարդ ռեժիսորները քննարկում են ոչ միայն կինոյին վերաբերող հարցեր, այլև քաղաքականությանը, այդ թվում` Ցեղասպանության հարցը: Նա նշեց, որ Թուրքիայում շատ երևույթներ տեղի են ունենում չիմացության հետևանքով, և համոզված է, որ կինոն` այս ժամանակաշրջանի ամենաազդեցիկ միջոցներից մեկը, կարող է այդ առումով ևս դրական փոփոխություններ արձանագրել:
Թուրքիան ներկայացնող ռեժիսորը հայտնեց այն տեսակետը, որ Հրանտ Դինքը հենց Թուրքիայի անտեղյակության հետևանքով էր, որ նման ճանաչում ու նման վերաբերմունքի էր արժանանում: Նա պատմեց, որ Հրանտ Դինքը ցանկացած առիթով «անկեղծորեն, բոլորին հասկանալի ձևով, ասում էր ճշմարտությունը, և գաղտնիք չէ, որ շատերի վրա մեծ ազդեցություն էր թողնում»:
«Դրա համար է, որ կինոպլատֆորմը կինոյից բացի այլ բաների վրա էլ է ազդելու և մեծ նշանակություն է ունենալու»,- ընդգծեց Օ. Ալփերին և հավելեց, որ կինոպլատֆորմի շրջանակներում թուրք երիտասարդ ռեժիսորներից ոմանք նախատեսում են նկարահանել Ցեղասպանության, ինչպես նաև` Կոմիտասի մասին ֆիլմեր:
17.07.2009, 20:00
No comments:
Post a Comment