«Մեր հիմնական մասը Եղեռնից փրկվածների սերունդներ են և բնական է, որ մենք Հայաստանից սպասում ենք այնպիսի քայլերի, որ մեր հույսը չկտրենք հայրենիք, ոչ թե ՀՀ վերադառնալու մասին, սակայն այն, ինչ լսեցինք ապրիլի 23-ին` մեզ համար վիրավորական էր»,- հայտարարեց Կրասնոդար երկրամասի «Երկրամաս» թերթի խմբագիր, «Համշեն» կենտրոնի տնօրեն Տիգրան Թավադյանը:
Տ. Թավադյանի խոսքերեվ, իրենք մշտապես հետևում են հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև` Արցախի հիմնահարցի լուծման գործընթացին: Սակայն, ըստ նրա, Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունների Ցեղասպանության և երկկողմ հարաբերությունների մասին ապրիլի 23-ի հայտարարությունը «օտարել է Սփյուռքին Հայաստանից, քանի որ վիրավորանքը մեծ էր»:
Տ. Թավադյանը նշեց նաև, որ բացի Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդներից, Ռուսաստանում բնակություն են հաստատում նրանք, ովքեր լքել են Հայաստանը տնտեսական վատ պայմանների հետևանքով: Նա նշեց, որ այդ ամենի պատճառով «անվստահություն է առաջանում Հայաստանի իշխանությունների նկատմամբ»:
«Այս է պատճառը, որ Հայաստանի հետ կապն ամուր չէ և քչերն են ցանկանում վերադառնալ Հայաստան»,- ընդգծեց Տ. Թավադյանը:
«Երկրամաս» թերթի խմբագիրը տեղեկացրեց, որ Հայաստան են վերադառնում նրանք, ովքեր Ռուսաստանում ունեն կայացած բիզնես և կարողանում են իրենց հավաքած գումարով վերադառնալ, բնակվել Հայաստանում, մասնավորապես` Երևանում, և նոր բիզնես ծավալել` չհրաժարվելով Ռուսաստանից եկող եկամուտներից:
«Նրանք, ովքեր մեզ մոտ էլ հազիվ կարողանում են իրենց օրվա հացի փողն աշխատել, չեն ուզում վերադառնալ` ասելով, թե վերադառնանք, ի՞նչ անենք»,- մանրամասնեց Տ. Թավադյանը:
Տ. Թավադյանը հայտնեց նաև, որ, 2002 թ-ի վիճագրական տվյալների համաձայն, միայն Կրասնոդարում բնակվում է 275 հազար հայ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` նրանց թիվը 400-600 հազարի շրջանակում է:
25.06.2009, 19:34
No comments:
Post a Comment