Thursday, July 2, 2009

Ի՞նչ կտա գրողներին ՀԳՄ համագումարը














Հուլիսի 4-ին կայանալիք Հայաստանի Գրողների միության համագումարի օրակարգը դեռևս հստակեցված չէ: Այս մասին լրագրողներին հայտնեց ԳՄ քարտուղար, ՀՀ մշակույթի նախարարության Գրահրատարակչության գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը:

Է. Միլիտոնյանը նշեց, որ համագումարի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կլինեն վերջին 4 տարվա գրական ստեղծագործական ամփոփիչ ելույթներ, որոնք կներկայցվեն տարբեր ժանրերում` համառոտ տեսքով, ինչպես նաև` կլինեն ազատ ելույթներ, որոնց ընթացքում էլ առաջ կքաշվեն տարբեր խնդիրներ:

«Իսկապես ինձ էլ դուր չի գալիս այդպիսի մթնոլորտը, որտեղ, մեկը մյուսից դժգոհ, պետք է ընկնի իրավական քաշքշուկի մեջ: Կարծում եմ, որ այդ հարցերը կարող են բանականորեն լուծումներ ստանալ»,- բացատրեց Է. Միլիտոնյանն ու ընդգծեց, որ «ստեղծագործողները տարբեր մարդիկ են` դառն էլ կա, քաղցրն էլ կա, բայց պետք է հաշվի առնենք, որ նրանք ստեղծագործող մարդիկ են»:

Ասուլիսին ներկա գրող, գրականագետ Ա. Ափինյանը հայտնեց, որ ինքն անպայման մասնակցելու է համագումարին: Ավելին` տեղեկացրեց, որ համագումարը կայանում է իր ու մի շարք «քաջ» գրողների ջանքերի շնորհիվ, քանի որ ԳՄ նախագահ Լևոն Անանյանն այն ցանկանում էր անցկացնել 2010 թ-ին, ինչը հակասահմանադրական է:

«Արդարադատության նախարարությունը Անանյանի որոշումները սխալ է հանել և այդ պատճառով է, որ այս տարի է տեղի ունենում ԳՄ համագումարը, սա մեր առաջին հաղթանակն է»,- մանրամասնեց Ա. Ափինյանը:

Համագումարին մասնակցելու` Ա. Ափինյանի միակ նպատակն է «վերջ դնել գազոնային քաղաքականությանը»: Նա նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հնարավորություն ստեղծվի «հողից ադամանդ զատելու համար»:

Անդրադառնալով Լ. Անանյանի «ապօրինություններին»` Ա. Ափինյանը նշեց, որ խախտվել է նաև համագումարի անցկացման մասին կանոնադրությունը, որի համաձայն, պետք է համագումարից 20 օր առաջ այդ մասին հայտարարություն հրապարակվեր:

«Ոչ միայն հայտարարությունը չկա, այլև Լ. Անանյանն իր հերթին ապատեղեկացնում է շատերին` ամեն մեկին համագումարի անցկացման ժամանակի մասին մի օր հայտնելով»,- հայտնեց Ա. Ափինյանը:

Է. Միլիտոնյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ ինքը հստակ չի կարող ասել, թե համագումարի ընթացքում ԳՄ նախագահի ընտրություն կկազմակերպվի, թե ոչ` «ամեն ինչ պարզ կդառան համագումարի ընթացքում»:

22.06.2009, 18:09

Aysor.am

No comments:

Post a Comment