«Ներելու ունակությունը ուժի դրսևորում է, այնուամենայնիվ պետք է անկեղծորեն ընդունենք, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո երկրում ստեղծված էր բավական լարված ներքաղաքական իրավիճակ, ինչը հաղթահարելու համար նախագահը շատ կարևոր քայլ է կատարել»,- պատասխանելով լրագրողների հարցերին` հայտարարեց ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ն. Զոհրաբյանը ներկաներին հիշեցրեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 28-ի հայտարարությունն այն մասին, թե «ինչ-որ պահի պետք է կանգ առնել և ինչ-որ պահի պետք է սկսել նոր էջից», նշեց, որ «1677 բանաձևը տալիս է բոլոր հիմքերը` սկսելու նոր էջից»: Համաներման փաստն ընդունելով որպես նախագահի կողմից «քաղաքական օպոնենտներին արվող երկխոսության առաջարկ»` նա հույս հայտնեց, որ «կընդունվի այդ առաջարկը և ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի զեկույցում ներկայացված բոլոր խնդիրները կդարձվեն առօյայի խնդիրներ և միասին կփորձեն լուծել»:
«Պետք է հղում կատարեմ պարոն Պրեսկոտի ստրասբուրգյան ելույթին, երբ նա ասաց, որ ծայրահեղ դրսևորումները կոնստրուկտիվ մթնոլորտ չեն կարող ձևավորել, և կարծում եմ, որ պետք է ձերբազատվել ծայրահեղ մոտեցումներից»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:
Ն. Զոհրաբյանն այս առիթով նաև ասաց, որ այսօր արդեն 215 հոգի ազատ է արձակվել, արված է լուրջ քայլ, «ինչը քաղաքական առումով ներքաղաքական լարվածությունը հաղթահարելու համար էր»: Նա նշեց նաև, որ ներքաղաքական կյանքում բազում խնդիրներ կան` սոցիալական, տնտեսական, ժողովրդական բարեփոխումներն ավելի անշրջելի դարձնելու, որոնց լուծման շուրջ պետք է աշխատանքներ տարվեն:
Անդրադառնալով ԵԽԽՎ գնահատականին, այն մասին, որ Հայաստանը շարունակում է մնալ մշտադիտարկման փուլում, Ն. Զոհրաբյանը նշեց, որ «դա նշանակում է, որ հետևելու են մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին, ինչը շատ լավ է, քանի որ նաև մեր` յուրաքանչյուրիս պարտքն է հետևել մնացած դատական գործերի ընթացքին»:
29.06.2009, 20:16
No comments:
Post a Comment