Thursday, July 2, 2009

«Համաներումը` գովելի փաստ ՀՀ նորագույն պատմության մեջ»














«Համաներում կիրառելով` իշխող քաղաքական կոալիցիան, Հանրապետական կուսակցությունը` ՀՀ նախագահ Սրեժ Սարգսյանի գլխավորությամբ, ցույց տվեց քաղաքական կամք, ցույց տվեց, որ ինքը կարող է գնալ մարդասիրական քայլերի, կարող է գնալ երկխոսության և հանդուրժողականության, և պետք է գա մի պահ, երբ մենք պետք է սկսենք մաքուր էջից»,- հայտարարեց ԱԺ-ում Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Է. Շարմազանովը նշեց, որ համաներումը տարբեր կարծիքների առիթ է տվել. «իշխող կուսակցությունները և հասարակության մի մասը խոսում է, որ կարևոր և լուրջ քայլ էր, ընդդիմադիր ներկայացուցիչները որոշ հարցականներով են խոսում փաստի մասին»:

Այնուամենայնիվ խմբակցության քարտուղարն ընդգծեց, որ «Հայաստանի նորագույն պատմության մեջ նման լայնամասշտաբ համաներում տեղի չէր ունեցել, ինչը գովելի փաստ է և դրական քաղաքական հետևանքներ կունենա»:

Անդրադառնալով երեկ ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, որ «համաներում իրականացվել է այնպիսի հոդվածներով, որոնցով բռնադատվածներ Հայաստանում չկան, և չի իրականացվել այն հոդվածներով, որ պետք է իրականացվեր»` Է. Շարմազանովը նշեց, որ «ոչ ոքի որոշելիքը չէ, թե ինչպիսի հոդվածներով պետք է իրականացվեր կամ չիրականացվեր, քանի որ համաներումն իրավական գործընթաց է, որը տարածվում է Քրեական օրենսգրքի որոշակի հոդվածներով, և ոչ թե` բոլորով»:

Իսկ Ա. Մանուկյանի այն տեսակետին, թե «կալանավայրերում են Հայաստանի հերոսները և դա արվում է վրեժխնդրության նպատակով», Է. Շարմազանովը պատասխանեց որ իրենք «հերոսներին շատ նորմալ են վերաբերվում, բայց իրավական խնդիրներին չեն մոտենում անձնական խնդիրներով»:

«Հանրապետական կուսակցության համար անձնական խնդիրներ չկան: Գուցե ընդդիմությունն իր կառավարման ընթացքում անձնակա՞ն մոտեցումներով է առաջ շարժվել, ես չեմ կարող ասել, բայց մենք առաջ ենք շարժվում միայն օրենքով»,- մանրամասնեց Է. Շարմազանովն ու հավելեց, որ ինքը շատ ուրախ կլինի, եթե ձերբակալվածները համապատասխան մարմիններում կարողանան ապացուցել իրենց անմեղությունը և ազատ արձակվեն:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք կիրականացվեր համաներում, եթե չլիներ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, Հանրապետական խմբակցության քարտուղարը հայտնեց, որ «իր կուսակցությունը, ՀՀ իշխանությունները և նախագահ Ս. Սարգսյանը ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնում են ոչ թե ելնելով եվրոպական այս կամ այն կառույցի հորդորներից, այլ` զուտ այն բանի համար, որ ժողովրդավարական արժեքները մեզ համար հստակ համոզմունք են, ներքին պահանջարկ և այն անում ենք մեր երկրի համար, քանի որ դա է պահանջում Հայաստանի զարգացումը»:

Հիշեցնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը համաներում կիրառելու իր պատրաստակամության մասին հայտրարել է մայիսի 28-ին` Հայաստանի առաջին Հանրապետության անկախության օրը, և կոչ է արել քաղաքական կուսակցություններին և հասարակական կազմակրեպություններին համապատասխան դիմումներ ներկայացնել, Է. Շարմազանովը բացատրեց, թե ինչու՞ համաներումը կիրառվեց «հենց հանձնաժողովի նիստից առաջ»:

«Ընդամենը 19-20 օր էր անցել մայիսի 28-ից, որի ընթացքում հասարակական կազմակերպությունները, քաղաքական ուժերը և այլ կառույցներն իրենց առաջարկներով դիմեցին ՀՀ նախագահին, և ՀՀ նախագահն, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, դիմեց ՀՀ ԱԺ », - մանրամասնեց Է. Շարմազանովն ու ընդգծեց, որ «այստեղ ինքը ոչ մի արտառոց բան չի տեսնում»:

24.06.2009, 12:50

Aysor.am

No comments:

Post a Comment