Tuesday, July 14, 2009

«Երիտասարդներն ընդդեմ ՁԻԱՀ-ի» բացօթյա ռոք համերգ
















Հայկական Կարմիր խաչը Սիրահարների այգում վաղը կազմակերպում է բացօթյա համերգ-ակցիա` «Երիտասարդներն ընդդեմ ՁԻԱՀ-ի» խորագրով: Այս մասին Aysor-ին տեղեկացրեց Հայկական Կարմիր խաչի լրատվության և լուսաբանման բաժնի վարիչ Հայարփի Կարապետյանը:

Նշենք, որ «Երիտասարդներն ընդդեմ ՁԻԱՀ-ի» խորագրով համերգին կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները: Սկիզբը ժամը 19:00-ին:

Հ. Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ «Երիտասարդներն ընդդեմ ՁԻԱՀ-ի» համերգի ժամանակ ելույթ կունենան «THE BOPS», «ANOTHER STORY», «ARSA», «FAIR WIND» և «EVA» խմբերը: Բացի այդ` ՀՀ բոլոր մարզերից ժամանած Հայկական Կարմիր խաչի մարզային մասնաճյուղերի շուրջ 150 երիտասարդ կամավորներ կիրականացնեն լայնածավալ տեղեկատվական քարոզարշավ. համերգի ընթացքում կհնչեն ուղերձներ, կանցկացվեն հարցումներ, կբաժանվեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր և պահպանակներ:

«Հարցաթերթիկների միջոցով փորձում ենք պարզել, թե որքանով է երիտասարդությունը տեղեկացված վարակի տարածման մասին: Դրանով ուզում ենք իմանալ, թե որքանով է վարակի տարածման վտանգը մեծ, քանի որ եթե տեղեկացված չես, ուրեմն վտանգ կա, որ դու էլ կարող ես վարակիչ դառնալ»,- բացատրեց Հ. Կարապետյանն ու հավելեց. «Համերգի ընթացքում տեղեկատվություն կտրամադրվի, և այն բացը, որ կնկատվի հարցաթերթիկների լրացման ժամանակ, բնականաբար կլրացվի»:

Հայարփի Կարապետյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունը տարիներ շարունակ պարբերաբար կազմակերպում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի մասին տեղեկատվական դասընթացներ` հատկապես դպրոցներում և ուսումնական հաստատություններում: Նա նշեց նաև, որ կազմակերպությունը պատրաստում է երիտասարդ լիդերների, ովքեր նույնպես անցկացնում են նմանատիպ դասընթացներ:


Հայկական Կարմիր խաչը ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրերում բնակչության լայն խավերի` մասնավորապես երիտասարդների շրջանում իրազեկման բարձրացումը համարում է կարևորագույն խնդիր:

Տեղեկացնենք նաև, որ արդեն չորրորդ տարին է, ինչ ՀԿԽԸ Երիտասարդական բաժինը, Ամերիկյան Կարմիր խաչի կողմից ֆ‎ինանսավորվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրի շրջանակներում, իրականցնում է լայնամասշտաբ հանրային նորարական միջոցառումներ, որոնք ներառում են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված երեկոներ, ՁԻԱՀ-ից մահացածներին նվիրված մոմավառության երթեր, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված սպորտային ակցիաներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ուղերձներ պարունակող տեղեկատվական նյութերի տարածում, համերգներ` ՀՀ մշակույթի ճանաչված գործիչների ներգրավմամբ:

09.07.2009, 11:47

Aysor.am

No comments:

Post a Comment