Tuesday, July 14, 2009

Ռ. Նիլսոնը զարմացած է Հայաստանով















Ամերիկացի կինոռեժիսոր Ռոբ Նիլսոնը, ով առաջին անգամ է Հայաստանում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ Հայաստանը, փառատոնն ու հայերն իր համար «իսկապես բացահայտում էին»:

«Պարզվում է, որ դուք ունեք ձեր բանաստեղծներին ու գրողներին, ովքեր շատ արժեքավոր են: Նույնիսկ ձեր փողոցները ոչ թե քաղաքական գործիչների անուններով են, այլ արվեստի մարդկանց: Հյուրանոցում, որտեղ մենք մնում ենք, պատերին կախված են նկարների պատճեններ, որոնք գրեթե ամբողջությամբ ներկայացնում են 20-րդ դարի նկարչությունը», - ներկայացնելով իր զարմանքը` հայտնեց Ռ. Նիլսոնը:

Ամերիկացի ռեժիսորը հայտնեց, որ Ամերիկայում այսպիսի բան չկա, և իրեն շատ հաճելի է գտնվել մի վայրում, «որտեղ արվեստն ու արվեստագետները նման արժեք են վայելում»:

Ռ. Նիլսոնը հայտնեց նաև, որ փառատոնի շրջանակներում նախատեսում է դիտել Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը: Նա պատմեց, որ 1984 թ-ին Մյունհենում հանդիպել է Ս. Փարաջանովին, ով իրեն «ամերիկացի կովբոյ» է անվանել:

«Ես երբեք դա չեմ մոռանա: Այն ժամանակ մի քիչ ավելի ջահել էր», - նշեց Ռ. Նիլսոնն ու հավելեց, որ մինչ Ս. Փարաջանովին տեսնելը, ինքն արդեն հայ մեծանուն ռեժիսորին գիտեր և շատ էր հավանում նրա «Մեր նախնիների ստվերները» ֆիլմը:

Ռ. Նիլսոնը հայտնեց նաև, որ անհամբերությամբ է սպասում, թե երբ է տեսնելու հայկական նկարազարդ ձեռագրերը:

Արդյո՞ք Ռ. Նիլսոնն էլ Հայաստան այցելած մյուս ռեժիսորների նման չի նախատեսում ֆիլմ նկարահանել: Լրագրողների այս հարցին` ռեժիսորն ի պատասխան խոստովանեց, որ Հայաստանում գտնվելու այս կարճ ժամանակահատվածում արդեն հասկացել է, որ իսկապես շատ կուզենար այստեղ որևէ բան նկարել: Սակայն նշեց, որ մինչ նկարահանումներն իրեն ժամանակ է անհրաժեշտ` ուսումնասիրելու Հայաստանը:

14.07.2009, 15:31

Aysor.am

No comments:

Post a Comment