
«Մեզ համար խիստ հետաքրքրական է լինել «Ոսկե ծիրանի» կազմում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մարգարետ Միդ» կինո և վիդեո փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արիելլա Բեն-Դովը, ով նաև շնորհակալություն հայտնեց հայկական կինոփառատոնի կազմակերպիչներին` համագործակցության համար:
Տեղեկացնենք, որ այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը համագործակցում է ամերիկյան «Մարգարետ Միդ» կինո և վիդեո փառատոնի հետ: Հայաստանում ցուցադրվելու են փառատոնին տարբեր տարիներին մասնակցություն ունեցած, ինչպես նաև` միջինասիական և հայկական ֆիլմեր:
Ա. Բեն-Դովը տեղեկացրեց, որ «Մարգարեթ Միդ» կինոփառատոնը հիմնադրվել է ազգային պատմության ամերիկյան թանգարանի կողմից` առաջատար մարդաբան Մարգարեթ Միդի ծննդյան 75-ամյակի և թանգարանում նրա գործունեության 50-ամյակի պատվին: Ամեն տարի փառատոնը ներկայացնում է աշխատանքների լայն ընտրանի` թե´ ձևի, թե´ նյութի առումով:
«Փառատոնը սկզբնավորման ժամանակ ազգային ֆիլմերի փառատոն էր, բայց հետագայում այն ընդլայնվեց և դարձավ ոչ պատմողական ֆիլմատեսակների հիմնական փառատոններից: Մենք ցուցադրում ենք ֆիլմերի բավական լայն ընտրանի` ազգագրական և մարդաբանական ձևերում, բայց ներառել ենք նաև նոր մոտեցումներով ու լուծումներով նկարահանվող ֆիլմեր»,- մանրամասնեց Ա. Բեն-Դովը:
Փառատոնի տնօրենը հայտնեց նաև, որ թանգարանի հովանու ներքո ստեղծագործելը պատճառ է հանդիսանում, որ իրենք մշակույթի, բնության և այլ բնագավառներից մասնագետներ հրավիրեն, ովքեր համապատասխան համատեքստի մեջ են դնում այդ ֆիլմերը:
14.07.2009, 19:55
No comments:
Post a Comment