
«Հայաստանում տնտեսական ճգնաժամը շարունակում է խորանալ. վերջին 5 ամիսների կտրվածքով համախառն ներքին արդյունքի կրճատումը 15.7 տոկոս է կազմում, և սա արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս»,- հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Վ. Սաֆարյանը նշեց, որ այս իրավիճակում ՀՀ Կառավարությունը փորձում է ինչ-որ քայլեր կատարել, որպեսզի իրավիճակը շտկի: Նրա կարծիքով` տնտեսական անկումը հիմնականում պայմանավորված է շինարարության ծավալների կտրուկ անկմամբ:
«Թեև Կառավարության վերջին քայլերը հիպոթեքային շուկայի ակտիվության վերաբերյալ ինչ-որ չափով խթանել են շինարարությունը, և մայիս ամսին շինարարության մեջ նկատվել է մոտ 80 տոկոսով աճ: Սա խոսում է այն մասին, որ Կառավարությունն ուշադիր հետևում է ճգնաժամի դինամիկային և փորձում է այն հաղթահարելու համար քայլեր ձեռնարկել», - նշեց Վ. Սաֆարյանը:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը հայտնեց այն կարծիքը, որ Կառավարությունը պետք է ավելի շատ ուշադիր լինի տեղական արտադրողների նկատմամբ: Ըստ Վ. Սաֆարյանի Կառավարությունը տեղական արտադրողներին խթանելու համար կամ պետք է ցածր տոկոսներով` 7-8 տոկոսով, վարկավորումներ տրամադրի կամ` Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների համաձայն, մեծացնի իր մասնաբաժինը մասնավոր սեկտորում:
«Ես կարծում եմ, որ Կառավարությունը պետք է բաժնետոմսեր ձեռքբերելու ճանապարհով կարողանա համասեփականատիրական գործունեություն իրականացնել մեր տեղական արտադրողների հետ»,- բացատրեց Վ. Սաֆարյանը:
Որպես այս առիթով կատարված առաջին քայլ Վ. Սաֆարյանը նշեց Կառավարության կողմից Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատի ակցիաների զգալի մասը գնելը: Նրա խոսքերով` «պետք չէ հետագայում այդ ակցիաները վերավաճառել` շահույթ ստանալու համար, այլ պետք է համատեղ շահագործել»:
«Սա պետք է լինի առաջիկա տարիներին այն ռազմավարությունը, որով մենք կկարողանանք ճգնաժամը հաղթահարել»,- ընդգծեց Վ. Սաֆարյանը:
Վ. Սաֆարյանը նշեց նաև, որ մասնագետների գնահատմամբ այս տարի համաշխարհային տնտեսությունը անկում կապրի 1.3 տոկոսի չափով, բայց տարբեր երկրներում անկումը տարբեր գնահատականներ կունենա: Նա համոզված է, որ համաշխարհային տնտեսության անկումը ազդելու է նաև Հայաստանի տնտեսության վրա:
08.07.2009, 16:20
No comments:
Post a Comment