ՀՀ մշակույթի նախարարության` վերջերս թողարկած «Մշակույթ 2008» աշխատությունը, որը ներառում է 2008 թ-ին մշակույթի նախարարության մասնակցությամբ կազմակերպած միջոցառումների մասին տեղեկատվություն, սկսվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասին հոդվածով:
«Առաջին անգամ անցկացվելով 2004 թ-ի ամռանը` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն արդեն 5-րդ անգամ Երևանում հավաքել է կինոգործիչների` մի քանի տասնյակ երկրներից: Մասնակիցների, հյուրերի և հանդիսատեսի համար դառնալով կինոարվեստի իսկական տոն` «Ոսկե ծիրանը» ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կայացավ` որպես տարածաշրջանի առավել հեղինակավոր կինոֆոռում, որի աշխատանքներին մասնակցում են խնչպես երիտասարդ ռեժիսորներ, այնպես էլ կինոարվեստի հայտնի վարպետներ»,- ասվում է հոդվածում:
«Ոսկե ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատոնն այս տարի ավելի է ընդլայնել իր շարքերը` ընդգրկելով նորանոր պետություններ ու կինոյի աշխարհահռչակ վարպետներ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը համոզված է, որ ««Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը դարձել է Հայաստանի այցեքարտն ամբողջ աշխարհում»:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը նույնիսկ ճշմարտացի համարեց կինոփառատոնի օրերին շրջանառվող մի կատակ, ըստ որի, ծիրանն էլ սկսել է հասունանալ «Ոսկե ծիրանի» օրերին: Նա նշեց, որ ինքը ևս այդպիսի միտում է նկատում, որ իսկապես «ծիրանն էլ է սպասում «Ոսկե ծիրան»-ին»:
Մշակույթի նախարարության համար կինոփառատոնը կատարում է ևս մի շատ կարևոր առաքելություն: Այն իր շրջանակներում մեծարում է հայկական կինոյի վարպետներին` նրանց ճանաչելի դարձնելով կինոաշխարհում:
Այսպիսով` այս տարի կինոփառատոնի շրջանակներում նշվելու են հայ ռեժիսորներ Սերգեյ Փարաջանովի, Արման Մալարյանի և Բագրատ Հովհաննիսյանի հոբելյանները: Բ. Հովհաննիսյանի 80-ամյակին նվիրված` ցուցադրվելու է ռեժիսորի «Հնձան» ֆիլմը, իսկ Ա. Մալարյանի 80-ամյակին նվիրված` ռեժիսորի «Ընկեր փանջունի» ֆիլմը:
Ս. Փարաջանովի 85-ամյակը նշելուց զատ կինոփառատոնը նշում է նաև աշխարհահռչակ ռեժիսորի ստեղծագործությունների գլուխգործոց «Նռան գույնը» ֆիլմի ստեղծման 40-ամյակը: Այն լինելու է փառատոնի փակման ֆիլմը և ցուցադրվելու է ֆիլմի հեղինակային տարբերակը: Բացի այդ` ֆիլմի երկու հոբելյանների կապակցությամբ կազմակերպվելու է հանդիպում ֆիլմի ստեղծմանը մասնակցած մի շարք կինոգործիչների հետ, այդ թվում` Տիգրան Մանսուրյանի և Պերճ Զեյթունցյանի:
Մշակույթի նախարարության օժանդակությամբ փառատոնի շրջանակներում անցյալ տարի ստեղծվել է նաև «Հող» նախագիծը, որն այս տարի 17.5 մլն դրամ է տրամադրել հայկական երեք ֆիլմերի նկարահանումն իրականացնելու համար:
11.07.2009, 14:01
No comments:
Post a Comment