
«Նախորդ տարիներին «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում ընտրվում էին 12 նախագծեր և դրանք ներկայացվում էին միջազգային հիմնադրամներին, իսկ ֆորումի ավարտից հետո դրանցից երկուսն արժանանում էր մրցանակի: Չնայած ծրագիրը ցույց տվեց, որ այն մեծ հաջողություններ բերեց որոշ նախագծերի, բայց այս տարի ծրագրում կան որոշակի փոփոխություններ», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի համակարգող Հասմիկ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը տարածաշրջանում ամենամյա համատեղ արտադրության ֆորում է, որ իրականացվում է «Ոսկե ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Տեղեկացնենք նաև, որ այս տարի ընդհանուր առմամբ ավելի քան 40 նախագծեր են ներկայացվել «Ռեժիսորներ առանց սահմանների» և Հայաստան-Թուրքիա Կինոպլատֆորմ բաժիններում:
Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի Հուբերտ Բալս հիմնադրամը, Եվրասիա համագործակցության հիմնադրամը և «Ոոսկե ծիրանը» որոշեցին մի փոքր փոփոխություն մտցնել ծրագրում ` դրան տալով դասընթացի ձևաչափ: Ընտրվել են 16 նախագծեր, որոնց հետ կաշխատեն սցենարի և նախագծի զարգացման խորհրդատուները, ովքեր կուսուցանեն, թե ինչպես ֆիլմի համար միջազգային հիմնադրամների միջոցով ֆինանսավորում գտնել», - մանրամասնեց Հ. Հովհաննիսյանը:
Տեղեկացնենք նաև, որ այս տարի համատեղ արտադրության ֆորումի շրջանակներում կանցկացվեն երկու զուգահեռ ծրագրեր` «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության նախագծերի զարգացման դասընթացը, որը կներառի տարածաշրջանի երկրներից (Հայաստան, Թուրքիա, Ուկրաինա, Վրաստան, Էստոնիա) ներկայացված 10 նախագիծ, և Հայաստան-Թուրքիա Կինոպլատֆորմի վավերագրական ֆիլմերի նախագծերի զարգացման դասընթացը, որում ներկայացված են 6 վավերագրական նախագծեր, որոնք, հնարավոր է, հետագայում դառնան հայ-թուրքական առաջին համատեղ կինոարտադրությունները:
Կազմակերպիչների խոսքերով` ֆորումի ձևաչափի փոփոխման և ընտրված նախագծերի համար զարգացման դասընթացներ կազմակերպելու հիմնական պատճառն այն է, որ նախագծերի մեծ մասը ներկայացված են սկսնակ ռեժիսորների/պրոդյուսերների կողմից, և նրանցից շատերի համար սա համատեղ արտադրության կամ լիամետրաժ նախագծի առաջին փորձն է:
«Զարգացման դասընթացի ավարտին տեղի կունենան նախագծերի պաշտպանություններ` հիմնադրամների ներկայացուցիչների և պրոդյուսերների համար: Ֆորումի ծրագիրը նախատեսում է նաև Եվրոպական կինոֆոնդերի պրեզենտացիաներ, փորձի փոխանակում և քննարկումներ», - ամփոփելով իր խոսքը` տեղեկացրեց Հ. Հովհաննիսյանը:
30.06.2009, 16:02
No comments:
Post a Comment