Tuesday, July 14, 2009

«Վճարիր հարկերը, քնիր հանգիստ»
















«Հարկահավաքության մեջ ճնշող գերակայությունը` 44.1 տոկոսը, ավելացված արժեքի հարկն է, երկրորդ տեղում աքցիզային հարկն է` 8.9 տոկոսով, ապա մաքսատուրքը` 5.2 տոկոսով»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Վ. Սաֆարյանը նշեց, որ այս տարի նկատվել է եկամտահարկի ավելացում: Այս հանգամանքը, նա դրական գնահատեց:

Անդրադառնալով Կառավարության կողմից ԱԺ ներկայացված Հարկային փաթեթին` Վ. Սաֆարյանն ասաց, որ այն «լավ օրից չէ, որ ներկայացվել է, քանի որ տնտեսության մեջ 60 տոկոսը գտնվում ստվերում»:

«Հատկապես խոշոր հարկատուները ինչ-որ չափով թաքցնում են իրենց հարկերը, և Կառավարությունը գնում է այդպիսի ծայրահեղ քայլերի. ովքեր 4 միլիարդ դրամից ավելի շրջանառություն ունեն և 500 միլիոն դրամից ավելի ապրանքներ են ներկրում, պետք է հարկային տեսուչներ ունենան»,- բացատրեց Վ. Սաֆարյանը:

Ըստ Վ. Սաֆարյանի` հարկային փաթեթն ԱԺ-ն հետ վերադարձրեց, քանի որ այն «մի մարմին է, որտեղ հավաքված են հայտնի տնտեսվարողներ և իրենք, բնականաբար, չէին ցանականա իրենց մոտ հսկիչներ տեսնել»: Նա կարծում է, որ եթե փաթեթը ներկայացվեր քվերակության, չէր ընդունվի, ինչը կբերեր ԱԺ-ի և Կառավարության միջև ճգնաժամի:

Նա նշեց, որ խոշոր բիզնեսմենները պետք է վաղ թե ուշ հասկանան, որ «եթե իրենք թաքցրած հարկերով չեն նպաստում տնտեսության հզորացմանը, ավելի շատ են կորցնելու վաղը, քան թե այն շարքային մարդիկ, ովքեր կորցնելու բան չունեն»:

«Հայտնի թեզը` «Վճարիր հարկերը, քնիր հանգիստ» այն դեղամիջոցն է, որը կառաջարկեի մեր խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին»,- ընդգծեց Վ. Սաֆարյանը:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահի խոսքերով, հարկային ճնշման մեծ լինելու պատճառով է, որ շատերն ուզում են խուսափել հարկեր վճարելուց: Նա կարծում է, որ հարկային ճնշումը պետք է փոքր լինի, որ հարկահավաքման դաշտը մեծ լինի:

08.07.2009, 19:47

Aysor.am

No comments:

Post a Comment