Tuesday, July 7, 2009

Նոր կինոն չի՞ ընդունվում Հայաստանում














«Ցավալի է, որ երբ խոսքը մշակույթի մասին է, լրագրողները քիչ են իրադարձությունը լուսաբանում: Կուզնեայի, որ հակառակը լիներ` հետզհետե քաղաքական հարցերը ետին պլան գնային, և մշակութային հարցերն ավելի հետաքրքիր լինեին, և սենսացիաներ գտնեիք ոչ թե քաղաքականության մեջ, այլ մշակույթի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայ անվանի դերասան Վլադիմիր Մսրյանը, ով ներկայացնում էր «մշակութային սենասացիա»` Արմեն Ռոնովի «Աննա և Կարենին» ֆիլմը, որը «Ուղերձ մարդուն» միջազգային կինոփառատոնում արժանացել է երկու մրցանակների:

Տեղեկացնենք, որ Վ. Մսրյանը «Աննա և Կարենին» ֆիլմի գլխավոր դերակատարն է, ով մարմնավորում է Կարենինին: Ֆիլմը նկարահանվել է Լ. Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի հիման վրա:

«Սա հեղինակային կինո է, նոր կինո է, որը, գուցե, շատերի համար անհասկանալի է, բայց կյանքը առաջ է գնում, և ես ողջունում եմ նման մարդկանց, ովքեր իրենց խոսքով միջազգային փառատոնում գրավում են «Նոր կինո» մրցանակ»,- ներկայացնելով ֆիլմն ու ասուլիսին ներկա ֆիլմի ռեժիսոր Արմեն Ռոնովին` հայտնեց Վ. Մսրյանը:

Դերասանը հիշեցրեց, որ նոր կինո ժամանակին ներկայացրել են Ս. Փարաջանովը, Ա. Փելեշյանը, որոնց ևս, «ցավոք, մենք ինքներս` հայերս, ժամանակին չընկալեցինք այնպես, ինչպես պետք է ընկալեինք, գնահատեինք»: Վ. Մսրյանը, սակայն, այն կարծիքին է, որ արվեստագետը «պետք է իր աշխատանքի ու կենդանության ժամանակ գնահատվի, ոչ թե հետո»:

Նոր ոճ ու խոսք ներկայացնող այս ֆիլմում նկարահանվելու համար, ըստ դերասանի, ինքը ռիսկի է դիմել, սակայն իրեն էլ է հետաքրքիր նման ռեժիսորի հետ աշխատելը:

«Պետք է ողջունելի լինի մեր ազգի համար, որ մեր մեջ ունենք մի երիտասարդ, ով նոր բան է առաջարկում` նոր կինո, նոր լեզու, նոր գործ»,- ընդգծեց դերասանը, ով հայտնեց, որ շարունակելու է ռեժիսորի հետ իր համագործակցությունը:

Դերասանը տեղեկացրեց նաև, որ, չնայած ֆիլմը միջազգային հանրության կողմից ընդունվում է և մրցանակների է արժանանում, չի ընդունվել և ներկայացվել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կողմից: Վ. Մսրյանի խոսքերով, ինքը պատճառները չի ուզում գտնել, և ոչ էլ ուզում է քննադատել, սակայն դերասանը վիրավորված ու բորբոքված է, քանի որ համոզված է, որ «նման ֆիլմերի մասին պետք է բարձրաձայնել ու շատ խոսել»:

Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի` ֆիլմը մերժելուն, ռեժիսոր Արմեն Ռոնովը հայտնեց, որ կինոփառատոնի կազմակերպիչները «համարել են, որ նման էսթետիկան չի կարող մասնակցել «Ոսկե ծիրանին», որ նման էսթետիկան Հայաստանում պարտիզանական գործունեություն է ծավալում` ընդդեմ հայկական կինոյի»:

«Փաստորեն, ոճային առումով, էսթետիկայի առումով և առաջարկած գերխնդիրների առումով և' ստեղծագործողը, և' կինոյի նման ժանրն ընդդեմ է քրիստոնեական Հայաստանին»,- մանրամասնեց Ա. Ռոնովը:

Վ. Մսրյանն այս առիթով հայտնեց, որ Ռոնովն իր ֆիլմում մասնավորեցրել ու տեղայնացրել է Լ. Տոլստոյի վեպում թռուցիկ կերպով արծարծվող ցեղասպանության թեման և իր ֆիլմում ներկայացրել է նաև Հայոց ցեղասպանությունը, ինչը, փաստորեն, «համարվել է հակահայկական և հակաքրիստոնեկան»:

«Տոլստոյն իր «Աննա Կարենինա» վեպի առաջին հատորում նշում է Բալկաններում Համիդյան ջարդերի մասին, իսկ Համիդյան ջարդերը Արևմտյան Հայաստանի առաջին ջարդերից է»,- բացատրեց ռեժիսորն ու հայտնեց, որ Ցեղասպանությունը ներկայացնելու շուրջ բացատրություն պահանջել են փառատոնի կինոքննադատները և, ստանալով սպառիչ պատասխան, ոչինչ չեն ասել:

Ռեժիսորը հայտնեց նաև, որ ինքը ծագումով հայ է, պատկանում է օրթոդոքսալ եկեղեցուն, իսկ ազգանունն իր մուսայի` Ռոնովի անունով է:

26.06.2009, 21:14

Aysor.am

No comments:

Post a Comment