Tuesday, July 14, 2009

Ռեժիսորը չի հետևի իր հերոսի օրինակին















Երեկ և այսօր առավոտյան կինոսիրող հանդիսատեսը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում հնարավորություն ունեցավ դիտելու Անջեյ Կրակովսկու «Պալադինին որոնելիս» ֆիլմը:

Տեղեկացնենք, որ Ա. Կրակովսկին առաջին անգամ է Հայաստանում, իսկ «Ոսկե ծիրանին» ներկայացված ֆիլմն ընդգրկված է Խաղարկային ֆիլմերի մրցույթում:

«Պալադինին որոնելիս» ֆիլմի գլխավոր հերոսը` Պալադինը, ով աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան էր տարիներ առաջ և նույնիսկ երկու Օսկարի դափնեկիր էր, իմաստնության տարիքին հասնելով, նախընտրում է հանգիստ ու խաղաղ կյանք վարել: Նա իր մի քանի ընկերների` կինոգործիչների հետ տեղափոխվում է Գվատեմալա, և առհավետ անհետանում Հոլիվուդից:

Ֆիլմում երկրորդ սերնդի ներկայացուցչին մարմնավորում է Հոլիվուդում աշխատող մի կինոգործակալ, ով հանձնարարություն է ստացել` փնտրել Պալադինին և շահավետ կինոգործարք կնքել նրա հետ: Ֆիլմի ընթացքում գործակալը ամբողջ Գվատեմալայում փնտրում է Պալադինին, բազմաթիվ արկածների ու փորձությունների ենթարկվում, ցուցադրում իր ամերիկյան նախապաշարմունքներն ու սկզբունքները:

Ինչ խոսք, նրան հաջողվում է ոչ միայն գտնել հոլիվուդյան «ծեր» աստղին, այլ նաև վերջինիս օգնությամբ ճանաչել անցյալը, հասկանալ իր ծնողների այն սխալներն ու բացթողումները, որոնց համար ինքը մեղադրում էր վերջիններիս:

Արդյո՞ք Ա. Կրակովսկին, ով իր ֆիլմի հերոսի նման հասել է իմաստության տարիքին, կհետևի իր հերոսի օրինակին` կհեռանա ԱՄՆ-ից խաղաղ կյանք վարելու, թե՞ իր իմաստությունը կբաշխի եկող սերունդին կինոարտադրության միջոցով: Aysor-ի այս հարցին Ա. Կրակովսկին ի պատասխան հայտնեց, որ իր բախտը բերել է, որովհետև դասախոսում է համալսարանում, իսկ դասախոսների համար թոշակի տարիք չկա, և ինքը, կաշխատի այնքան, որքան կուզենա, որքան որ իրեն այդ աշխատանքը կատարելու համար համապատասխան կհամարի:

«Այն համալսարանը, որտեղ դասավանդում եմ` Նյու Յորքի Սիթի քոլեջը, ԱՄՆ-ի միակ դպրոցն է, որը պահանջում է, որ յուրաքանչյուր դասախոս նաև գործող ռեժիսոր լինի»,- հայտնեց Ա. Կրակովսկին ու ընդգծեց. «Ես թոշանկի անցնելու ոչ մի մտադրություն չունեմ, այլ ճիշտ հակառակը»:

14.07.2009, 12:39

Aysor.am

No comments:

Post a Comment