
Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, ով առաջին անգամ չէ Հայաստանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ փառատոնի աճն ինքը հստակ է տեսնում:
«Փառատոնի ամենամեծ հաջողությունն այն է, որ տարեցտարի, արագ-արագ աճելով, այն կարողացավ իրեն հաստատել աշխարհի փառատոների մեջ` որպես ամենահաջող փառատոններից մեկը»,- հայտնեց դերասանուհին ու ընդգծեց. «Փառատոնը դեռ 6 տարեկան է, բայց ունի 12 տարեկանի տարիք»:
Ա. Խանջյանը նշեց, որ փառատոնի գրանցած հաջողությունների մասին է խոսում նաև այն փաստը, որ տարեց տարի փառատոնի հյուրերն են դառնում կինոաշխարհի նորանոր ներկայացուցիչներ: Նա համոզված է, որ հրավերն ընդունելու միակ պատճառը «Ոսկե ծիրանի» մակարդակն է:
«Պետք է նկատել, որ այսօր աշխարհում այնքան կինոփառատոններ գոյություն ունեն, որ մարդիկ երբեմն շփոթում են, թե ինչ ձևով տարբերեն դրանք: Որևէ ստիպողական պատճառ, բացի փառատոնի մակարդակից, չկա, որ հյուրերը համաձայնում են գալ, իսկ եթե գալիս են, սա փաստում է, որ փառատոնը դուր է գալիս նրանց»,- մանրամասնեց Ա. Խանջյանը:
Ա. Խանջյանը բարձր է գնահատում նաև այն բոլոր ծրագրերը, որոնք կազմակերպվում են «Ոսկե ծիրանի» շրջանակներում: Նա նշեց, որ այդպիսով փառատոնը գրավում է երիտասարդ բեմադրիչներին ու կինոռեժիսորներին:
Կանադահայ դերասանուհին հավանության արժանացրեց նաև մրցույթների ժյուրիի ընտրությունը: Նա նշեց, որ առանձնահատուկ կերպով է ընտրված ժյուրին:
Խոսելով իր հետագա ծրագրերի մասին` Ա. Խանջյանը հայտնեց, որ նախագիծը, որի վրա այժմ աշխատում է, թատրոնի բեմադրություն է, որի հեղինակն ինքն է: Նա նշեց, որ ներկայացումը կոչվում է «Պիկասոյի կանայք», որի ընթացքում 8 կին դերասաններ պատմում են Պիկասոյի հետ ունեցած իրենց հարաբերությունների մասին:
Հայաստանում Ա. Խանջյանին մտահոգում է քաղաքական կյանքը, հատկապես` Արցախի հիմնախնդրի կարգավորումը:
13.07.2009, 19:58
No comments:
Post a Comment