Friday, July 3, 2009

«Սահմանն անցել է, դա անելու բան չէր»

«ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը ծնվեց Հայաստանում տեղի ունեցած մի շարք միջոցառումների արդյունքում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս չորրորդ բանաձևը` իր շեշտադրումներով, իր քաղաքական, իրավաբանական նորմերի գնահատումներով տարբերվում է նախորդներից. այն ասում է, որ ՀՀ-ում քաղաքական իրավիճակն ավելի կայուն, իսկ դեմոկրատական սկզբունքներն ավելի կիրառելի են դարձել»,- հայտարարեց ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Մ. ՄԻնասյանն, անդրադառնալով համաներման վերաբերյալ ընդդիմության կողմից հնչող քննադատություններին, նշեց, որ անկախ ամեն ինչից, «պետք է մի բան հստակ իմանանք, որ համաներման արդյունքում ազատվելու են մոտ 2 000 հոգի, և երկիրը մարդասիրական քայլն արել է, որի արդյունքում շատ մարդիկ վերադառնալու են իրենց ընտանիքներ»:

«Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր կմտածեն, որ դա լիարժեք չէ, բայց ես չեմ հիշում մի համաներում, որ այսպիսի լայն ընդգրկում ունենա. սա մարդասիրական է իր էությամբ, որը, եթե չքաղաքականացվի, ընդամենը պետք է ողջունվի»,- շաշտեց Մ. Մինասյանը:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նսիտում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փաստանջյանի արարքին` ապա Մ. Մինասյանի կարծիքով` նա «դեռևս լուրջ քաղաքական գործիչ չի դարձել, այլապես կհասկանար, որ բաներ կան, որոնց սահմանը չի կարելի անցնել»:

«Սահմանն անցել է, դա անելու բան չէր: Ազգային, բարոյահոգեբանական և մարդկային տեսանկյունից ես դա անընդունելի եմ համարում», - ընգդծեց Մ. Մինասյանը:

Հանձնաժողովի փոխնախագահը նշեց նաև, որ, լինելով ԵԽ-ում Հայաստանյան պատվիրակություններից մեկի ղեկավար` ինքը շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում` դիմել այլ պատվիրակների ներկայացուցիչներին` որևէ դիմումի տակ ստորագրելու համար:

«Դա, այսպես ասած, քաղաքական առուծախ է. եթե նրանք ստորագրում են քո խնդրած փաստաթղթի տակ, դու պետք է խոստանաս, որ հաջորդ անգամ, դու պետք է ստորագրես իրենց առաջարկածի տակ», - մանրամասնեց Մ. Մինասյանը:

26.06.2009, 15:51

Aysor.am

No comments:

Post a Comment