Thursday, July 16, 2009

Երևանում է իրանցի ռեժիսորի ֆիմը, որն Իրանում դեռ չեն դիտել
















Իրանցի ռեժիսոր Ռամթին Լավաֆիփուրը, ով Հայաստան է եկել առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին մասնակցելու, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ մինչ Հայաստան գալը, մտածում էր, թե արդյո՞ք այստեղի հայերն էլ Իրանի հայերի պես լավն են:

«Պարզվեց, որ այստեղի հայերն ավելի լավն են»,- հայտարարեց Ռ. Լավաֆիփուրը:

Ռեժիսորը հայտնեց նաև, որ ինքն այստեղ` Հայաստանում, իրեն օտար չի զգում: Ավելին` նա նշեց, որ այստեղ մարդիկ այնքան հարազատ են, որ իրեն թվում է, թե Իրանում է, բայց, պարզապես, քայլում է անծանոթ փողոցներով:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռ. Լավաֆիփուրը խոսեց նաև Իրանում ֆիլմարտադրության դժվարությունների մասին: Միևնույն ժամանակ, նա նշեց, որ աշխարհի ոչ մի երկրում էլ հեշտ չէ ֆիլմ նկարահանելը:

Անդրադառնալով իր ֆիլմերին` ռեժիսորը հայտնեց, որ ինքը նկարահանում է ֆիլմեր մարդկանց իղձերի, առօրյայի, կյանքի մասին, այն մասին, որ մարդիկ պետք է հավատով ու հույսով լի լինեն: Ֆիլմերի պատմությունները նա վերցնում է իրեն շրջապատող մարդկանց կյանքից:

Տեղեկացնենք, որ Ռ. Լավաֆիփուրը «Ոսկե ծիրանին» մասնակցում է իր «Հանգիստ մնա և հաշվիր մինչև յոթը» ֆիլմը: Ֆիլմը ներկայացված է «Միջազգային խաղարկային» ֆիլմերի մրցույթին:

Ռ. Լավաֆիփուրը տեղեկացրեց նաև, որ «Հանգիստ մնա և հաշվիր մինչև յոթը» ֆիլմը մասնակցել է մի շարք կինոփառատոնների աշխարհի տարբեր երկրներում, սակայն դեռ չի ցուցադրվել Իրանում: Նա բացատրեց, որ Իրանում ֆիլմերը մինչև ցուցադրությունը քննություն են անցնում: Իրանական իշխանությունները ռեժիսորին դեռ չեն պատասխանել` կթույլատրե՞ն այն ցուցադրել, թե՞ ոչ:

16.07.2009, 20:09

Aysor.am

No comments:

Post a Comment