Tuesday, July 14, 2009

Տնտեսական զարգացման մի շարք առաջարկներ Կառավարությանը

«Պետությունը պետք է մտածի տնտեսության հիմնական ճյուղի` արդյունաբերության զարգացման մասին: Այս 5 ամիսների տվյալով մեր արդյունաբերական արտադրանքը կազմել է 220 միլիարդ դրամ, ինչը կազմում է անցած տարվա նույն ժամանակամիջոցի մոտ 89 տոկոսը, բայց եթե համեմատենք մայիս ամիսը ապրիլի հետ, ապա նկատվել է 7 տոկոսի չափ աճ»,- խոսելով տնտեսության զրագացմանը միտված առաջարկությունների մասին` հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Վ. Սաֆարյանը տեղեկացրեց, որ տեղական շուրջ 26 արտադրողներ առաջարկել են Կառավարությանը մտածել և հայեցակարգ մշակել ՀՀ-ում արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարության ստեղծման ուղղությամբ: Ըստ նրա, պետք է պետությունը զբաղվի արտաքին առևտրով, որպեսզի ներկրում իրականացնի, ունանա կապիտալ, որով կարող է խթանել տեղական արտադրությունը:

«Պետք է փոխենք տնտեսական քաղաքականությունը: Պետք է տեղափոխել անուղղակի հարկերից բյուջեի մուտքագրումն ուղղակի հարկերի վրա: Պետությունը պետք է կարողանա ստեղծել ազատ տնտեսական գոտիներ, հատկապես` սահմանային շրջաններում` Գյումրիում, Մեղրիում և Իջևանում: Պետք է կարողանանք իջեցնել հարկային ճնշումը, որոշ ընկերությունների, ովքեր հազիվ կարողանում են շնչել, պետք է հարկային արձակուրդ տրվի»,- առաջարկությունները թվարկելով` ասաց Վ. Սաֆարյանը:

Վ. Սաֆարյանը նաև նշեց, որ պետությունը պետք է փոքր և միջին բիզնեսին ավելի մեծ հնարավորություններ տա, որպեսզի վերջիններս իրենց գործունեությունը պահպանեն: Ինչպես նաև, ըստ նրա, Հայաստանը պետք է ոչ միայն հումք արտահանի, այլ պատրաստի արտադրանք, փորձի արտահանել և իրացնել:

«Ամերիկյան վերջին սոցհարցումները ցույց են տվել, որ բնակչության 58 տոկոսը չի վստահում մասնավոր բիզնեսին, 49 տոկոսը ցանկանում է, որ պետությունը կարգավորի տնտեսությունն ու կառավարի այն»,- հայտնեց Վ. Սաֆարյանն ու հավելեց. «Ես ելնում եմ ամերիկացիների այդ տրամադրություններից, և գտնում եմ, որ Հայաստանում ևս եկել է ժամանակ, երբ պետությունը պետք է մասնակցի տնտեսության և' կարգավորմանը և' կառավարմանը»:

Վ. Սաֆարյանը նշեց նաև, որ Հայաստանում պետք է հատկապես զարգացնել քիմիական, էլեկտրատեխնիկական, մեքենաշինական և գյուղատնտեսական ոլորտները` տնտեսական ճգնաժմի պայմանները` որպես դրական գործոն օգտագործելով:

Ֆինանսատնտեսական ճգնաժամի ավարտի մասին կանխատեսումներ անելով` Վ. Սաֆարյանը հայտնեց, որ մյուս տարի նախատեսվում է 1.9 տոկոս տնտեսական աճ աշխարհում, որում դոմինանտ է համարվելու Չինաստանի տնտեսությունը, որը 7 տոկոս աճ է ապահովելու այս տարի և Հնդկաստանի տնտեսությունը, որը 5 տոկոս աճ է ապահովելու այս տարի: Ըստ նրա, հենց Չինաստանն ու Հնդկաստանն են շարժելու տնտեսությունն առաջ և ձգելու վեր:

«Կարծում եմ, որ եկող տարվանից կարող են դրական միտումներ նկատվել աշխարհում, իսկ Հայաստանում` եկող տարվա կեսերին»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Վ. Սաֆարյանը:

08.07.2009, 20:37

Aysor.am

No comments:

Post a Comment