
«Սա ինձ համար ամենագեղեցիկ փառատոններից մեկն է», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ռեժիսոր Ռայեր Ֆրիմելը, ով Հայաստանում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
Ռ. Ֆրիմելը հայտնեց նաև, որ ինքը շատ ուրախ է Հայաստանում գտնվելու համար, և որ Հայաստանն իրեն շատ է դուր եկել: Բացի այդ, ռեժիսորը նշեց, որ հաճելիորեն զարմացած է, որ ասուլիսին ներկա են բացառապես կանայք և աղջիկներ:
Ինչ վերաբերում է իր «Աղջնակը» ֆիլմին, որով Ռ. Ֆրիմերը մասնակցում է «Միջազգային խաղարկային ֆիլմերի» մրցույթին, ապա ռեժիսորը հայտնեց, որ այն նկարահանել են երկուսով` Տիցցա Կովի հետ: Նա նշեց, որ սա իրենց առաջին խաղարկային ֆիլմն է, բայց կինոարվեստում իրենց շարունակում է հետաքրքրել վավերգրական ոճը:
Ռ. Ֆրիմելի խոսքերով` իրենք ցանկացել են ֆիլմ նկարահանել նախապաշարմունենքների դեմ:
«Երբ մի մարդ օտար միջավայրում է հայտնվում, բախվում է բոլոր տեսակի նախապաշարմունքների, իսկ մեր ֆիլմը բոլոր տեսակի նախապաշարմունքների դեմ է», - մանրամասնեց ռեժիսորը:
Ռ. Ֆրիմելը տեղեկացրեց նաև, որ ֆիլմի հեղինակներն աշխատել են ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ, քանի որ իրենց հետաքրքրել է իրավիճակը և այդ իրավիճակում մարկանց դրսևորումները: Որպես դերասաններ ֆիլմում հանդես են գալիս կրկեսի աշխատողները, իսկ գլխավոր դերասանուհին 2 տարեկան մի աղջնակ է:
Ֆիլմի գլխավոր դերասանուհին` 2 տարեկան Ասյան, ռեժիսորի խոսքերով, հանդիսացել է «այն օտար տարրը», որի միջոցով իրենց հաջողվել է հանդիսատեսին հասցնել ֆիլմի ասելիքը` Իտալիայում վերջերս մեծ տարածում գտած անօթևան երեխաների խնդիրը:
Ռ. Ֆրիմելը հայտնեց, որ Ասյան իրական կերպար է, և ֆիլմը ստեղծվել է հենց նրա պատմության շուրջ: Սակայն, ինչպես նշեց իտալացի ռեժիսորը, իրենցից մեծ աշխատանք է պահանջվել` փոքրիկ աղջկա վստահությունը շահելու համար:
Տեղեկացնենք նաև, որ ֆիլմն անօթևան մի աղջկա և իտալական հասարակության կարծրատիպերի ու մարդկային տարբեր դրսևորումների մասին է:
17.07.2009, 15:34
No comments:
Post a Comment