Tuesday, July 14, 2009

Ա. Կրակովսկին իր նոր ֆիլմը կնկարահանի Հայաստանում















Ազգությամբ լեհ, սակայն ԱՄՆ-ում բնակվող ռեժիսոր Անջեյ Կրակովսկին առաջին անգամ է Հայաստանում և նախատեսում է ֆիլմ նկարահանել այստեղ, որը տարիքի հետ ձեռք բերվող իմաստության մասին է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ռեժիսորը:

Տեղեկացնենք, որ Ա. Կրակովսկին Հայաստանում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ռեժիսորը կինոփառատոնին ներկայանում է իր վերջին` 2008 թ-ին նկարահանված «Պալադինին փնտրելիս» ֆիլմով:

«Այն ֆիլմը, որ կնկարահանեմ այստեղ, երկու եղբայրների մասին է, ովքեր 80-ից բավական անց են: Նրանցից մեկը կոշկակար է, իսկ մյուսը հին համակարգում հզոր կուսակցական գործիչ: Կոշկակարը բավական փող է դիզել կյանքի ընթացքում, նախկին կուսակցական գործիչը լրիվ սնանկ է, փող չունի: Սակայն ծեր հասակում միայն իրենք են մնացել իրար համար, էլ ուրիշ ոչ մեկին չունեն ապավինելու»,- ֆիլմի սցենարի մասին համառոտ պատմեց Ա. Կրակովսկին և ընդգծեց. «Կարճ ասած` հորս և իր եղբոր պատմությունն է»:

Լրագրողների այն հարցին, թե ինչու՞ է որոշել ֆիլմը Հայաստանում նկարահանել, Ա. Կրակովսկին պատասխանեց, որ ինքը «չի ուզում, որ այն լեհական առանձնահատկություններ ունենա, այլ ուզում է, որ բոլորի համար հասկանալի լինի»:

«Երբ պատմությունը տանում ես այլ երկիր, ստիպված ես ֆիլտրել` մաղելով բոլոր այն բաները, որոնք համընդհանուր չեն», - բացատրեց ռեժիսորը:

Ա. Կրակովսկին տեղեկացրեց նաև, որ ինքը ծանոթ չէ հայկական կինոյին, քանի որ «դժբախտաբար այնպիսի երկրում է ապրում, որտեղ արտասահմանյան ֆիլմեր չեն ցուցադրում»:

«Ես այլ երկրների ֆիլմերի հետ ծանոթ չէի լինի, եթե չլինեին իմ շրջագայությունները»,- նշեց նա ու խոստովանեց, որ գիտի միայն Ատոմ Էգոյանին, բայց ծանոթ չէ Հայաստանի տեղական կինոարտադրությանը:

Ռեժիսորը նաև հայտնեց, որ այնուամենայնիվ նախատեսում է փառատոնի ընթացքում հնարավորինս ծանոթանալ նաև հայ կինոարվեստի մեծերի հետ:

13.07.2009, 14:41

Aysor.am

No comments:

Post a Comment