«Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքները մենք ամիսներ շարունակ ուսումնասիրել ենք: Այն, ինչ-որ ուղարկվել է մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ոչ թե զուտ փաստեր են, այլ իրենց (Aysor` նկատի ունի Անդրանիկ Քոչարյանին և Սեդա Սաֆարյանին) գնահատականները: Այս հարցի ուղղությամբ վերջնական եզրակացություն չի արվել, փաստերը չեն ամբողջացվել»,- հայտարարեց արդեն լուծարված Փաստահավաք խմբում կոալիցիան ներկայացնող Ռուբեն Ավագյանը:
Ռ. Ավագյանը հայտնեց նաև, որ ինքը չի պատրաստվում ծանոթանալ ՀՀ ոստիկանության կապիտան Համլետ Թադևոսյանի «մահվան հանգամանքները բացահայտող» այն նյութի հետ, որոնք հրապարակել էր «Հայկական ժամանակ» թերթը` վկայակոչելով «ԱԺ իրենց աղբյուրին»: Ավելին` Ռ. Ավագյանը նշեց, որ այդ նյութերը թերթի խմբագրությանն է հանձնել հենց Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը` խախտելով Փաստահավաք խմբի աշխատանքները կարգավորող կանոնադրությունը:
Ռ. Ավագյանը հայտրարեց նաև, որ թերթում հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ «այն ինքնահնարք է` Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի ստեղծագործությունը»:
«Նախագահ Սերժ Սարգսյանն ավելի վաղ էլ կարող էր լուծարել Փաստահավաք խումբը, նա դրա համար ուներ բոլոր բարոյական և իրավական հիմքերը, քանի որ կանոնակարգը բացառում է ինֆորմացիայի արտահոսքը, իսկ արտահոսք եղել էր»,- ամփոփելով խոսքը` նշեց Ռ. Ավագյանը:
23.06.2009, 20:18
No comments:
Post a Comment