Tuesday, July 14, 2009

«Պալադինին փնտրելիս» ֆիլմը ռեժիսորի կյանքի պատմությունն է
















«Հասարակությունը, որ իմ աչքի առաջ է, չի ուզում անցյալին նայել: Ես փորձում եմ կամուրջներ գցել մշակույթների, սերունդների և ազգերի միջև: Այս ֆիլմը դրա փորձն է»,- հայտնեց ռեժիսոր Անջեյ Կրակովսկին` լրագողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ներկայացված իր «Պալադինին փնտրելիս» ֆիլմի մասին:

Տեղեկացնենք, որ ազգությամբ լեհ Ա. Կրակովսկին ապրում և ստեղծագործում է ամերիկայում: Ա. Կրակովսկին սովորել է նախ Լորձի նշանավոր լեհական ազգային կինոդպրոցում, ապա Լոս Անջելեսի Ամերիկյան կինոինստիտուտում: Այդ շրջանում ռեժիսորը հանդես է եկել` որպես մի քանի կարճամետրաժ և երկու խաղարկային ֆիլմերի պրոդյուսեր: Այժմ Ա. Կրակովսկին կինոռեժիսուրա և պրոդյուսերություն է դասավանդում Նյու-Յորքի Սիթի քոլեջում:

«Այս ֆիլմով փորձել եմ ցույց տալ երկու տարբեր մշակույթներ, տարբեր աշխարհներ, երիտասարդ ամերիկացիների որոշ նախապաշարմունքներ և փորձել եմ բոլորին ստիպել մտածել, թե ինչո՞վ ենք զբաղված», - մանրամասնեց Ա. Կրակովսկին:

Ռեժիսորը նաև պատմեց, որ ֆիլմի սցենարը վերցված է իր կյանքի պատմությունից: Նա նշեց, որ այն Նյու-Յորքից դեպի հյուսիս գտնվող մի փոքրիկ բնակավայրի մարդկանց մասին է, որտեղ նաև ինքն է ապրում:

«Փոքրիկ բնակավայրը Կատոննա է կոչվում, որտեղ 20 տարի առաջ տեղափոխվել են մի խումբ մարդիկ, ովքեր իրար չեն ճանաչում, բայց ամեն առավոտ միասին են նախաճաշում: Դրանք այնպիսի մարդիկ են, ովքեր ստիպված չեն ժամը 9-ին լինել աշխատավայրում, այլ մասնագիտությամբ գրողներ են, նկարիչներ և այլն»,- ներկայացրեց Ա. Կրակովսկին:

Ռեժիսորը նշեց նաև, որ սկզբում ցանկացել է ֆիլմը նկարահանել հենց իր բնակավայրում, սակայն իրեն չեն թույլատրել, և դա լավագույն բանն է եղել ֆիլմի համար, քանի որ ինքը ստիպված է եղել ֆիլմը նկարահանել այլ վայրում` Գվատեմալայում, որտեղ կատարված նկարահանումները դարձել են իր 40 տարվա կինոփորձառության ամենահարուստ շրջանը:

«Իմ կյանքի այն փուլում, երբ կնոջս մոտ քաղցկեղ առաջացավ և նա մահացավ, այդ մարդիկ, որոնց իրականում ես չէի էլ ճանաչում, այլ պարզապես երեք տարի շարունակ մենք միասին էինք նախաճաշում, մեծ օժանադակություն ցուցաբերեցին ինձ: Ես ցանկանում էի այդ փոքր գյուղից իմ փոքր երախտագիտություն հայտնել: Հենց ֆիլմը այդ մարդկանց, նախաճաշի սեղանի շուրջ ստեղծված պատմությունների մասին է»,- բացատրեց Ա. Կրակովսկին:

Ա. Կրակովսկին տեղեկացրեց նաև, որ ֆիլմի նկարահանող խմբում միայն երկու հոգի են եղել ամերիկացիներ, մնացած բոլորը Գվետամալայի բնակիչներն են եղել և նրանց համար այդ ֆիլմը եղել է դեբյուտ: Ռեժիսորի խոսքերով` դերասանների անփորձությունը լրացրել է այն խանդավառությունը, որով վերջիններս մասնակցել են նկարահանումներին:

«Արդյունքը դուք կտեսնեք այսօր. այն ջերմ ֆիլմ է, և հազվագյուտ բան է, որ ֆիլմում չկա ոչ սեքս, ոչ բռնություն: Այն իրական կյանքն է», - ամփոփելով իր խոսքը` հայտնեց Ա. Կրակովսկին:

13.07.2009, 14:05

Aysor.am

No comments:

Post a Comment