Friday, July 17, 2009

Կընդունվի՞ արդյոք «Խելոք մնա» ֆիլմը Հայաստանում
















Ֆրանսիացի ռեժիսոր Ժյուլեն Գարսիայի ֆիլմը, որը ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային ֆիլմերի» մրցույթին, Եվրոպայի տարբեր հատվածներում տարբեր ընդունելության է արժանացել: Այս մասին լրագրողներին հայտնեց ֆիլմի ռեժիսորը:

«Ես նկատել եմ, որ Եվրոպայի հյուսիսում և Եվրոպայի հարավում ֆիլմն ավելի ջերմ ընդունելության է արժանանում, քան Եվրոպայի կենտրոնում»,- բացատրեց Ժ. Գարսիան:

Ռեժիսորը ֆիլմի`տարբեր երկրներում տարբեր գնահատականների արժանանալու հանգամանքը կապեց դրանում արծարծվող թեմայի հետ:

Տեղեկացնենք, որ ֆիլմը մի երիտասարդ աղջկա` Էվի մասին է, որ լրտեսում է մի ամուսնացած տղամարդու: Սյուժեի զարգացման հետ հասկանալի է դառնում, որ այդ տղամարդը` Էվի սիրեցյալը, նաև իր հայրն է: Վերջիվերջո, Էվը կառչում է հոր հետ սիրային կապ ունենալու երազանքին, մի կապ, որ հայրն է խոստացել իրեն, կապ, որ ապագայում պետք է ուժեղ ու գեղեցիկ դարձներ իրենց:

Ժ. Գարսիան տեղեկացրեց, որ ֆիլմը նկարահանելուց առաջ ինքը մեծ թվով կանանց դատական վկայություններ է ընթերցել, այն կանանց, որոնց ենթարկել են տարբեր տեսակի բռնությունների: Նա նշեց, որ այդ կանայք իրենց հետ պատահած դեպքից 20-30 տարի անց, իրենց բռնության ենթարկած տղամարդկանց մասին քնքշությամբ ու սիրով են խոսում:

«Այս հանգամանքն ինձ ապշեցրեց, և ես փորձեցի հասկանալ, թե դա ինչո՞վ է պայմանավորված` ինչու՞ են այդ կանանց հանդեպ բռնություն կիրառել, ինչու՞ այդ կանայք, ովքեր ամուսնացել, մայրացել էին, իրենց բռնության ենթարկած տղամարդկանց մասին սիրով էին խոսում»,- մանրամասնեց Ժ. Գարսիան:

Ամփոփելով իր խոսքը` ֆրանսիացի ռեժիսորը նշեց, որ ինքը չի կարող ասել, թե Հայաստանում «Խելոք մնա» ֆիլմն ինչպիսի՞ ընդունելություն կունենա:

17.07.2009, 17:40

Aysor.am

No comments:

Post a Comment