Tuesday, July 14, 2009

«Անկախ» կինոռեժիսորը իրեն «կախյալ» է համարում















«Ես ինձ համարում եմ կախյալ կինոգործիչ, ով կախված է իր բարեկամներից ու ընկերներից, մարդկանց պատրաստակամությունից` իրենց երազներին հետամուտ լինելու, արվեստի ու կյանքի մասին երազներից: Քանի որ կինոն հավաքական արվեստ է, փաստորեն առանց ձեզ ոչինչ չեմ կարող անել», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ամերիկացի կինոռեժիսոր Ռոբ Նիլսոնը, ում կինոքննադատները «անկախ» ռեժիսոր են համարում:

Տեղեկացնենք, որ Ռոբ Նիլսոնը սկզբունքորեն աշխատում է Հոլիվուդից դուրս և հոլիվուդյան կինոյի տեսակից հեռու, ինչը շատերին է հիմք տալիս նրան «անկախ» անվանել: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ռեժիսորին հրավիրել է փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Ռ. Միլսոնը փառատոնին ներկայանում է իր երկու` «Հյուսիսային լույսեր» և «Կարիք» ֆիլմերով:

Ամերիկացի ռեժիսորը դժվար չի համարում հոլիվուդյան ընդունված չափանիշներից դուրս ստեղծագործելը, այլ հակառակը` նախընտրում է լինել «առյուծի վանդակից դուրս, քան ներսում, որտեղ առյուծը երբ ուզի, կարող է ուտել»:

«Ցանկացած պահի, երբ Հոլիվուդը պատրաստ լինի ինձ առաջարկել նկարահանել ուզածիս պես կինոնկար, ես պատրաստ կլինեմ», - հայտարարեց Ռ. Նիլսոնն ու կատակեց. «Բայց բանաստեղծները հո չե՞ն գնում թագավորի մոտ ու ասում` «Թագավորն ապրած կենա, ինչ տիպի ոտանավոր ես ուզում, որ քեզ համար գրեմ», այլ իրենք իրենց համար են գրում»:

Ռեժիսորը նաև հայտնեց, որ իր ֆիլմերում նկարահանվում են հոլիվուդյան կինոյի գործիչներ, և նշեց, որ չի ուզում տպավորություն ստեղծել, թե ինքը «փղոսկրե աշտարակի վրա է ապրում, այլ աշխատում է այնպես, որ իր ֆիլմը նկարահանելուց հետո հստակ իմանա` ում գովել և ում մեղադրել»:

14.07.2009, 13:26

Aysor.am

No comments:

Post a Comment