Վաղը լրանում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը քվերակության ներկայացնելուց առաջ լրամշակումներ կատարելու համար ԱԺ-ից ՀՀ Կառավարության պահանջած 15 օրը:
Հիշեցնենք, որ սույն օրինագիծը, որի հիմնական նպատակն է ստվերից հանել խոշոր բիզնեսը, ԱԺ էր ներկայացվել Կառավարության կողմից և քննարկման էր դրվել ԱԺ չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի մայիսի 18-21-ը քառօրյայի ժամանակ: Հարցի քննարկումները շարունակվեցին նաև հունիսի 8-11-ի քառօրյայի ընթացքում, սակայն քվեարկությունն այդպես էլ չկայացավ:
Քվեարկությունը նախ հետաձգեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ասելով, որ «քվեարկության մասին հարցը պետք է քննարկի ԱԺ խմբակցությունների ղեկավարների և Կառավարության ներկայացուցիչների հետ, որից հետո կամ հարցը կդրվի քվեարկության, կամ Կառավարությունն այն ետ կվերցնի»:
Հիշեցնենք նաև, որ հարցը ԱԺ-ում բուռն քննարկումների արժանացավ: Թե իշխանությունը, թե ընդդիմությունը ներկայացնող պատգամավորները, մասնավորապես, դեմ էին Կառավարության այն առաջարկին, որ հարկային մարմինների ներկայացուցիչը պետք է շուրջօրյա հսկողություն իրականացնի խոշոր բիզնեսով զբաղվողների գործարաններում կամ արտադրամասերում:
Պատգամավորները հանդես եկան սուր քննարդատությամբ: Որոշ կարծիքների համաձայն` շուրջօրյա հսկիչ նշանակելն իր հետ բերելու է «ավելի անվերահսկելի կոռուպցիոն ռիսկեր, իսկ ստվերում եղածներն ավելի են ամրանալու ստվերում» (Aysor` ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյան): Մի շարք պատգամավորներ էլ կասկածի տակ դրեցին հսկիչի անաչառ աշխատանքը, նույնիսկ հարցեր ուղղեցին Կառավարության ներկայացուցիչներին, թե «ինչպիսի՞ չափանիշներով են ընտրվելու հարկային մարմինների լավագույնները, և վերջիններս ինչպե՞ս կարող են չխաթարել գործարարների բնականոն աշխատանքը» (Aysor` ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան):
Այնուամենայնիվ Կառավարությունը ետ վերցրեց օրինագծերի փաթեթը` լրամշակելու և 15 օր հետո քվեարկության ներկայացնելու համար: Վաղը լրանում է նշված 15 օրը: Արտահերթ նիսկ գումարելու մասին դեռևս որևէ հայտարարություն արված չէ, սակայն շատերին է հետաքրքրում, թե Կառավարությունն ինչպիսի՞ փոփոխություններ կներկայացնի, և արդյո՞ք դրանք կարժանանան ԱԺ հավանությանը:
25.06.2009, 11:49
No comments:
Post a Comment