«Առաջին հարցը, որ ինձ տվեցին, երբ ես ոտք դրեցի հայկական հողի վրա, այն մասին էր, թե ես հայերեն խոսու՞մ եմ»,- այս մասին լրագրողներին պատմեց ֆրանսահայ ռեժիսոր Տիգրան Ավետիքյանը:
Տեղեկացնենք, որ Տ. Ավետիքյանն առաջին անգամ է Հայաստնում: Ռեժիսորը իր «Ջուրն ընկնելով» ֆիլմով մասնակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տ. Ավետիքյանը խոսեց ոչ թե իր ֆիլմից, այլ Հայաստանի հետ ունեցած իր կապից: Տեղեկացնենք, որ նա հայազգի դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանի որդին է:
Տ. Ավետիքյանի խոսքերով, Հայաստանի մասին իր ընկալումները կապված են հոր հետ: Փորձելով զուգահեռներ տանել իր և հոր միջև` նա նշեց, որ իրենց կյանքի ուղիները և´ նման են, և´ տարբեր:
«Եթե նա փորձում էր իր տեղը գտնել ֆրանսիական հասարակության մեջ և պահում էր լեզվական և ավանդական որոշակի նորմեր, այդ խնդիրը ես չեմ ունեցել, քանի որ իմ տեղն այդ հասարակության մեջ արդեն ապահովված էր: Սա փոքրիշատե արդարեցնում է այն փաստը, որ ես այսօր հայերեն չեմ խոսում»,- մանրամասնեց Տ. Ավետիքյանը:
Հայերեն չսովորելը ռեժիսորը բացատրում է նաև ֆրանսահայ համայնքի հետ քիչ շփումներով: Այնուամենայնիվ ընդգծում է, որ «թե´ մշակութային ասպեկտով, թե´ առհասարակ իմ հոգով ես շատ հայ եմ»:
Ռեժիսորի խոսքերով, իր հայկականությունն արտահայտվում է իր ֆիլմերում` հայ հերոսների ու վերջիններիս կողմից բարձրացվող հարեցրի միջոցով:
Խոսելով հոր հետ ունեցած ընդհանրությունների մասին` Տ. Ավետիքյանը նշեց նաև, որ իր համար էլ արդիական է ինտեգրման հարցը, որովհետև ինքն էլ խնդիր ունի` ինտեգրվելու կինոյի մեծ աշխարհին:
15.07.2009, 21:33
No comments:
Post a Comment