Երեկ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային վեցերորդ կինոփառատոնը: Բացման արարողությանը, որը տեղի ունեցավ Մոսկվա կինոթատրոնում, մասնակցում էին փառատոնի մասնակիցներն ու հյուրերը, ՀՀ գերատեսչությունների աշխատակիցները, հովանավորներն և կինոսեր հասարակությունը: Փառատոնը բացեց կինոարտադրող Ալան Թերզյանի և կինոռեժիսոր Լորան Տյուելի «Մերձակա շրջապատ» ֆիլմը:
Տեղեկեցնենք, որ մինչ բուն բացման արարողությունը, Երևանի Ս. Զորավոր եկեղեցում ավանդույթի համաձայն տեղի ունեցավ ծիրանի օրհնության արարողությունը: Օրհնված ծիրանը բաժանվեց փառատոնի մասնակիցներին ու հուրերին: Հյուրերը նաև հնարավորություն ունեցան փորձելու ծիրանի օղի:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Երևանը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն: Կինոսիրող հասարակությունը հնարավորություն կունենա դիտելու ոչ միայն հայկական կինոյի լավագույն աշխատանքները, այլ նաև համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորների լավագույն, ինչպես նաև վերջին ստեղծագործությունները:
Այսպես` այս տարի «Ոսկե ծիրանին» մասնակցում են 65 երկրներից ներկայացված ավելի քան 400 հայտերից ընտրված 158 լավագույն ֆիլմեր: Հայ կինոյի ողջ համայնապատկերին ծանոթանալու հնարավորություն կստեղծեն փառատոնին ներկայացված 50-ից ավելի հայկական ֆիլմերը:
Նշենք նաև, որ տարեց տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը ընդլայնում է նաև իր աշխարհագրությունը: Յուրաքանչյուր տարի փառատոնին մասնակցության հայտեր են ներկայացնում տարբեր երկրներից նորանոր ներկայացուցիչներ: Բացի այդ, յուրաքանչյուր տարի ավելանում է փառատոնի հյուրերի ու բարեկամների թիվը:
Հիշեցնենք նաև, որ փառատոնի շրջանակներում ներկայացված ֆիլմերը մինչև հուլիսի 19-ը կարող են դիտել բոլոր ցանկացողները: Ֆիլմերը ցուցադրվում են Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում, Տիկնիկային թատրոնում և Նարեկացի Արվեստի միությունում: Ֆիլմերի ցուցադրության ծրագիրը անվճար ստանալ ցանկացողները կարող են այն ձեռք բերել ֆիլմերի ցուցադրության վայրերից: Տոսմերն այս տարի ևս արժեն ընդամենը 300 դրամ:
13.07.2009, 10:26
No comments:
Post a Comment