Tuesday, July 14, 2009

Ռեժիսորները պատմեցին իրենց ֆիլմերի մասին















Այսօր լրագրողների հետ հանդիպեցին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի մասնակիցները` Նիկոլ Պեզճյանը, Ռոբերտ Սաֆարյանն ու Էդի Վիգենը: Մանակիցները պատմեցին փառատոնին ներկայացված իրենց ֆիլմերի նկարահանման մասին:

Ն. Պեզճյանը պատմեց, որ ֆիլմի ստեղծումն ի սկզբանե նախատեսված է եղել կազմակերպել այլ կերպ, բայց իրադարձությունների բերումով ստացվել է այնպես, որ ֆիլմը նկարահանվել է միանգամայն այլ սյուժեով ու այլ պայմաններում:

Տեղեկացնենք, որ Ն. Պեզճյանը ներկայացնում է Լիբանանը իր «Հայրենիք» ֆիլմով:

«Ինչպես մի քաղաք, այնպես էլ Թեհրանը լուսանկարվում է տարբեր շրջաններում, և մենք տեսնում ենք, թե ինչ կարող է ստացվել, երբ այդ լուսանկարները իրար կողք կողքի դնենք»,- հայտնեց «Թեհրանը լուսանկարներում» ֆիլմի ռեժիսոր Ռոբերտ Սաֆարյանը:

Ռ. Սաֆարյանի խոսքերով, ֆիլմը մտորումներ է թե' լուսանկարչության մասին, թե' Թեհրանի մասին:

«Փորձել ենք այնպես անել, որ ֆիլմը դիտողը տեսնի Թեհրանի տարբեր ժամանակների լուսանկարները և հաճույք ստանա»,- ընդգծեց Ռ. Սաֆարյանը:

Ֆրանսահայ ռեժիսոր Էդի Վիգենն էլ շնորհակալություն հայտնեց իր «Աթոս լեռան վանականի հանրապետություն» ֆիլմը փառատոնի մրցութային բաժնում ընդգրկելու համար: Նա նշեց, որ առաջին անգամ է ֆիլմը ցուցադրվում փառատոնի շրջանակներում:

«Որոշեցի նկարահանել այս ֆիլմը, որովհետև այն մոտ հազար տարիների պատմություն ունեցող հանրապետություն է, բայց այստեղ ոչ մի անգամ կինոխցիկ չէր ներխուժել»,- հայտնեց Է. Վիգենն ու հավելեց, որ ֆիլմի նկարահանումներն իրականացվել են մեծ դժվարությամբ:

«7 տարի է պահանջվել մեզանից, որպեսզի հնարավոր լինի ներս մտնել և շփվել մարդկանց հետ, որպեսզի հնարավոր լիներ նրանց պաշտոնապես նկարահանել»,- մանրամասնեց ռեժիսորը:

Ամփոփելով իր խոսքը` Է. Վիգենը նշեց, որ «սա շատ հետաքրքր հանրապետություն է, որն այդքան երկար ժամանակ կարողացել է պահպանել իր գոյությունը, և սա առաջին վավերագրական ֆիլմն է, որ հոգևոր բնույթ ունի»:

14.07.2009, 16:55

Aysor.am

No comments:

Post a Comment