
«Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում երկրորդ անգամ է իրականացվում «Արաբական գիշերներ» ծրագիրը: Ուրախ եմ հայտարարելու, որ ծրագիրն ավելի ընդգրկուն է», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Արաբական գիշերներ» ծրագրի համակարգող Վրեժ Քասունին:
Վ. Քասունին տեղեկացրեց, որ «Արաբական գիշերներ» ծրագրի բացումը կատարվելու է լիբանանյան ֆիլմով:
«Այս տարի շեշտադրումը կլինի լիբանյան ֆիլմերի վրա. գլխավոր ծրագրում կա 3 լիբանանյան ֆիլմ»,- մանրամասնեց Վ. Քասունին:
Ծրագրի համակարգողի տեղեկացմամբ ` «Ոսկե ծիրանի» շրջանակներում իրականացվելու է լիբանանյան ֆիլմերի հետհայաց ցուցադրություն, որը կընդգրկի 1960-ական թվականների կինոարտադրությունից մինչ մեր օրերը: Ծրագիրը կցուցադրվի Հ. Իգիթյանի անվան փոքր դահլիճում:
Բացի այդ, ըստ Վ. Քասունու, մեկ ծրագրով ներկայացվելու են լիբանանյան 8 կարճամետրաժ ֆիլմեր: «Արաբական գիշերներ» ծրագրի շրջանակներում ցուցադրվելու են նաև էմիրատյան կարճամետրաժ ֆիլմեր:
«Արաբական գիշերներ» ծրագրի նախորդ տարվա հաջողությունները Վ. Քասունին բացատրեց «ոչ թե էկզոտիկությամբ, այլ մեծ հետաքրքրությամբ, քանի որ արաբական ֆիլմեր Հայաստանի կինոդիտողին դժվարությամբ են հասնում»:
30.06.2009, 15:05
No comments:
Post a Comment