Thursday, July 16, 2009

«Յան» վերջածանցը պահպանելը` ամերիկահայ ռեժիսորի համար մեծ քայլ




«Շատ հաճելի է ինձ համար այցելել այս փառատոնին և առաջին անգամ Հայաստան գալ: Մի կողմ դնելով հայկական ինքնության հետ կապված հարցերը` պետք է ասեմ, որ այս փառատոնն ինձ իսկապես դուր է գալիս հենց իր գեղագիտական արժեքներով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ամերիկահայ գրող, դերասան Էրիկ Պողոսյանը:





Տեղեկացնենք, որ Է. Պողոսյանը ամենից շատ ճանաչված է իր «Ռոդիոզրույցներ» պիեսով, դրա գլխավոր դերակատարմամբ և էկրանավորմամբ: Նա մի շարք պիեսների ու նովելների հեղինակ է: Բացի այդ նկարահանվել է աշխարհահռչակ ֆիլմերում ու հեռուստասերիալներում, այդ թվում` Ատոմ Էգոյանի «Արարատ», ինչպես նաև` «Պաշարման մեջ» և «Հրաշքների երկիր» ֆիլմերում:

Է. Պողոսյանը խոստովանեց, որ իր համար «իսկապես մեծ պատիվ է ներկա գտնվել այս փառատոնում, որը ներկայացնում է համաշխարհային կինոն` բարձր մակարդակով»:

է. Պողոսյանը պատմեց նաև, թե ինչպիսի մեծ քայլ է եղել իր կողմից հայկական ազգանունի «յան» վերջածանցը պահպանելն Ամերիկայում:

«1985 թ-ին Հոլիվուդում Վիլիամ Մորիսի գործակալը ինձ հրավիրեց մի բան ըմպելու և ասաց, որ ինձ սպասում է շատ պայծառ կարիերա Հոլիվուդում, պարզապես պետք է մազերս ու քիթս կարգի բերեմ և ազգանունիս վերջածանցը փոխեմ»,- պատմեց Է. Պողոսյանն ու բացատրեց, որ այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ի ֆիլմերի տիտրերում ազգային փոքրամասնությունների ազգանունների առկայությունը համարվում էր թերություն:

«Փոխարենը ես հետևեցի տատիս խորհրդին. անունս պահեցի, ինքությունս պահեցի, անգամ առաջ մղեցի և ավելի ցցուն դարձրեցի: Դա` արմատներս պահպանելը, միաժամանակ պահպանելով բոլոր այն ոլորտների հետ ունեցած իմ կապերը, որտեղ ես աշխատում եմ, ինձ` որպես արվեստագետի, մեծ ուժ է տվել»,- մանրամասնեց Է. Պողոսյանը:

Է. Պողոսյանի խոսքերով, արմատների հետ ունեցած կապի պահպանումը կշարունակի իր աշխատանքն ավելի հետաքրքրական պահել, քանի որ ինքը միաժամանակ և´ հետադարձ հայացք է գցում արմատներին, և´ նայում է դեպի ապագա:

16.07.2009, 19:38

Aysor.am

No comments:

Post a Comment