Thursday, July 2, 2009

Հետաձգվել է «Ալմաստ» օպերայի պրեմիերան

Հունիսի 27-ին և 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում պետք է կայանար «Ալմաստ» օպերայի նոր բեմադրության պրեմիերան: Սակայն, ինչպես Aysor-ին հայտնեցին թատրոնի ադմինիստրացիայից, պրեմիերան հետաձգվել է:

«Ուղղակի հիմա հարմար ենք գտել, որ չպետք է լինի պրեմիերան, հետո է պետք տալ, մի թեթև էլ տեխնիկական խնդիրներ ունենք, դրա համար», - որպես բացատրություն հայտնեց թատրոնի ադմինիստրացիայի ղեկավար Ժիրայր Տիգրանյանը:

Նշենք որ «Ալմաստ» օպերայի բեմադրության իրականացման պատվիրատուն ՀՀ մշակույթի նախարարությունն է:

ՀՀ մշակույթի նախարարությունից Aysor-ին հայտնեցին, որ թատրոնի գեղարվեստական խորհուրդը «որոշում է կայացրել` աշնանային նոր թատերաշրջանը բացել «Ալմաստ» օպերայի պրեմիերայով», այդ պատճառով էլ հետաձգել է պրեմիերայի օրը:

«Հատկապես, որ Օպերային թատրոնում առաջին բեմադրությունը, որ իրականցվել է, «Ալմաստ» օպերան է եղել, գեղարվեստական խորհուրդն այդպիսի որոշում է կայացրել», - մանրամասնեց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի պետ Գայանե Դուրգարյանը:

Տեղեկացնենք նաև, որ «Ալմաստ» օպերայի նոր բեմադրության ռեժիսորը Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր Գեորգի Իսահակյանն է, բեմադրող դիրիժորը` Հայաստանի ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը, բեմադրության և զգեստների նկարիչը Ռուսաստանից Վյաչեսլավ Օկունևը, իսկ պարերը բեմադրել է Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը:

26.06.2009, 14:58

Aysor.am

No comments:

Post a Comment