
Երեկ և այսօր մամուլի ակումբների հյուրերն էին ընդդիմության ներկայացուցիչները, որոնց քննարկման թեման, բնականաբար, համաներման հարցն է` դրա մասին սեփական գնահատականներով:
Այսօր մամուլի ակումբներից մեկի հյուրը ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանն էր, ով ասուլիսին ներկա լրագրողներին նախ խոստացավ «ավելի լավ ասուլիս վարել, քան մյուսները», ապա համաներումն անվանեց «թեթև կապիկություն, քանի որ համաներումը 5-6 տոկոսանոց էր»:
Նշելով, որ համաներման մասին երկար ժամանակ խոսվում էր մարտի 1-2-ի իրադարձությունների ֆոնում` Ա. Մանուկյանը հայտնեց, որ «համաներումը 2000 հոգու վրա կիրառելով` տարածվում է մարտի 1-2-ի դեպքերի հետևանքով ձերբակալված 100-120 հոգու վրա»:
Ա. Մանուկյանը համաներումը վերագրում է միայն մարտի 1-2-ի իրադարձությունների հետևանքով ձերբակալվածներին, քանի որ այն կիրառվեց «ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստից մեկ շաբաթ առաջ, այլ ոչ թե` որևէ տոնական օր»:
Կալանավայրերից դուրս եկածների թիվը` 500-ն է, ըստ Ա. Մանուկյանի հաղորդած տվյալների, իսկ մարտի 1-2-ի դեպքերի գծով ձերբակալված ազատվածների թիվը` 20-30-ն է, որն ընդհանուր ազատվածների 5-6 տոկոսն է:
«Սա իշխանության համար մի գործիք էր` իր խնդիրները լուծելու և ձեռի հետ մարտի 1-ի վերաբերյալ համաներում իրականացնելու»,- կարծում է Ա. Մանուկյանը և հավելում, որ «համաներում չի եղել, քանի որ 20 հոգի մնացել են բանտերում և համարվում են նույն պատանդը»:
«Որպես քաղաքական ակտ համաներումը քաղաքական խնդիր չի լուծել` այն չի լուծել ոչ հասարակության մեջ եղած խնդիրը, ոչ ԵԽ պահանջների մեջ եղած խնդիրը, չի լուծել իրավաբանական և սոցիալական խնդիր», - ասաց Ա. Մանուկյանն ու ավելացրեց, որ «համաներում կիրառելով հասարակության մեջ եղած լարվածությունը չի թուլացել, ավելին` կալանավայրերից դուրս եկածներն ասում են, որ պայքարելու են բերդերում գտնվող իրենց ընկերների ազատության համար, ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնելու համար»:
Ա. Մանուկյանն անդրադարձավ նաև ՀՀ ԱԺ գործունեությանը` այն անվանելով «գործիք, անողնաշար, սպունգ, որը վերցնում է այնքան ջուր, որքան տալիս են»:
«Դա իր` ԱԺ փաստաթուղթն էր և ինքը պարտավոր էր բարելավել փաստաթուղթը` առավել ևս, եթե այն քաղաքական էր և տանելու էր հանդուժողականության և մարդասիրության մթնոլորտին», - ասաց Ա. Մանուկյանը:
Բացի այդ, Ա. Մանուկյանի խոսքերով, համաներում կիրառվում է այնպիսի հոդվածներով, որոնցով «Հայաստանում բռնադատվածներ չկան, և ներվում են այնպիսի հոդվածներով, որոնցով չպետք է ներվեին»:
Նա կարդաց նմանօրինակ` «զավեշտալի» հոդվածները և հայտնեց, որ «համաներումը կիրառել են` սկսելով ոչ թե հոդվածներից հասնելով մարդկանց, այլ սկսել են մարդկանից` հասնելով հոդվածներին»: Բացատրելով իր տեսակետը` ՀԱԿ ներկայացուցիչն ասաց` «Իշխանությունները նախ որոշել են, թե ում կարելի է ազատել, ում` ոչ, ապա որոշել են, թե ինչ հոդվածներով կիրառեն համաներումը»:
23.06.2009, 15:30
No comments:
Post a Comment