
Մետրո մտնելիս գույնզգույն վահանակները մեզ հուշում են, ո´չ, հորդորում, նույնիսկ պահանջում են, թե ինչպիսի´ ոգելից խմիչք նախընտրենք, ո´ր բջջային օպերատորի ծառայություններից օգտվենք, ո´ր ինտերնետ կապի միջով կապվենք արտերկրում գտնվողների հետ ու, որ ամենակարևորն է, երբեք չմոռանանք պահանջել ՀԴՄ կտրոնը: Սակայն մետրոյում չկա գոնե մի ստվարաթղթե վահանակ, որը հուշի, թե ինչպե´ս կանգնել շարժասանդուղքի վրա, որպեսզի չգլորվենք և չգլորենք ուրիշներին:
Մետրոյի կայարանները վերջին մի քանի ամիսների ընթացքում վերանորոգվեցին, սպառողներին ներկայացան ավելի մաքուր ու հարմարավետ պայմաններով: Դրա հետ մեկտեղ հանվեցին շարժասանդուղքից օգտվելու և անհրաժեշտ կանոնոներին հետևելու մասին զգուշացնող վահանակները, երևի որպես ավելորդ մի բան:
Ամեն դեպքում` ինչու՞ հանվեցին շարժասանդուղքից օգտվելու կանոնների մասին զգուշացնող վահանակները: Այս հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրեն Լենորդ Զաքարյանը Aysor-ին հայտնեց. «Դա արվել է օրենքին համապատասխանեցնելու նպատակով»: Հետաքրքիր է: Իսկ ո՞ր օրենքին համապատասխանեցնելու:
«Քանի որ դա ոչ մի ստանդարտով չի անցնում և համապատասխան փաստաթուղթը պետք է ռեգիստրացիա անցներ, բայց չկա, մենք որոշեցինք, որ ավելի լավ կլինի, որ չլինի»,- մանրամասնեց Լ. Զաքարյանը:
Անշուշտ ցանկացած տեխնիկայի միջոցից օգտվելու համար համապատասխան մասնագետների կողմից ստեղծված են անվտանգության կանոններ և դրանք ապահովող հրահանգներ, որոնց մասին սպառողին տեղեկացնելն անհրաժեշտ է, նույնիսկ պարտադիր սպառողների իրավունքների մասին օրենքով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանը, որով սահմանվում են նաև շարժասանդուղքից օգտվելու կանոնները, ինչպես նշեց Լ. Զաքարյանը, «փակցված է վագոններում»:
Սակայն ուղևորը մինչ վագոնն մտնելը դեռ պետք է շարժասանդուղքից օգտվի, բացի այդ մետրոյից օգտվում են ոչ միայն հայերեն իմացող, խիստ աչալուրջ մարդիկ, ովքեր վագոն մտնելուց հետո անպայման կգտենեն հրամանագիրն ու այն լավ կսերտեն:
Կայարաններից մեկի հսկիչը հայտնեց, որ իրենք օրեկան «հազարավոր անգամներ» ստիպված են լինում ուղևորներին զգուշացնել կանոններին հետևելու մասին: Կանոների չիմացությունն ու դրանք չպահպանելը, ըստ հսկիչի, բազմաթիվ պատահարների պատճառ են դառնում:
Վերջերս, օրինակ, ծանոթներիցս մեկը պատմեց, թե ինչպես գյուղից Երևան էքսկուրսիայի եկած դպրոցական խմբի երեխաներից մեկը վնասվել էր շարժասանդուղքից ոչ ճիշտ օգտվելու հետևանքով:
Հսկիչը նշեց նաև, որ հիմա ավելի է դժվարեցրել իրենց «գործը», իսկ կանոնների մասին զգուշացնող վահանակները պահպանելու մասին նույնիսկ իրենք են առաջարկություն արել:
Արդեն անցյալում գտնվող զգուշացնող ցուցանակների վերաբերյալ ընկերության տնօրենն ասաց, որ «դա եղել է պատահական ինչ-որ մեկի ինիցիատիվան, իսկ քաղաքացիական օրենսգիրքն արգելում է ինչ-որ մեկի պատահական ֆանտազիաները կպցնել այստեղ-այնտեղ»:
«Մի բանը, որ օրենքով սահմանված չէ, մենք չենք որոշում, թե ինչպես պետք է լինի, կամ հսկիչի ասելով չի, հսկիչն այն մակարդակը չունի, որ օրենսդրական նորմատիվերից գլուխ հանի»,- բացատրեց Լ. Զաքարյանը:
Փաստորեն բավական երկար տարիներ չե՞նք հասկացել, որ չի կարելի ենթարկվել ինչ-որ պատահական մեկի ստեղծած ինիցիատիվային:
Ինչևէ` զուգաշացնող վահանակների տեղերում փակցված գովազդային վահանակները, բացի ուղևորներին զբաղեցնելուց, օգտակար ու անվտանգ ցուցումներ տալուց, ունեն ևս մի կարևոր «առաքելություն»` դրանք կազմում են «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի համախառն եկամուտի բաղկացուցիչ տարրը:
Հարց է առաջանում, արժեր արդյո՞ք հազարավոր մարդկանց անվտանգությունն ապահովող մի քանի վահանակները փոխարինել գումար բերող վահանակներով, երբ, ըստ էության պաշտպանված է նա, ով տեղեկացված է:
Հարկ եմ համարում տեղեկացնել, որ այս հոդվածը Aysor-ի էջերում տպագրվել է «Զգուշացեք, զգուշացնող վահանակները հանված են» վերնագրով` որոշակի խմբագրությամբ:
ReplyDeleteԻմ blog-ի ընթերցողներին ներկայացնում եմ այս տարբերակը, քանի որ այն ավելի շատ է արտահայտում ասելիքս, գրելաոճս ...
Ակնկալում եմ Ձեր մեկնաբանություններն ու քննարկումները, ինչպես նաև քննադատությունները:
Սիրով և հարգանքներով` Լիլիթ
Շատ լավ նյութ է, իրոք դա լուրջ խնդիր է:
ReplyDeleteԿարծում եմ այս նյութը գոնե կօգնի խնդրի լուծմանը:
Ապրես Լիլիթ!
Պարզից էլ պարզ է ՝ նախորդ հոլովակները չէին վճարվում, իսկ նորերը վճարվում են: :)
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteՉեմ կարծում, որ վճարովի վահանակները կնեղանային, եթե նրանց կողքին զուշացնողներն էլ տեղավորվեին: Չէ՞ որ, եթե վահանակների բացակայության պատճառով որևէ միջադեպ պատահի, ըստ էության, պատասխանատվության պետք է ենթարկվի հենց «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ընկերությունը:
ReplyDeleteՈւղղակի մենք միշտ մոռանում ենք, որ ժլատը կրկնակի է վճարում: