
«Պետք է վերջ տրվի թուրքի ձեռքով սպանվելու, ինչպես նաև` Աբովյանի մահվան մասին հազարավոր այլ վարկածներին: Իրականում, գոնե ժողովուրդը պետք է իմանա, թե ինչ եղավ իր հանճարեղ զավակի հետ»,- հայտարարեց Խ. Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը:
Հ. Զատիկյանը մի շարք փաստեր ներկայացրեց լրագրողներին, որոնց համաձայն` Խ. Աբովյանն աքսորվել է և մահացել է 1853 թ-ին:
«Անհայտ բացակայողների ունեցվածքի տնօրինությունը ցարի հրամանով տրվում էր առանձին հանձնաժողովի և նրա մահից հետո միայն ունեցվածքի տնօրինությունը հանձնվում էր ընտանիքի անդամներին: 1853 թ-ին է Աբովյանի կինը ստանում նրա ունեցվածքի տնօրինության իրավունքը: Կարելի՞ է ենթադրել, որ Աբովյանը հենց այդ ժամանակ է մահացել, ինչու չէ՞»,- բացատրեց Հ. Զատիկայանը:
Տուն-թանգարանի տնօրենը ներկայացրեց նաև այլ փաստեր, որոնք վկայում են Աբովյանի` աքսորավայրում գտնվելու մասին: Բացի այդ` Հ. Զատիկյանը հայտնեց, որ «աղավաղված է նաև Խ. Աբովյանի ծննդյան թվականի մասին փաստը»:
«Երբ 2005 թ-ին սկսվեց թանգարանի շինարարությունը, ես լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին ներկայացրի մեր տպագրած գիրքը` «Աբովյան 200» հոդվածների ժողովածուն, որն ապացուցում է, որ Աբովյանը ծնվել է 1805 թ-ին»,- հայտնեց Հ. Զատիկյանը:
Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այդ ժամանակ ասել է, թե այժմ, երբ շինարարությունն արդեն սկսված է, անհրաժեշտ չէ ճշտգրտման մասին հոգալ, ավելի լավ կլինի, որ հայ մեծանուն մանկավարժի ծնունդը նշվի 2009 թ-ին: Իսկ Խ. Աբովյանի ծննդյան թվականի մասին փաստող գրությունները, ըստ թանգարանի տնօրենի, շատ են: Դրանցից ամենանշանավորը Խ. Աբովյանի նամակն է իր ընկերոջը և Դորպատում ուսումնառությունը շարունակելու մասին նրա գրությունը, որոնցում ասվում է, որ ինքը ծնվել է 1805 թ-ին:
Թանգարանի տնօրենին վրդովեցնում է նաև այն, որ Աբովյանին ներկայացնում են` որպես ռուսասեր:
«Պետք է դուրս գալ «օրհնվի են սըհաթի» մտածողությունից, պետք է մեր երիտասարդությունը, մեր ժողովուրդը ճանաչի իր հանճարեղ զավակին, մի մարդու, ում ողջ կենսագրությունը հայրենասիրությունն է, ազգային մտածողության արթնացում, պետք է Աբովյանին ներկայացնել ոչ միայն պատմաբան, ոչ միայն մանկավարժ, ոչ միայն աշխարհագրագետ, այլև հայրենասեր ու հայրենիքի նվիրյալ»,- համոզված է Հ. Զատիկյանը:
Աբովյանի հայրենասեր լինելն է, որ, ըստ Հ. Զատիկյանի, նրան դարձրել է անհաճո մարդ ցարական իշխանության համար, հանդիսացել աքսորի պատճառ: Այս տեսակետն ապացուցող փստարկներ ևս թանգարանի տնօրենն ունի:
Թյուրիմացությունները ճշտելու համար տուն-թանգարանը երեք տարի շարունակ կազմակերպել է «Աբովյանը և նրա ժամանակը» անվճար դասընթացներ Երևանի 6 համայնքների դպրոցների 4-10-րդ դասարանցիների համար: Հ. Զատիկյանը նաև առաջարկում է փոխել դպրոցական դասագրքերում Աբովյանի մասին տեղեկությունը և «ուսուցանել բացառապես ճիշտը»:
02.07.2009, 19:04
No comments:
Post a Comment