Monday, July 13, 2009

Շուտով կներկայացվեն ՀՅԴ քաղաքական պլատֆորմի մոտեցումները
















ՀՅԴ քաղաքական պլատֆորմը կազմող հարցերն ու մոտեցումները քննարկումների են ենթարկվել, որոնք շուտով կներկայացվեն հասարակությանը: Այս և հուլիսի 10-11-ին ԼՂՀ իշխանությունների հետ համատեղ Ստեփանակերտում անցկացվելիք համահայկական բաց համաժողովի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանկ մանրամասներ ներկայացրեց ՀՅԴ անդամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

Հ. Կարապետյանը իր զարմանքը հայտնեց այն մասին, որ «շատ թերթեր, շատ լրատվամիջոցներ խեղաթյուրված են ներկայացնում ամեն ինչ վերջերս, երբ ՀՅԴ-ն դարձավ ընդդիմություն, ու իրենց դեմ քարոզչությունը սաստկացավ»: Միևնույն ժամանակ նա նման երևույթները բնական համարեց, քանի որ «ոմանց դուր չի գալիս, որ իրենք կարող են ընդդիմադիր դաշտում գործել և դաշտից ընտրազանգվածը տեղափոխել իրենց մոտ»:

«Ես սա հասկանում եմ և հասկանում եմ այդ քաղաքական ուժերի և գործիչների անհանգստությունը», - հայտնեց Հ. Կարապետյանն ու ընդգծեց. «Սակայն, մենք գաղափարական ընդդիմություն ենք, մենք ռևանշիստական ընդդիմություն չենք. մենք մեր առջև չենք դրել ամեն գնով իշխանության հասնելու նպատակը, մենք մեր առջև դրել ենք մեր քաղաքական սկզբունքները պետական մակարդակի հասցնելու նպատակը, այսինքն, որպեսզի պետական ազգային քաղաքականությունը բխի մեր պատկերացրած քաղաքական սկզբունքներից և գաղափարներից»:

Հ. Կարապետյանը մանրամասնեց, որ դա վերաբերում է և հայ-թուրքական հարաբերություններին, Արցախին, Ջավախքին, երկրի սոցիալական, տնտեսական և այլ խնդիրներին: Նա նշեց, որ այդ հարցերի վերաբերյալ իրենց տեսակետները կշարադրեն առաջիկա երեք տարիների համար:

«Իհարկե, պահելով ազգային զգայուն քաղաքականության մակարդակը, մենք առավել ակտիվ պետք է աշխատենք նաև մյուս ոլորտներում, որոնք ետ են մնացել ազգային խնդիրներից և, կարծում եմ, որ ժամանակն է, որ այս ոլորտներում ևս մեր տեսակետները պետք է հասանելի դարձնենք մեր ժողովրդին և ազդենք պետական քաղաքականության վրա»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Հ. Կարապետյանը:

04.07.2009, 15:03

Aysor.am

No comments:

Post a Comment