Thursday, July 2, 2009

Ներկայացվեցին Ռուսաստանի հայերի հիմնական խնդիրները

«Հյուսիսային Կովկասի կամ Ռուսաստանի հարավի հայկական համայնքները բավական անկազմակերպ են: Դրանք ունեն որոշակի խնդիրներ` կապված միգրացիայի, տեղի ղեկավարության, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման հետ», - հայտնեց Կրասնոդար երկրամասի «Երկրամաս» թերթի խմբագիր, «Համշեն» կենտրոնի տնօրեն Տիգրան Թավադյանը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հյուսիսային կովկասի հայության հիմնախնդիրներից և առօրյայից:

Տ. Թավադյանը հայտնեց, որ Հյուսիսային Կովկասի հայկական համայնքը պահպանելու և միավորելու համար համայնքում տպագրվում են թերթեր, գործում են պարի դպրոցներ և կիրակնօրյա դպրոցներ, որտեղ երեխաները հնարավորություն են ստանում սովորել հայերեն, ինչպես նաև կազմակերպվում են մի շարք մշակութային միջոցառումներ:

Հայկական համայնքը միավորելու նպատակով կատարված աշխատանքում, ըստ Տ. Թավադյանի, կա նաև Հայաստանի ներդրումը, բայց այն սպասվածից «քիչ է»: Նա տեղեկացրեց, որ Հայաստանը ևս հանդիսանում է Հյուսիսային Կովկասում տեղի ունեցող մի շարք միջոցառումների կազմակերպիչ, սակայն Հայաստանից ժամանած «երգիչները չեն ներկայացնում հայկական մշակույթը, ինչը ապադաստիարակող է դառնում»:

«Մեր երիտասարդները լսելով թուրքական երաժշտություն հայերեն բառերով, կարծում են, որ դա է հայկական մշակույթը և հաճախ չեն ընդունում մեր կազմակերպած ժողովրդական համերգները: Ռուսական համայնքը ՀՀ կրթության նախարարությունից յուրաքանչյուր տարի դասագրքեր է ստանում, բայց մինչ կարողանում է լուծել մաքսազերծման հարցերը` ամիսներ են պահանջվում», - մանրամասնեց թերթի խմբագիրը:

Տ. Թավադյանի խոսքերով` Հայաստանը հնարավորություններ ունի ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարության միջոցով լուծում տալ այդ խնդիրներին, վերահսկողություն սահմանել, սակայն դեռևս ոչինչ արված չէ:

«Երկրամաս» թերթի խմբագիրը ցանկություն հայտնեց, որ Հայաստանից Ռուսաստանի հայկական համայնքներ գործուղվեն հայաստանցի լրագրողներ` ավելի հստակ պատկերացնելու տեղի խնդիրները և դրանց շուրջ որոշակի լուծումներ մշակելու համար: Տ. Թավադյանը նշեց, որ շատ հաճախ նույնիսկ պետական պաշտոնյաներն, իրենց այցերից առաջ, «պատկերացում չունեն տեղի խնդիրներից»:

25.06.2009, 16:02

Aysor.am

No comments:

Post a Comment