Wednesday, July 15, 2009

«Ափիոնի պատերազմ» ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա

«Աֆղանստանում դժվար է կինո նկարահանելը, հատկապես այնպիսի կինո, որն ուղղակի կապ ունի քաղաքական իրավիճակի հետ: Բայց, իմ կարծիքով, հենց այդ դժվարություններն ավելի շատ հնարավորություն են տալիս համարձակ առաջ ընթանալ և ասել այն, ինչ մենք ուզում ենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց աֆղանացի կինոռեժիսոր Սիդդիք Բարմակը:

Տեղեկացնենք, որ Ս. Բարմակը «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայանում է «Ափիոնի պատերազմ» ֆիլմով, որը կարող եք դիտել այսօր 21:00-ին Մոսկվա կինոթատրոնում:

Հեղինակի խոսքերով ֆիլմն իրական պատմությունների վրա է հիմնված: Ռեժիսորը պարզապես կապել է աֆղանացի մի ընտանիքի պատմությունը երկու ամերիկացիների արկածների հետ, որ տեղի են ունեցել Աֆղանստանում:

Նշենք, որ ֆիլմի սյուժեի համաձայն` Աֆղանստանում, թալիբների վարչակարգի տապալման պես, հեռավոր լեռնային վայրում երկու ամերիկացի զինվորականներ, մեկը` սպիտակամորթ սպա, իսկ մյուսը` սևամորթ շարքային, իրենց ուղղաթիռի աղետից հետո մոլորվել են: Զինվորը սպասում է հարմար առիթի, որպեսզի ճողոպրի, մինչդեռ վիրավոր սպան ատրճանակով պարտադրում է տանել իրեն: Նրանք անհաշտ են, բայց մեկմեկու կարիքն ունեն` թշնամական հողում ողջ մնալու համար: Կակաչի դաշտով անցնելիս երկուսն էլ ամոքում են վերքերի ցավը, հոգնությունն ու վախը պատերազմից` խմելով կակաչի պատիճների պարունակությունը: Շատ չանցած` կակաչի դաշտի մեջտեղում նրանք նկատում են թալիբների խորհրդանիշ սպիտակ դրոշով զրահամեքենաներ: Առանց կարգին զինված լինելու` հարձակվում են զրահամեքենաների վրա, բայց հանդիպում են ընդամենը դրանցում ապրող մի աֆղանական ընտանիքի:

«Իմ ֆիլմը, որ հիմնված է իրական պատմությունների վրա, հնարավորություն է տալիս իմ ժողովրդին խորությամբ ճանաչելու իրեն և խորությամբ զգալու ապագան», - ամփոփելով իր խոսքը հայտնեց Ս. Բարմակը:

15.07.2009, 14:25

Aysor.am

No comments:

Post a Comment