
«Համաներման ակտի մեջ որոշակիորեն նշված է, որ համաներումը հետախուզման մեջ գտնվողների նկատմամաբ կտարածվի միայն այն դեպքում, երբ վերջիններս կներկայանան մինչև 2009 թ-ի հուլիսի 31-ը: Մեր կարծիքով, այս դրույթը հարկադրանքի որոշակի տարր է պարունակում` այսպես, թե այնպես գալ ներկայանալ», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը:
Խ. Սուքիասյանի մյուս փաստաբան Արա Զաքարյանը նշեց, որ «անկախ այն հանգամանքից, թե վարույթն իրականացնող մարմինները կփոխե՞ն Խ. Սուքիասյանի նկատմամբ արդեն իսկ որպես կալանք ընտրված խափանման միջոցը, թե ոչ, ցանկության դեպքում Սուքիասյանը կներկայանա»:
Նա տեղեկացրեց, որ այս առիթով իրենք մի քանի օր առաջ միջնորդություն են ներկայացրել` խնդրելով Խ. Սուքիասյանի նկատմամբ կալանքը փոխարինել մեկ այլ խափանման միջոցով` բերելով մի շարք փաստարկներ, այդ թվում նաև այն, որ «վերջինս դեռևս օգտվում է պատգամավորական անձեռնմխելության իրավունքից»:
Լրացնելով գործընկերոջը` Ա. Գրիգորյանն ասաց, որ միջնորդություն ներկայացնելիս իրենք նաև հիմնվել են այն փաստի վրա, որ «նույն հոդվածով մեղադրվող մի շարք պատգամավորների նկատմամբ դատարանները նշանակեցին այնպիսի պատիժ, որը հնարավորություն տվեց նրանց ամբողջությամբ ազատել կալանքից` համաներման կիրառմամբ»:
«Մի բան ակնհայտ է` Սուքիասյանին ոչ ոք երաշխիք չի տվել, որ ներկայանալու պարագայում նրա գործը կկարճվի, այլ ընդամենը համաներման կիրառման և չկիրառման մասին է խոսքը, և եկեք չբացառենք, որ Սուքիասյանի նկատմամբ կարող է նշանակվել 8 տարի ազատազրկման չափով պատիժ, այն հաշվով, որ նա չընկնի համաներման ազդեցության տակ»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Փաստաբանները նշեցին, որ միջնորդության վերաբերյալ իրենք դեռևս պատասխան չեն ստացել:
07.07.2009, 15:40
No comments:
Post a Comment